Սյունիքի մարզի սահմանամերձ Շաղատ գյուղը դարերի պատմություն ունի։ 4-9-րդ դարերում Շաղատը եղել է Սյունյաց իշխանների նստավայրը և Սյունյաց հայրապետական աթոռի կենտրոնը։ Այժմյան գյուղը կառուցված է Հին Շաղատի հարևանությամբ:
Շաղատ գյուղ
Գյուղը հիմնադրել են 1829 թ-ին Խոյից, Սալմաստից և Մարագայից գաղթած հայեր։
Շաղատում են գտնվում 19-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, Ճգնավորի սարը միջին բրոնզեդարյան դամբարանադաշտով ու մատուռով, վաղ բրոնզեդարյան և միջնադարյան ամրոցների ավերակներ, մ․թ․ա 6-4 դարերի դամբարանադաշտ, 19-րդ դարի Ձիթհան, որը վերածվել է թանգարանի։
Ճգնավորի սար, լուսանկարը՝ Վիքիպեդիա
Սուրբ Գևորգ եկեղեցի, Լուսանկարը՝ ՏԿԵՆ-ի
Շաղատի Ձիթհան թանգարան, Լուսանկարը՝ Լևոն Մովսիսյանի
Գյուղը հարուստ կենսաբազմազանություն ունի, որի պահպանման և բնական պաշարների կայուն օգտագործման նպատակով «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծվում են էկոմիջանցքներ։
Գյուղում հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է։ Սակայն Շաղատում գյուղատնտեսական աշխատանքները տուժում են կլիմայի փոփոխության հետևանքով։
Այսօր Շաղատն ունի իր հանրային լրագրողները։ Շաղատի բնակիչներ Շահանե Համբարձումյանը և Գայանե Առուստամյանը, մասնակցելով «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում Էկոլուրի կազմակերպած հանրային լրագրողների ցանցի ստեղծման դասընթացին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված «Հանրային լրագրողների ձայնը» խմբում պարբերաբար բարձրաձայնում են Շաղատի բնապահպանական և սոցիալական խնդիրների մասին, ներկայացնում գյուղի առօրյան, տուրիզմի զարգացման հնարավորությունները։
Գայանե Առուստամյանը և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը
Շահանե Համբարձումյանը և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը
Ըստ Շաղատի հանրային լրագրողների՝ գյուղում մի շարք խնդիրներ առաջացել են կլիմայի փոփոխության արդյունքում։
«Սյունիքի մարզի Շաղատ գյուղը հարուստ է եղել խմելու քաղցրահամ ջրի պաշարներով, աղբյուրներով։ Սակայն բնակլիմայական պայմանների փոփոխման հետ մեկտեղ օր-օրի ավելանում է ցամաքած աղբյուրների թիվը։ Շաղատում ժամանակին շատ են եղել անտառածածկ տարածքներ, հիմա փոխարենը լերկ լեռներ են։ Շուրջ 15 տարվա կտրվածքով ակնհայտ երևում է բնության փոփոխությունները, որը գնում է դեպի անապատացում։ Հարկավոր է իրականացնել կլիմայի փոփոխության մարտահրավերները մեղմող և հարմարվողականության միջոցառումներ»,- գրել է Շահանե Համբարձումյանը և տեղադրել 2023թ.ապրիլի 25-ին արված Շաղատի սարից լուսանկար, որում խոտածածկ տարածքը զգալիորեն կրճատվել է։
Լուսանկարը՝ Շահանե Համբարձումյանի
«Սյունիքի մարզի Շաղատ գյուղն ունի կլիմայական փոփոխության խնդիր, որի հետևանքով դաշտամիջյան աղբյուրները ցամաքել են: Արոտավայրերը պակասում են: Խոտի քանակը նվազում է, դժվարանում է անասնապահությունն ու գյուղատնտեսությունը: Խնջլոսի, մանդակի, շուշանի, ավելուկի, շեբի, մասուրի և այլ վայրի հավաքի բուսատեսակների բերքատվությունը նվազել է, ինչի արդյունքում առաջացել է սոցիալական խնդիր: Մարդիկ չեն կարողանում բավարար եկամուտ ապահովել ընտանիքը պահելու համար: Անասնակերի պակասի պատճառով նվազել է անասնաքանակը: Անասնաքանակի պակասից նվազել է կենսավառելիքը՝ աթարը: Օգնեք գտնել լուծումներ բնությունը փրկելու և մեր կենսապայմանները բարելավելու համար»,- գրել է Գայանե Առուստամյանը:
Շաղատ գյուղն ընդգրկված է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից։
LILA ծրագրի շրջանակներում գյուղի կլիմայական մարտահրավերների մեղման համար Շաղատ գյուղի մանկապարտեզի տանիքին 8 կՎտ հզորությամբ արևակայան և ջրատաքացուցիչ է տեղադրվել, ևս 2 կՎտ հզորությամբ շարժական արևային կայան էլ հատկացրել են բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվին: Ձմռանը կայանի արտադրված էլեկտրաէներգիան կօգտագործվի չորանոցի, աղացի, ջերմոցների աշխատանքների համար, իսկ ամռանը՝ հոսանքով կապահովի հեռագնա արոտները:
Ապրիլ 10, 2024 at 17:23