2023 թվականից Սևանա լճում նոր ջրային պարեկային ծառայություն կգործի

2023 թվականից Սևանա լճում նոր ջրային պարեկային ծառայություն կգործի

2023 թվականի երկրորդ կեսից Սևանա լճում կգործի ջրային պարեկային նոր, ժամանակակից ու պրոֆեսիոնալ ծառայություն։ Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության՝ նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ: Նախատեսվող աշխատանքները համակարգվում են ՀՀ ոստիկանության ու արդարադատության նախարարության կողմից:

«Ըստ էության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կազմում ունենք ջրային ոստիկանություն, որն իրականացնում է մի շարք ֆունկցիաներ։ Բայց պետք է նշել, որ բացի դասական ոստիկանական ֆունկցիայից, ջրային պարեկային ծառայությունը նաև ենթադրում է անմիջապես Սևանա լճի տարածքի վրա ոստիկանական ֆունկցիայի իրականացում», - նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանը:

Ջրային պարեկային ծառայություն ստեղծելու նպատակով մշակվել է հայեցակարգ, որով նախատեսված են մի շարք միջոցառումներ ու աշխատանքներ։ Արփի Սարգսյանի խոսքով՝ պետք է ձևավորվի պարեկների թիմ՝ պարեկային ծառայության կազմում, որը կկարողանա ամբողջ տարին ջրային տարածության վրա իրականացնել պարեկություն։ «Ըստ էության՝ ջրային պարեկները լինելու են հնգամսյա ուսումնական պրոցեսն անցած պարեկները, որոնք կունենան լրացուցիչ մասնագիտացում։ Հնգամսյա ուսուցման պրոցեսից հետո նրանք պետք է անցնեն երկու վերապատրաստում։ Առաջինը բուն ջրային պարեկային ծառայությանը բնորոշ վերապատրաստումներն են, իսկ երկրորդը առաջին փրկարարական օգնություն ցուցաբերելուն միտված վերապատրաստումներն են, նաև ջրային ռադիոկապի հետ կապված վերապատրաստումները»,- նշեց նա։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերապատրաստումները կանցկացվեն միջազգային գործընկերների օժանդակությամբ, կլինեն տեսական ու գործնական դասընթացներ։ Վերապատրաստումը ենթադրում է ինչպես դասական ջրային պարեկության իրականացում, այնպես էլ փրկարարական առաջին օգնության տրամադրում, սուզվելու հմտություններ և այլն։ 

Ծառայության պատշաճ իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածքներ՝ ջրային պարեկային ծառայության հենակետեր, պահպանվող հատուկ տարածք և այլն։ «Նախատեսում ենք սկզբնական շրջանում ափամերձ տարածքներում ստեղծել 4 հենակետեր՝ այսօր գործող 1 հենակետի փոխարեն: Նպատակը ինչպես հանգստացողների, քաղաքացիների, զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելն է, այնպես էլ բուն լճում կատարվող իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելումը», - ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որ վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։ Ըստ գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ձեռք կբերվի ժամանակակից ջրային հատուկ տեխնիկա։ 

Ջրային պարեկները ծառայություն կիրականացնեն կլոր տարի։ Ամռանը ջրի վրա պարեկները կպահպանեն հասարակական կարգը, կհայտնաբերեն իրավախախտների։ Ձմռանը՝ ձկնատեսակների ձվադրման շրջանում, կկանխեն և կբացահայտեն Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքեր:

Հոկտեմբեր 20, 2022 at 11:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր