Սևանի ափամերձ տարածքներում 4 նոր հանրային լողափ կստեղծվի

Սևանի ափամերձ տարածքներում 4 նոր հանրային լողափ կստեղծվի

Սևանի ափամերձ տարածքներում նախատեսվում է ստեղծել 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հուլիսի 13-ի նիստում։

«Իրավական ակտի ընդունումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորության ձևավորումն է»,- նշել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ 

Հանրային լողափերի ստեղծումից հետո դրանք մրցութային կարգով տրամադրվելու են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` բարեկարգման, կահավորման և սպասարկման պայմանով: Հանրային լողափերում գործելու են հետևյալ անվճար ծառայությունները՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության կազմակերպում և մաքրման կայանների առկայություն։ Կապալառուն պետք է ներկայացնի նաև հեռանկարային ներդրումային և հավելյալ աշխատատեղերի ստեղծման ծրագրեր: 

«Իհարկե, սպասարկող ընկերությունների կողմից կլինեն նաև վճարովի ծառայություններ։ Ունենք նաև ձևավորած այնպիսի ստանդարտներ, որպեսզի քաղաքացիների հանգիստը հանրային տարածքներում պատշաճ լինի` ծխել չի կարելի, բարձր երաժշտություն չի կարելի, ավելի ճիշտ` երաժշտությունը մի կետից է լինելու, թույլատրվում է միայն թույլ ալկոհոլային խմիչք։ Այսպիսի ստանդարտեր ունենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հանրային հանգստի այդ հատվածներում մեկը մյուսին չխանգարել ու իրենց հանգիստը ճիշտ կազմակերպել»,- նշել է Հակոբ Սիմիդյանը։ 

Ներկայում Սևանի ափին 8 հանրային լողափ կա՝ Սևանի քաղաքային 2 լողափերը, թերակղզու լողափը, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի և Ծովագյուղի հանրային լողափերը: 8 հանրային լողափերից պառկելաթոռներով, հովանոցներով, զուգարաններով, խաղահրապարակներով, ավտոկայանատեղիներով, հանդերձարաններով, նստարաններով, բուժկետով, փրկարարական կետով և այլ անհրաժեշտ պարագա-ծառայություններով մինչ օրս կահավորված են միայն 3-ը` Սևանի ու թերակղզու լողափերը։ 

Կայացած մրցույթների արդյունքում մեկնարկել են գործող լողափերի կահավորման աշխատանքները, իսկ 1-ում` Նորատուսի լողափում, հայտարարված մրցույթների արդյունքում հայտեր չեն ներկայացվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով կվերանայվեն հանրային լողափերում հանգստի կազմակերպման մոտեցումները: 



Հուլիս 14, 2023 at 18:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր