«Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ո՞րն է պատճառը. քննարկում ՇՄՆ-ում

«Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ո՞րն է պատճառը. քննարկում ՇՄՆ-ում

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է: Այս մասին Շրջակա միջավայրի նախարարությունում (ՇՄՆ) կազմակերպված քննարկմանն ասաց ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը: «Մեծ տեմպերի է հասել չորացումը: Պարկում սոճու՝ ամբողջությամբ չոր 8269 ծառ կա: Մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը: Դրանք ավելի շատ են, սակայն հաշվեգնահատում դեռևս չի իրականացվել, քանի որ այդ ծառերը դեռևս կենսունակություն են ունեցել: 2017թ. չորացած 700 ծառ կար, 2019թ.՝ գրեթե կրկնակի ավելի: Վարակված ծառերի ծավալները և քանակները գնալով ավելանում են, խնդիրը նրանում է, որ ժամանակ ենք կորցնում»,- ասաց նա: 

Սոճիների չորացումը նկատվել է 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: 

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան մասնաճյուղի Ախթամար տեղամասում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության հետ կապված խնդիրների քննարկումը կազմակերպվել էր նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՇՄՆ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են խնդրի լուծման տարբերակները, օջախների մեկուսացման քայլերը և հիվանդության դեմ արդյունավետ պայքարի միջոցների կիրառման եղանակները։

Ամիսներ առաջ «Սևան» ազգային պարկ էին այցելել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության լաբորատորիայի մասնագետները, դաշտային այց կատարել ազգային պարկի անտառածածկ տարածքներում՝ ուսումնասիրել և վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից փորձանմուշներ են վերցրել, որոնք ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: 

«Ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում»,- նշեց Ոսկեհատ Գրիգորյանը: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը նշեց, որ նեմատոդը կարող է չորացման պատճառ լինել, բայց հստակ եզրակացություն չունեն: Ոսկեհատ Գրիգորյանը հետաքրքվեց, թե ինչ մոտեցումներ է անհրաժեշտ գործադրել հարցին լուծում տալու նպատակով: «Ներկայում ակադեմիական կարծիք լսելու կարիք կա: Նախկին քննարկումներից մեկին գիտական հանրության մասնագետները լուծումը տեսնում էին հատման ճանապարհով վարակված ծառերը տարածքից դուրս բերելու մեջ: Ինչպես կանխել տարածումը, ինչպիսի մոտեցում է պետք ցուցաբերել, արդյո՞ք հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ»,- հարցրեց նա: «Համալիր հետազոտություն է պետք: Միայն նեմատոդը չի: Հիմնականում հարձակվում են նեմատոդն ու կեղևակերը: Կեղևակերներն արդեն ձվադրել են կեղևում, քիմիական միջոցները չեն օգնի: Այստեղ համալիր լուծումն այն է, որ եթե կա հիվանդություն, պետք է վերացվի, վարակված ծառերի հեռացնելն է լուծումը»,- նշեց գիտնականը: 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ Տարոն Մանուկյանը նշեց, որ չորացումը դիտվել է նաև Հայաստանի այլ շրջաններում: «2018թ. տարբեր մարզերից փորձանմուշներ ենք վերցրել: Դրանք հետազոտվել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում:  Չորացում դիտվել է նաև Հանքավանում, սակայն այնտեղ նեմատոդներ չեն հայտնաբերվել: Եզրակացությունն այն է, որ կոնկրետ վնասատու հայտնաբերելը բարդ է, բույսի մեջ է, պետք է դա պարզել: Ըստ իս՝ ֆիզիոլոգիական պրոցես է՝ կապված կլիմայի փոփոխության հետ: 40 տարի առաջ տնկված սոճին այլ կլիմայի է սովոր: Բզեզը (խմբ.՝ նեմատոդի տարածողը) հայտնվում է այն ժամանակ, երբ ծառը թուլանում է, ուղղակի բզեզը արագացնում է մահը: Ծառը գագաթից է չորանում: Նեմատոդները խցանում են, որ ջուրը չբարձրանա: Քիմիական և կենսաբանական պայքարն անիմաստ է, քանի որ բզեզը՝ ծառի ներսում է, նեմատոդը՝ հողում»,- ասաց Տարոն Մանուկյանը: 

Կարծիք հնչեց, թե գուցե աճին զուգահեռ ծառերը հողից խոնավությունը դժվարությամբ են կլանում և գուցե խնամքի հատումների կարիք կա: Ի պատասխան՝ Տարոն Մանուկյանը նշեց, որ նմանատիպ պատկեր ունեն նաև Մեղրաձորում: «Մեղրաձորում նոսր է, կան 30-40-50 տարվա ծառեր: Չեմ կարծում, որ ջրի ինտենսիվությունը պատճառ լինի: Ջրի մեջ նույնպես չորանում են»,- նշեց նա: 

Մարկ Քալաշյանը հետաքրքիր մի օրինաչափության մասին նշեց. «Երիտասարդ ծառերի վրա կեղևակերն ու նեմատոդը չեն գալիս»: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Սասուն Գալստյանը նույնպես նշեց, որ նոր վերարտադրված տեսակները չեն վարակվում հիվանդությամբ։ «Վերարտադրվածներն այս պահի դրությամբ ավելի կայուն են վարակների նկատմամբ: Չենք նկատել, որ իրենք չորանում են»,- ասաց նա: Մասնագետը խնդրի լուծումը տեսնում է սոճու տեսակի վերարտադրության համար հողում հանքայնացման շերտերի ստեղծման մեջ: «Սոճու սերմերը բարենպաստ վայր ընկնելով՝ վերարտադրվում են: Պետք է արհեստական կերպով ստեղծել բնական միջավայր ծառերի շրջակայքում, հողը հանքայնացնել, հարթակներով հանքայնացված շերտեր պատրաստել: Որտեղ դեռ պահպանվում են սերմատու ծառատեսակներ, այդ պրոցեսները իրականացնենք,- նշեց  Սասուն Գալստյանը և հավելեց,- Չորացման գործընթացն արագ է տեղի է ունենում: Պետք է նորից գույքագրել՝ հասկանալու համար, թե վերջին մեկուկես ամսվա ընթացքում ևս քանիսն են չորացել»: 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումների արդյունքում հավաքագրված նյութերը կրկին անգամ ուղարկել Գիտությունների ազգային ակադեմիա՝ ևս մեկ տեսակետ ստանալու նպատակով, ինչպես նաև՝ մշակել հստակ ճանապարհային քարտեզ ու միջոցառումների ծրագիր:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հունիս 16, 2023 at 18:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր