

Հ. Հ., Ազգ
Անօրինական շինարարությունը դեռեւս չի ապամոնտաժվել
Մարտունու շրջանի Արգիճի գետի Գայլաձոր վտակի վերին հոսանքում կառուցված եւ բնապահպանության նախարարությունից անօրինական ճանաչված շինությունն արդեն 80 տոկոսով պատրաստ է: Խրամուղու երկանքով փռված են նաեւ ջրի հոսքի փոփոխման համար նախատեսված խողովակները: Մինչ շահագործումը դրանք ընդամենը պետք է եռակցել: «Նախարարությունը կառույցն ապօրինի է ճանաչել: Այդ որոշումից անցել է մեկուկես ամիս: Ինչո՞ւ շինությունը չեն ապամոնտաժում», բարձրաձայնում է «Sos Արգիճ» նախաձեռնության անդամ Պայծառ Աղաբաբյանը ` հավելելով, որ գուցե այդ մարմինները ուժ չունեն նման քայլի դիմելու համար:
Բնակիչները հսկում են տարածքը, որպեսզի այնտեղ շինարարական աշխատանքները գաղտնի չշարունակվեն: Սակայն առջեւում ձմեռ է, իսկ տարածքն անգամ ամռանն է չափազանց վտանգավոր եւ դժվար անցանելի: Բնակիչների խոսքերով` շինարարությունը եզրափակիչ փուլում է եւ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է մի քանի օր: Գավառի «Օրհուս» կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Ասոյանի փոխանցմամբ` թեպետ Գայլաձորի հունը չի փոխվել, սակայն գետի ջրերը նվազել են: «Գետը սնուցող մի քանի տասնյակ բնական աղբյուրներն այժմ լցվում են շինարարական աշխատանքների ժամանակ փորված խրամուղ եւ զուր վատնվում»: Վարդան Գալստյանն էլ նշեց, որ հունի փոփոխման համար փորած խրամուղը սողանքային վիճակ է ստեղծել: «Տարածքում սկիզբ է դրվել սողանքային երեւույթներին, խախտվել է տարածքի լանդշաֆտը»:
Ասոյանի մատուցմամբ, եթե հէկը գործարկվի, ապա գետի հունը կփոխվի: «Գայլաձորն այնքան ջուր չունի, որ դեպի Սեւան հոսելով կարողանա հէկին էլ բավարար էլէկտրաէներգիա ապահովել: Ջրի հոսքը թեքում են Վայոց ձոր, որովհետեւ այնտեղ հոսքի ուղին թեք է` 80 աստիճան, եւ այդ պարագայում քիչ ջրով էլ հէկը արդյունավետ կգործի»:
Սեպտեմբեր 18, 2010
