ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԵՐԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ` ԱՆՏԵՍԵԼՈՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԵՐԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ` ԱՆՏԵՍԵԼՈՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ

Արթուր Հովհաննիսյանը, «Հայացք» շաբաթաթերթ

Նկատի ունենալով Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումները` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ինչպես արդեն հայտնի է, հարուցվել են քրեական գործեր:

Հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ: Ուշագրավ է, որ պետական միջոցների հափշտակություն են կատարել այն բոլոր ընկերությունները` «Ուայդ Գեյթ», «Տրի Գրեն», «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊԸ–ները, որոնց պատվիրվել են ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու և այդ ուղղությամբ այլ աշխատանքները: Ընդ որում, այդ բոլոր աշխատանքների կատարման համար հայտերը ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

Նախապատրաստված նյութերի քննարկմամբ պարզվել է, որ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Հարությունյանը նշված ընկերության և «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ–ի միջև 2006–2008 թթ. ընթացքում կնքված երեք պայմանագրերով ստացել է ընդհանուր առմամբ 151400000 դրամ, իսկ 2007 թ. դեկտեմբերի 3–ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և «Ուայդ Գեյթ» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագրով` 11409200 դրամ: Ընդհանուր առմամբ 162 մլն 809200 դրամն ստանալով` Գ.    Հարությունյանն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, խախտելով հիշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերում նշված պահանջները և 2007 թ. մարտի 29–ի թիվ ԱՇՁԲ–07/358 պայմանագրի 5.2 կետի պահանջը, ամբողջությամբ չի կատարել պայմանագրերով նախատեսված աշխատանքները:

Պարզվել է, որ վերոնշյալ ՍՊԸ–ի տնօրենը կատարողական ակտերում կատարել է հավելագրումներ և պետբյուջեից հատկացված միջոցներից յուրացման եղանակով երեք տարի շարունակ (2006–2008 թթ. ընթացքում) հափշտակել մի քանի տասնյակ միլիոն դրամ, այսինքն` առանձնապես խոշոր չափերի գումար:

Իր հերթին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի գլխավոր անտառապետ Սուրեն Աղաջանյանը, լինելով նաև համապատասխան հանձնաժողովի անդամ, չնայած այն հանգամանքին, որ «Ուայդ Գեյթ» ընկերության կատարած աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրերին,«խմբային շահերից ելնելով» չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Չնայած «Ուայդ Գեյթ» ՍՊԸ–ն չի մաքրել ջրածածկ անտառտնկարկների շուրջ 35 հեկտար տարածքներ, և տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել 795,7 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման և տեղափոխման աշխատանքներ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի գլխավոր անտառապետն առանց առարկայական և փաստաթղթային համադրություններ կատարելու, հաստատել է պայմանագրերով ամրագրված աշխատանքների կատարման վերաբերյալ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ–ի տնօրենի կազմած կեղծ կատարողական ակտերը:

Հաստատված կեղծ կատարողական ակտերի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Արտաշես Զիրոյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ հսկողություն չի իրականացրել և չի ստուգել կազմված կատարողական ակտերի իսկությունը:

Անտեսելով այն հանգամանքը, որ 2007 թ. դեկտեմբերի 3–ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և «Ուայդ Գեյթ» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագիրը չի ունեցել տեխնիկական բնութագիր, գնման և վճարման ժամանակացույց, Ա.    Զիրոյանը հաստատել է 2006 թ. հուլիսի 21–ի թիվ 1, հոկտեմբերի 18–ի թիվ 2, դեկտեմբերի 7–ի թիվ 3, ինչպես նաև 2007 թ. և 2008 թ. համապատասխան եզրակացություններն այն մասին, որ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ–ն կատարել է պայմանագրերով նախատեսված աշխատանքները, և կազմված հանձնման–ընդունման արձանագրություններով աշխատանքներն ընդունվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից:

Հենց այստեղ էլ հարց է առաջանում` կենսառեսուրսների կառավարման վարչության պետը, որն, ի դեպ, ՀՀԿ անդամ է, անհրաժեշտ հսկողություն չի իրականացրել, վերոնշյալ ակնհայտ հանգամանքներն անտեսել է անփույթ վերաբերմունքի՞ հետևանքով, թե` որոշակի շահագրգռվածության... Մեկ այլ հարց էլ է առաջանում` ՀՀ բնապահպանության նախկին ու ներկա նախարարները մի՞թե այս ամենին անտեղյակ են եղել:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Ուայդ Գեյթ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Հարությունյանի կողմից իրեն վստահված պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի գլխավոր անտառապետ Սուրեն Աղաջանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Արտաշես Զիրոյանի կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) վերաբերյալ նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի, 308–րդ և 315–րդ հոդվածների 2–րդ մասերի հատկանիշներով:

Կարծում ենք    ` առկա է նաև ՀՀ քր. օր.–ի 179–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետի հատկանիշը, այսինքն հափշտակությունը կատարվել է ոչ միայն առանձնապես խոշոր չափերով, այլև կազմակերպված խմբի կողմից:

Քրեական գործ է հարուցվել նաև «Տրի Գրեն» և «Հ.    Էլոյան և որդիներ» ՍՊԸ–ների տնօրենների թույլ տված չարաշահումների կապակցությամբ: Այդ ամենի հետևանքով պետությանը և մեզ բոլորիս պատճառված վնասն անհամեմատ ավելի մեծ է, քան սոսկ հափշտակված ֆինանսական միջոցները: Առնվազն 35 հա չմաքրված անտառտնկարկներ, հարյուրավոր խմ անտառանյութ ջրի տակ են անցել` պետությանը պարտադրելով դրանց հեռացման համար ավելի մեծ ծախսեր կատարել, հակառակ պարագայում սպառնալով աստիճանաբար քայքայվելով, թունավորել Սևանա լիճը:

Սեպտեմբեր 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր