ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՒՅՔ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՒՅՔ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Ա. Մարտիրոսյան, Հայոց Աշխարհ

Բնապահպանության նախարարությունը վերջին շրջանում հայտնվել է կոռուպցիոն սկանդալների առանցքում, ինչից բնապահպանության նախարարը կարծես թե դեռ համապատասխան հետեւություններ չի արել։
  
Նախ՝ քրեական գործ հարուցվեց ու կաշառակերության համար մեղադրանք առաջադրվեց նշված նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին ու նրա տեղակալին։ Ապա հարուցվեց եւս մեկ քրեական գործ, որում ընդգրկվեց նույն նախարարության վարչատնտեսական բաժնի պետը։
  
Հիմա էլ միանգամից երկու քրեական գործ է հարուցվել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների կապակցությամբ։
  
Վերոհիշյալ քրեական գործերից մեկը՝ կապված «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի հետ, հարուցվել է նաեւ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Արտաշես Զիրոյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով։
  
Իհարկե, դեռ հարց է՝ կատարվածը պաշտոնեական անփութությա՞ն հետեւանք է, թե՞ Ա.Զիրոյանն անհրաժեշտ հսկողություն չի իրականացրել եւ, «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի տնօրենի կազմած կեղծ (հավելագրումներ պարունակող) կատարողական ակտերի իսկությունը չստուգելով, 2006-2008թթ. ընթացքում թվով 11 եզրակացություն հաստատել է որոշակի շահագրգռությունից ելնելով։ Հուսանք, որ նախաքննությունը օբյեկտիվ կլինի ու կտա այս հարցի պատասխանը։
  
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, քննարկելով Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման եւ համապատասխան այլ աշխատանքների վերաբերյալ մամուլի հրապարակումների կապակցությամբ նախապատրաստված նյութերը, պարզել է նաեւ «Տրի Գրեն» եւ «Հ.Էլոյան եւ որդիներ» ՍՊԸ-ների տնօրեններ Արթուր Վանյանի եւ Հայկազ Էլոյանի կատարած հափշտակությունների մի շարք մանրամասներ, ապա հարուցել քրեական գործ։
  
Ինչպեսեւ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ն, նշված ընկերությունները Սեւանա լճի ափերի մաքրման աշխատանքները կատարել են բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա, պետբյուջեի ֆինանսավորմամբ։ «Տրի Գրեն» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Վանյանը ստացել է «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ իր ղեկավարած ընկերության միջեւ 2009թ. օգոստոսի 24-ին կնքված պայմանագրով նախատեսված 121 մլն 196 160 դրամը։ Իր հերթին, «Հ.Էլոյան եւ որդիներ» ընկերության տնօրեն Հ.Էլոյանը ստացել է նշված ընկերության եւ բնապահպանության նախարարության միջեւ 2009թ. օգոստոսի 28-ին կնքված պայմանագրով նախատեսված 132 մլն 164 800 դրամը։
  
Մասնավորապես պարզվել է, որ իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, ստանալով այդ գումարները, խախտելով հիշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջները, նրանք պայմանագրերով ամրագրված աշխատանքներն ամբողջությամբ չեն կատարել եւ պետբյուջեից հատկացված միջոցներից յուրացման եղանակով հափշտակել են խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ։
  
Պարզվել է նաեւ, որ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Արշակյանը, լինելով առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար, բնապահպանության նախարարության եւ նշված ՓԲԸ-ի միջեւ 2009թ. սեպտեմբերի 9-ին կնքված թվով չորս պայմանագրերով ստանձնելով Սեւանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պարտավորությունը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, իր լիազորություններն ուրիշ անձանց օգտին է օգտագործել։
  
Մասնավորապես հայտնի է դարձել, որ նա «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին փաստացի հանձնված անտառանյութի խիտ զանգվածի քանակությունը ներկայացված կատարողական ակտերի տվյալներին չհամադրելով, հաստատել է «Տրի Գրեն» ՍՊԸ-ի կողմից Նորատուսի եւ Սեւանի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, դեկտեմբեր ամիսների բազմաթիվ կատարողական ակտեր։ Գ.Արշակյանը հաստատել է նաեւ «Հ.Էլոյան եւ որդիներ» ՍՊԸ-ի կողմից Մարտունու, Վարդենիսի տեղամասերում պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների մի շարք կատարողական ակտեր։
  
«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ տնօրենը վերոնշյալ փաստաթղթերը հաստատել է, չնայած այն հանգամանքին, որ պայմանագրերի անբաժանելի մաս կազմող տեխնիկական բնութագրերի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն՝ կատարողը պարտավոր է «վերահսկել կապալառու կազմակերպության կողմից մաքրման ենթակա եւ մաքրված տարածքներից փայտանյութի, վառելափայտի եւ ջախի ելքային ծավալները՝ կատարելով դրանց համադրումներ», ինչպես նաեւ «տուգել բոլոր ծավալային չափերը եւ հաշվարկները, որոնք անհրաժեշտ են վճարման համար»:
  
Գ.Արշակյանն անտեսել է նաեւ այն հանգամանքը, որ «Տրի Գրեն» եւ «Հ.Էլոյան եւ որդիներ» ՍՊԸ-ների կողմից կատարված աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերին, այսինքն՝ տեխնիկական բնութագրերի չափորոշիչներից պակաս են կատարվել համապատասխանաբար 86,5 եւ 331 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման եւ տեղափոխման աշխատանքներ։

Իրականությանը չհամապատասխանող, բայց հաստատված վերոնշյալ կատարողական ակտերի հիման վրա էլ աշխատանքները հանձնման-ընդունման արձանագրություններով ընդունվել են բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից։ Նշված գործողությունների հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։

Սեպտեմբեր 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր