

Ա1+
Կլիմայի գլոբալ փոփոխությունները ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական ու տնտեսական մեծ նշանակություն ունեն: Այս կարծիքին են այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Բնապահպանությանը եւ կլիմայի փոփոխությանը նվիրված գաղափարների տոնավաճառ» միջոցառման մասնակիցները:
Միջոցառմանը մասնակցում են շուրջ 90 գիտնականներ՝ Հայաստանից, Բելգիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իտալիայից եւ այլն: Իր խոսքում ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը նշեց, որ ելնելով մեր աշխարհաքաղաքական առանձնահատկությունից` անհրաժեշտ է մշակել կենսաբանական անվտանգության հայեցակարգ:
Բացի այդ` «Ա1+»-ի հետ զրույցում նա ավելացրեց, որ գլոբալ կլիմայական փոփոխություններն արդեն իրենց ազդեցությունը թողել են Հայաստանի բնության վրա: Հատկապես դա մեծ ազդեցություն է ունեցել Սեւանա լճի վրա: «Ամբողջ շրջակա տարածքից մոտ 500 տուն պետք է տեղահանվի: Դրանց արտաքնոցների ամբողջ կեղտը լցվելու է ջրի մեջ, իսկ բուսական աշխարհն էլ մնալու է ջրի տակ ու փտելու է: Աստված չանի, որ ափի ջուրը սկսի ճահճանալ, ողջ Սեւանի ջուրը կսկսի ճահճանալ, ու Հայաստանը բնապահպանական աղետի եզրին կհայտնվի»,- ընդգծեց ակադեմիկոսը:
Գիտնականը մտահոգիչ համարեց նաեւ մայրաքաղաք Երեւանի էկոլոգիական ծանր վիճակը։ «Ի՞նչ է Երեւանի վիճակը։ Քաղաքի կենտրոնը շենքերով այդքան ծանրաբեռնելը հանցագործություն է: Հենց օրինակ` Հյուսիսային պողոտան. միայն մեծ-մեծ խոսում են` կեղծելով, թե դա թամանյանական նախագիծ է: Ո՛չ, Թամանյանը չեր կարող այդպիսի նախագիծ ունենալ, որ խեղդեր ողջ քաղաքի կենտրոնը», եզրափակեց նա:
Բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ թեեւ ուրախալի է, որ ԳԱԱ-ում անցկացված այսօրվա միջոցառմանը ներկա էր մեր գիտական ներուժը, այնուամենայնիվ. «Սա քաղաքական ուժեղ գործընթաց է, սակայն ոչ մի քաղաքական ուժ կամ պետական կառույց չի մասնակցում, բացի բնապահպանության նախարարությունից: Մինչդեռ պետք է ներկա լինեին թե՛ ՀՀ նախագահը, թե՛ վարչապետը: Միայն այդ դեպքում մենք ռեալ արդյունք կստանանք երկրի համար»:
Նա նաեւ թվարկեց Հայաստանում առկա բնապահպանական այն ռիսկերը, որոնք էլ ավելի վտանգավոր են դառնում գլոբալ կլիմայական փոփոխությունների համապատկերում, դա ջրային ու անտառային պաշարների կործանումն է, հողի էրոզիան: «Այդ 3 պաշարները եթե կորցնենք, ապա կունենանք ե՛ւ հիվանդությունների աճ, ե՛ւ գյուղատնտեսական արտադրության անկում»,-նշեց բնապահպանը:
Հոկտեմբեր 11, 2010
