Թբիլիսիում մեկնարկել է «Navigating Challenges and Shared Good Practices in Climate Action from Local to National Levels» աշխատաժողովը:
Աշխատաժողովի ժամանակ կքննարկվեն կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության և մեղմման տեղական գործողությունները, մարտահրավերները, դրանց լուծման ուղիները, շահագրգիռ կողմերի համագործակցության, պետական քաղաքականությունների իրականացմանը համայնքային մասնակցության հարցերը: Աշխատաժողովին մասնակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից աշխատաժողովին մասնակցում են «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի համահիմնադիր Իրինա Մկրտչյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը:
«Կլիմայական ռիսկերի քարտեզագրում, առնչվող մարտահրավերներ և դրանց լուծման ռազմավարություններ» սեսիայում Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Հայաստանը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ: Հայաստանում 1935-2023 թվականների ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1,6 աստիճանով, մինչդեռ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդագրության կանխատեսումներով մթնոլորտային օդի ջերմաստիճանն այդքան պետք է բարձրանար մինչև 2024 թվականը: Սևանա լճի մակարդակը վերջին 3 տարիների ընթացքում նվազել է, դիտվում է հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների աճ: Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց նաև համայնքային ուսումնասիրությունների արդյունքում ԷկոԼուրի գույքագրած խնդիրները և պետական քաղաքականությունը կլիմայական խնդիրների կարգավորման ուղղությամբ:
«Navigating Challenges and Shared Good Practices in Climate Action from Local to National Levels» աշխատաժողովը կազմակերպել է վրացական «Green Alternative» ՀԿ-ն «Քաղաքացիական հասարակության հզորացում՝ իրականացնելու Ազգային Կլիմայական քաղաքականություն» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության Կլիմայի պաշտպանության միջազգային նախաձեռնության (IKI) ֆինանսավորմամբ, Գերմանիա Երկրի Ընկերների հետ համագործակցությամբ: Աշխատաժողովը կշարունակվի մինչև ապրիլի 18-ը:
Գլխավոր լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի
Ապրիլ 16, 2024 at 13:42