ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ԷկոԼուր

Հոկտեմբերի 11-ին` «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սեւանա լճի խնդիրներին: Իրավիճակը ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ստորեւ կարդացեք թեմայի վերաբերյալ նյութերի հավաքածուն:

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐ. ՍԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ԿԱ, ԲԱՅՑ…
Aysor.am

 
«Ունենք առաջխաղացում` Սևանա լճի ջրի մակարդակն աննախադեպ բարձրանում է»,- այսօր ասուլիսում արձանագրեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Սակայն նա միաժամանակ 2 խնդրի շուրջ անհամաձայնություն հայտնեց Սևանի հարցերով հանձնաժողովի դիրքորոշման հետ, որի անդամ է նաև ինքը. խնդիրն ափամերձ հատվածում կառուցապատում իրականացնելու և ջրի մակարդակի բարձրացման նիշերի իջեցումն է: Կ. Դանիելյանի խոսքով, նախապես որոշվել էր, որ լճի ջրի մակարդակը պետք է բարձրացվի մինչև 1904 մ, իսկ ալիքի բարձրությունը պետք է հաշվվի մինչև 1908 մ. «Առանց որևէ գիտական որոշման 1908-ն իջեցվեց 1905 մ-ի»:

Ըստ Կ. Դանիելյանի, ներկայիս դրությամբ ափերի ոչ պատշաճ նախապատրաստման արդյունքում լճին բավականին վնաս է պատճառվել` աղբն ու ծառերը մնացել են ջրի տակ, և այժմ դա սպառնում է ջրի էվտրոֆացմամբ: Բանախոսը հայտնեց նաև բնապահպանների այլ կարծիք, որ լիճը բավական ներուժ ունի և կկարողանա «մարսել» այդ ամենը:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը կարծիք հայտնեց, որ Սևանի էկոհամակարգի վրա խիստ բացասական կարող է անդրադառնալ Շորժայում «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը: Արդեն 3-րդ տարին ընկերությունն ափից 2 կմ հեռավորության վրա դունիտ-պերիդոտիտների և քրոմաքարի հումք է վերամշակում լեռնահարստացման կոմբինատում, ինչի արդյունքում ողջ փոշին անցնում է լիճ: Էկոլոգը հիշեցրեց, որ Սևանի ավազանում որևէ հանքավերամշակող ձեռնարկության գործունեություն արգելված է օրենքով:

Ի. Զարաֆյանի խոսքով, ընկերությանը «հովանավորում է պատգամավոր Խաչիկ Մանուկյանը»: Նա նաև նշեց, որ «Գեգամետ պլյուս»-ի տնօրեն Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել փոշու լիճ լցվելը, քանի որ, ըստ նրա, դա «բնական ֆիլտրի դեր կարող է տանել»:

«Բնապահպանության նախարարության փորձաքննությունը բացասական գնահատական է տվել այդ նախագծի վերաբերյալ: Չնայած դրան, տեսչությունը ակտ կամ պատիժ չի կիրառել»,- ասաց Ի. Զարաֆյանը:

Նրա խոսքով, նման բացասական ազդեցություն լճի վրա ունի նաև «Գեգամետ պլյուս»-ի հարևանությամբ Արդանիշում գործող «Միկացեմենտ» ընկերության ավազի արդյունահանման հանքավայրը: Ի. Զարաֆյանը հասարակության ուշադրությունը սևեռեց նաև Սոթքի ոսկու հանքավայրի վրա, որը շահագործող ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը թեև հրաժարվել է տեղում վերամշակող գործարանի կառուցման նախագծից, այնուամենայնիվ եռակի ավելացրել է հանքաքարի արդյունահանման ծավալները, ինչը նույնպես բացասական կազդի Սևանի վրա:

ՄԵԿ ԼԻՃ, ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴ ՁԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կարինե Իոնեսյան, «ԱրմենիաՆաու»


Բնապահպանները բարձրաձայնում են, որ ճահճացման և տարբեր գործարանների շահագործման արդյունքում Սևանի լճում պահպանված ձկնատեսակները տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգի տակ են, քանի որ Հայաստանի «մարգարիտի» ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ:

ՀՀ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նշում է, որ Սևանի ափին կարելի է տեսնել փքված կարասների, ինչը հիվանդ լինելու նախանշան է: 2007-2009 թթ. տվյալներով`Սևանում կա 180-200 տոննա կարասի պաշար (2004-2006 թթ. լճում շուրջ 600 տոննա կարաս կար):

«Շատ ավելի քիչ են սիգի պաշարները՝ 180 տոննա, այն դեպքում, երբ 1990-ականներին 166 անգամ ավելի էր, իսկ իշխանն այնքան քիչ է, որ նույնիսկ չենք էլ հաշվում»,- ասում է Գաբրիելյանը:

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղյակ են, որ ճահճացման պատճառը 2006-2008 թթ. 3 ընկերությունների կողմից ոչ պատշաճ ձևով լճի շրջակայքում սանիտարական աշխատանքներ կատարելն է եղել: Մեկ ամիս առաջ հարուցվել են նաև քրեական գործեր`Սևանա լճի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առիթով:

ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է հատուկ մեքենաներ ձեռք բերել` այդ տարածքները նորից մաքրելու համար, բայց դեռ պարզ չէ, թե այդ աշխատանքները երբ կսկսեն:
Մինչ այդ, ըստ բնապահպանների, Սևանը շարունակում է աղտոտվել նաև ծանր մետաղներով ու թունավոր նյութերով:

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն անհանգստացած է, որ Սևանի Սոտք գետի մոտ «Գեոփրոմայնինգ» ընկերությունը (“GeoProMining”) սկսել է բաց եղանակով ու եռակի ուժգնությամբ շահագործել ոսկու հանքը (950 հեկտար):

«Դա նշանակում է, որ ձմռանը հաջորդող ձնհալից հետո մեծ քանակությամբ թունավոր նյութեր՝ վանադիում, սյուրմա, մկնդեղ և այլն հոսելու են Սևան»,- անհանգստանում է Զարաֆյանը:

Սևանը նաև աղտոտվում է դունիտ-պերիդոտիտների հանքանյութով Շորժա գյուղի մոտից, որտեղ «Գեգամետ պլյուս» ընկերությունը ավազի վերամշակում է իրականացնու՝ չնայած բնապահպանության նախարարության աշխատակիցները այս գործընթացը անօրինական են որակել:

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՐԱԵՍ ԱՐԳԵԼՎԱԾ Է, ԲԱՅՑ ՎԱՃԱՌՔՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԻԳ ԿԱ, ԱՅԼ ՆԱԵՎ ՁԿՆԿԻԹ
 Panorama.am


«Այսպիսի վատ վիճակ, ինչպիսին ունենք այս վերջին տարիներին Սևանա լճի ձկնային պաշարների հետ կապված, Սևանի պատմության մեջ դեռ չի գրանցվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այսօր Սևանում արդյունագործական նշանակության ունեցող ձկնատեսակներ չկան: «Այսօր մեր արժեքավոր ձկնատեսակները` իշխանը, կողակը, բեղլուն արդյունագործական պաշարներ չունեն»,- ասաց նա և հավելեց, որ դրա պատճառները տարբեր են` տարբեր ձկնատեսակնեի համար: Բ. Գաբրիելյանի խոսքով, օրինակ, իշխան ձկնատեսակի պաշարը խզվեց, քանի որ լճի մակարդակը մի քանի տարի առաջ իջել էր, որի արդյունքում ձվադրավայրերը մնացել էին ափերին և չորացել: «Բացի դրանից իշխան ձկան պաշարի գրեթե ոչնչացման պատճառ դարձավ ձկնագողությունը»,- ասաց ինստիտուտի տնօրենը:

Բանախոսը նշեց, որ Սևանա լճում սիգ ձկան պաշարի նվազման պատճառ դարձավ գերորսը: «Սևանա լճում սիգի բազմացման պայմանները բարենպաստ էին, սակայն անխնա որսը բերեց այդ ձկան տեսակի պաշարների խզմանը»,- ասաց նա և հավելեց, որ այսօր Սևանում սիգի արդյունագործական պաշար գոյություն չունի, իսկ ընդհանուր պաշարը կազմում է 170-180 տոննա: Նրա խոսքով, 1980-1990 ական թվականների սիգ ձկան պաշարը Սևանա լճում կազմել է 30 հազար տոննա:

Նա նշեց, որ արդեն չորս տարի է լիճը համալրվում է արհեստական աճեցված ձկներով: «Իհարկե դա դրական արդյունք տալիս է, սակայն ոչ արդյունավետ է, քանի որ որսագողությունը Սևանում շարունակվում է: Եթե ձկնորսությունը լճում շարունակվում է, ապա անիմաստ է արհեստական աճեցված ձկները լիճը լցնել»,- հավելեց նա:

Բարդուխ Գաբրիելյանի խոսքով, չնայած նրա, որ այսօր Սևանա լճում ձկնորսությունն ընդհանրապես արգելված է, սակայն շուկաներում մենք կարող ենք ականտես լինել, որ ոչ միայն սիգ են վաճառում, այլև սիգի ձկնկիթ: «Այսօր ոչ մի միջոցառում չի իրականացվում, որպեսզի պայքարեն ձկնորսության դեմ»,- հավելեց նա:

«ՍԵՎԱՆԱ ՋՐԻ ՏԱԿ ԱՆՑԱԾ ԱՂԲԸ, ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՃԻ ՃԱՀՃԱՑՄԱՆ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ»
Panorama.am


«Սևանա լճի ջրի մակարդակն աննախադեպ բարձրանում է, որը դրական ցուցանիշ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Բանախոսը, ճիշտ է դրական գնահատեց Սևանի ջրի մակարդակի բարձրացումը, սակայն նշեց, որ չկարողացան այնպես կազմակերպել, որ ափամերձ տարածքները պատշաճ ձևով պատրաստվեն Սևանի ջրի մակարդակի բարձրացմանը:

«Դրա արդյունքում ջրի տակ են անցել մեծ քանակությամբ աղբ, կանաչ տարածքներ և ծառեր ու այժմ կարող են ճահճացման հիմք հանդիսանալ»,- ասաց նա: Նրա խոսքով, այժմ հատուկ աշխատանքներ են իրականացվում, որ ջրածածկ հատվածներից հանվեն ծառերը:

Կ. Դանիելանի նշեց, որ ճիշտ չէ նաև, որ իջեցվել է այն նիշը, որից հետո Սեևանի ափամերձ տարածքում կարելի է կառուցապատում իրականացնել:

Բանախոսի խոսքով, նախկինում նախատեսված է եղել Սևանի ջրի մակարդակը բարձրացնել 1904 մ, իսկ ալիքի ազդեցությունը դեպքում պետք է լիներ մինչև 1908 մետր:

«Սակայն մի քանի տարի առաջ, առանց որևէ գիտական հիմնավորման, ալիքի ազդեցությունը իջեցվեց մինչև 1905 մետրի, միայն հիմնավորելով այն, որ ալիքի ազդեցությունը այդքան մեծ լինել չի կարող: Սակայն դա ճիշտ չէ, քանի որ կլիման անընդհատ փոփոխվում է և հնարավոր է գրանցվի աննախադեպ ալիք»,- հավելեց Կ. Դանիելյանը:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ Սևանի էկոհամակարգի վրա խիստ բացասական կարող են անդրադառնալ Սևանի մոտակայքում գործող հանքավայրերը: Նրա խոսքով, Սևանի ավազանում որևէ հանքավերամշակող ձեռնարկության գործունեություն արգելված է օրենքով:
 
ՍԵՎԱՆԻ ՁԿՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ
Հասմիկ Դիլանյան, «Ռադիոլուր»


Այսօր բնապահպանները կրկին անդրադարձել են մեր երկրի բնապահպանական խնդիրների ու հատկապես Սևանա լճի ու ոչնչացած ձկնատեսակների թեմային: Սևանա լճով մտահոգ են ոչ միայն բնապահպաններն ու մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, այլ հենց իրենք` տեղացիները:

Նախագահ Սերժ Սարգսյանի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ` ստեղծվել է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով: Հանձնաժողովը պետք է գործնական առաջարկություններ մշակի Սևանա լճի պահպանության, պաշարների օգտագործման բնագավառում կառավարման բոլոր օղակների, նրանց ծառայությունների ու ստորաբաժանումների համատեղ գործունեությունը ապահովելու վերաբերյալ: Նույն հանձնաժողովի ամնդամ է նաև բնապահպան, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիլեյանը: Հանձնոժողովի աշխատանքները տիկին Դանիելյանը դրական է գնահատում: Նա ընդգծել է, որ Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրանում է:

Կարինե Դանիելյանը նաև մտահոգությունն է հայտնում`«Մենք չկարողացանք հասնել նրան, որ ափերը նախապատրաստվեն պատշաճ ձևով: Աղբը և կանաչ զանգվածն անցել են ջրի տակ: Հիմա հատուկ մեքենաներ են գնում, որպեսզի այդ ջրածածկ տարածքներից հանեն ծառերը»:

Սևանա լճի ջրի մակարդակի բարձարցմանը զուգահեռ նոր խնդիրներ կարող են առաջանալ, խոսքն այս դեպքում լճի մերձակայքում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների մասին է, որոնցից պետական գրանցում ունի մոտավորապես 400-ը: Դրանց թիվը ճշգրտվում է:

Մեկ այլ խնդիր, որով մտահոգ է այս անգամ էլ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Սևանում բազմացող ձկնատեսակները շարունակում են անհետանալ:

«Եթե 1980- ականների վերջերին ու 1990-ականների սկզբին Սևանում կար շուրջ 30 հազար տոննա սիգ ձկնատեսակ, ապա 2009 թվականին լճում սիգ ձկան պաշարները 170-180 տոննա են կազմել:Այսպիսի վատ վիճակ ինչպիսին, վերջին տարիներին ունենք ձկնային պաշարների հետ, Սևանի պատմության մեջ դեռ չի եղել» ,- ընդգծել է Բարդուխ Գաբրիելյանը:

«Սևանում արդյունագործական նշանակություն ունեցող ձկնատեսակներ մենք այսօր չունենք և արդյունագործական պաշարներ չկա` չհաշված լճածածանը` կարասը, որը մենք դիտել ենք որպես անցանկալի տեսակ լճի համար: Մեր արժեքավոր ձկանատեսակենրը` էնդեմիկ, ինչպես իշխանը, կողակը, բեղլուն, կլիմային վարժեցված սիգը, չկան:

Սևանա լճի խնդրով մատհոգ են նաև Գեղարքունիքի մարզի բնակիչները: Ավելին, եթե, ձկնագողության դեմ պայքարն առավել խիստ կազմակերպելու խնդրում պատկան մարմինները, երբեմն ավելի մեղմ են մոտենում` հաշվի առնելով այն, որ շատերը գուցե հանապազօրյա հացի խնդիր են լուծում, մարզի բնակիչները գտնում են, որ ձկնագողության դեմ պայքարում կառավարությունն առավել խիստ միջոցներ պետք է ձեռնարկի: Հիշեցնեմ, դիտարկումը ներկայացրեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ այս տարվա հունիսին կառավարության արտագնա նիստն անցկացվում էր Գեղարքունիքի մարզում:

Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովն առաջարկել է Սևանում ձկան արդյունագործական որսը դադարեցնել 3 տարով, մինչեւ մայրական կազմը ձեւավորվի եւ սկսվի բնական վերարտադրությունը: Դրան զուգահեռ` արհեստական կերպով աճեցնել ձկներ եւ տեղափոխել լիճ: Ի դեպ, վերջին տարիներին Սևանա լիճը համալրվում է արհեստական ձկներով :

«Իհարկե, դրական արդյունք տալիս է, բայց ոչ էֆեկտիվ է` առանց մնացած միջոցառումների: Պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկվեն Սևանա լճում: Այլապես այսօր բաց թողնել ձկնիկներ` առանց հսկողության անիմաստ է, քանի որ մի կողմից բաց է թողնվում, մյուս կողմից որսվում է»,- կարծում է Բարդուխ Գաբրիլեյանը:

Հոկտեմբեր 12, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր