Առաջարկվող նոր լուծումներ՝ միտված Սևանա լճում ծաղկումը նվազեցնելուն

Առաջարկվող նոր լուծումներ՝ միտված Սևանա լճում ծաղկումը նվազեցնելուն

Սևանա լճում ծաղկման գործընթացը նվազեցնելու լուծումներից կարող է լինել լճի և լիճ ներհոսող գետերի առափնյա հատվածներում բուսատեսակների տնկումն ու արհեստականորեն ճահճային միջավայրի ստեղծումը: Այս մասին ասաց «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» (ՊՈՆՏՈՍ) ծրագրի հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Գարաբեդ Կազանչյանը 2022թ. սեպտեմբերի 13-ին Սևանի ջրհավաք ավազանում լրագրողների համար կազմակերպված մեդիատուրի ժամանակ:

Գարաբեդ Կազանչյանը նշեց, որ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ Սևանա լճի առափնյա հատվածի որոշ գոտիներում, օրինակ, Հայրիվանքի հատվածում, լճի ծաղկման ինտենսիվությունը նվազում է: Հետազոտողների կարծիքով՝ պատճառն այդ գոտիներում բուսականության առատությունն է, որը կլանում է ջրում առկա օրգանական նյութերը: «Ծրագրի շրջանակում տեսել ենք, որ լճի առափնյա որոշ շրջաններում ջրի որակն ավելի լավն է, կարծում ենք՝ եղեգներն են պատճառը: Դիտարկել ենք ափամերձ բուսականության շերտերը, այդ ճահճացած շրջանները կարող են դրական ազդեցություն ունենալ: Այդ բույսերը կարող են կլանել կեղտոտ ջրերի սննդի մի մասը: Բույսերը ջրիմուռների հետ մրցակցության մեջ են, թե ով ավելի շատ կկլանի: Եթե մեր վերլուծություններն ունենան հաստատող արդյունքներ, կարող ենք առաջարկել տարբեր շրջաններում ցանել կամ մշակել այդպիսի բույսեր, որպեսզի կեղտոտ ջրերը նախքան Սևանա լիճ հասնելը դրանց միջով անցնեն: Գետերի ափամերձ հատվածներում նույնպես կարելի է բույսեր՝ եղեգ ու ջրոսպ տնկել, դրանք կկլանեն կեղտը, կֆիլտրացնեն ջուրը մինչև լիճ հասնելը:

 

Մինչ լճի մակարդակի իջնելը ունեինք Գիլի լիճը, որտեղ ճահճային շրջանները ֆիլտրացնում էին ջուրը, դրանք հիմա բոլորովին չորացել են, և կեղտոտ ջրերը պարպվում են լիճ: Ճահիճը մեր ընկալմամբ բացասական իմաստ ունի, բայց կարող է դրական ազդեցություն ունենալ լճի ջրի մաքրման համար: Բացի այդ, ճահիճներն ածխածնի մեծ կլանիչ են: Բույսերը նեխում են, ձմռանը հող դառնում ու ածխածին կլանում օդից: Այսպիսի շրջաններ ստեղծելով՝ Հայաստանը կարող է դրական փորձ ցույց տալ ածխածնի կլանման կամ զրոյացման տեսանկյունից»,- նշեց նա:

Ըստ հետազոտողի՝ ճահճային միջավայրի ստեղծումը կարող է ժամանակավորապես փոխարինել լիճ թափվող գետերի վրա կենսաբանական մաքրման կայանների ստեղծումը: «Ի տարբերություն մաքրման կայանների՝ ճահճային շրջանների ստեղծումը մեծ գումար չի պահանջում»,- նկատեց նա:

Ճահճային միջավայր Սևանա լճի ափին

Արդյո՞ք թվարկած գործողությունները կարող են նվազեցնել հաջորդ տարիներին Սևանա լճում հնարավոր ծաղկման ծավալները հարցին՝ Գարաբեդ Կազանչյանն արձագանքեց. «Ջրիմուռների ծաղկման պատճառը 1-2 տարվա ազդեցության արդյունք չէ, այլ՝ 40-50 տարվա: 1-2 տարվա ընթացքում խնդիրը չենք կարող լուծել: 10-15 տարի կարող է տևել: Բայց պետք է հիմա սկսել: Որքան ուշանանք՝ այս նյութերի քանակն ավելի կմեծանա և ավելի դժվար կլինի լուծումներ գտնել»:

Հիշեցնենք, որ 2018թ. սկսած յուրաքանչյուր տարի Սևանա լճում տեղի է ունենում ցիանոբակտերիաների՝ կապտականաչ ջրիմուռների ծաղկում: Լճի էվտրոֆացման պատճառները մի քանիսն են՝ լճի մակարդակի արհեստական տատանումներ, մաքրման կայանների բացակայության պատճառով կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերի լիճ ներհոսք, ջրում օրգանական նյութի մեծ քանակություն, ձկնապաշարների անկում, ջրի ջերմաստիճանի բարձրացում գլոբալ տաքացման հետևանքով, լճի հարակից գյուղատնտեսական հողերում պարարտանյութերի կիրառում, որոնք տեղումների ու ձնհալի հետ ներհոսում են Սևանա լիճ:

Նշենք, որ լճի կանաչման դեմ հայ գիտնականներն էլ իրենց լուծումներն ունեն: Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների կողմից առաջարկվել է Սևանա լճի ջրի պարամետրերի բարելավման համար օգտագործել բնական ադսորբենտներ: 

Լճի որակի բարելավման համար ՀՀ պետական գերատեսչություններն էլ փորձում են խնդիրը լուծել միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ: Ջրամբարների, լճերի մաքրման աշխատանքներում մասնագիտացված «LG Sonic» ընկերության ներկայացուցիչների՝ այս տարի Հայաստան այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել փոխանցել Սևանա լճի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունների տվյալները՝ Սևանը մաքրելու տեխնոլոգիան մշակելու համար։

Մեդիատուրն իրականացվել է ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է երկու գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից:

Սեպտեմբեր 16, 2022 at 09:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր