Սույն թվականի ապրիլի 16-ին Քիշնևում (Մոլդովա) մեկնարկեց Կանաչ գործողությունների աշխատանքային խմբի տարեկան հանդիպումը (GREEN Action Task Force Annual Meeting 2024)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) լիազորությունների շրջանակում։
Աշխատանքային խմբի մանդատը ներառում է Տնտեսական համագործակցություն և զարգացում, Արևելյան Եվրոպա, Կովկաս և Կենտրոնական Ասիա (EECCA) երկրները, որոնց ցանկը հաստատվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա։
2024 թվականի տարեկան ժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել կարծիքներ փոխանակելու վերջին զարգացումների և «կանաչ» տնտեսությանն անցնելու ծրագրերի շուրջ, քննարկելու ծրագրերի իրականացումը և 2023-2024 թվականների նախատեսվող գործողությունները, ինչպես նաև աշխատանքային խմբի 2025-2026 թվականների աշխատանքային ծրագիրը։
Մասնակիցներին տրամադրված փաստաթղթերի թվում էին EECCA-ի որոշ երկրներում բնապահպանական պատասխանատվության վերաբերյալ աշխատանքային խմբի զեկույցները․ EU4Environment brochure «Environmental compliance assurance in the Eastern Partnership countries», EU4Environment report «Environmental liability provisions in Armenia: Damage prevention and assessment», EU4Environment report «The Environmental Compliance Assurance System in Georgia: Current Situation and Recommendations», EU4Environment report «Developing environmental liability legislation in the Republic of Moldova», EU4Environment report «The environmental compliance assurance system in the Republic of Moldova: Current situation and recommendations»։
Հայաստանի վերաբերյալ զեկույցում արվել են առաջարկություններ բնապահպանական պատասխանատվության հետ կապված իրավիճակը բարելավելու վերաբերյալ: Առաջարկություններով զեկույցը հրապարակված է այստեղ։
Երրորդ նիստը նվիրված էր բնապահպանական նորմերի համապատասխանությանը՝ շեշտը դնելով օգտակար հանածոների արդյունաբերության վրա։ Նիստի մոդերատոր Մարտին Ռոն-Բրոսսարը (Շվեյցարիա) նշեց այս ոլորտում մոնիտորինգի և բնապահպանական նորմերի պահպանման կարևորությունը:
Բանախոսները հիմնվել են այս հարցի շուրջ անդամ և ոչ անդամ երկրների հետ OECD-ի քսան տարվա աշխատանքի փորձի վրա՝ «EU4Environment Action» ծրագրի շրջանակներում, բնապահպանական տեսչությունների հետ համագործակցությամբ, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:
OECD-ի Շրջակա միջավայրի տնօրինության ծրագրի մենեջեր տիկին Օլգա Օլսոնը ներկայացրեց բնապահպանական նորմերի պահպանման ապահովման թեզիսները, ինչպես նաև Արևելյան գործընկերության վերջին միտումները։ Այնուհետև սկսվեց քննարկում հանքարդյունաբերության կարգավորման և կանոնների պահպանման ապահովման մարտահրավերների շուրջ։
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց Հայաստանում որոշումների կայացման գործընթացին, քաղաքականությանը և ծրագրերին հասարակության մասնակցության վերաբերյալ առանցքային կետերը։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների մոնիտորինգի ծրագրի հաստատումը, այդ թվում՝ արդյունահանման ոլորտում, և այս ծրագրի իրականացումը նշված է ՇՄԱԳ եզրակացության մեջ՝ որպես փորձաքննության պահանջ: Սակայն պահանջն իմպերատիվ բնույթ չի կրում։
Չնայած շահագրգիռ հանրության պահանջներին՝ ՇՄԱԳ մասին նոր ՀՀ օրենքում փորձագիտական եզրակացությունն իրավական կարգավիճակ չունի, ինչը դժվարացնում է բնապահպանական պատասխանատվության վերաբերյալ պահանջների կատարումը։
2023 թվականի մայիսին հաստատվել է Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Քաղաքացիական հասարակության առաջարկությունները միայն մասամբ են ընդունվել: Քաղաքացիական հասարակության առաջարկությունների փաթեթը կարող է կրկին քննարկվել, եթե քննարկվի պետական գերատեսչությունների բնապահպանական պատասխանատվության խնդիրը։
Այդ նպատակով գործում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) հարթակը, որի աշխատանքային խումբը գլխավորում է փոխվարչապետը, խմբում ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններ։
Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մետաղական հանքեր շահագործող ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիների 2 տոկոսը հատկացվում է ազդակիր համայնքներին։ Սահմանվել են այդ սոցիալական վճարների ծախսման ծրագրով նախատեսված ուղղությունները։ Մեր կարծիքով, այս օրենսդրական փոփոխությունները համապատասխանում են բիզնես-համայնք-իշխանություն հարաբերությունները կարգավորող սոցիալական և բնապահպանական պատասխանատվությանը:
Ես կոչ եմ անում այս հանդիպման մասնակիցներին զգուշորեն օգտագործել «կանաչ» տերմինն էներգետիկայի, տնտեսության, գործողությունների ծրագրերի և այլնի առնչությամբ: Այժմ նոր խնդիր է առաջանում՝ կապված էլեկտրատրանսպորտի զարգացման համար անհրաժեշտ հազվագյուտ մետաղների արդյունահանման, ֆոտովոլտային վահանակների արտադրության և այլնի հետ: Արդյունաբերության ցանկացած զարգացում պետք է ունենա կանոնակարգեր և ամբողջական ցիկլային ռիսկի գնահատում, ինչպես նաև ռիսկերը նվազագույնի հասցնելու միջոցառումներ, ռիսկեր, որոնք հաճախ փոխարինվում են «կանաչ» կոչերով», - ասաց Ինգա Զարաֆյանը։
Նիստին ներկա էին նաև Մոլդովայի Տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության պետքարտուղար Վերոնիկա Արփինտինը, Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի դեպարտամենտի վարչական բաժնի պետի տեղակալ Տարիել Իրեմաձեն, Rich Metals Group (RMG) Copper խմբի (Վրաստան) շրջակա միջավայրի պահպանության գծով փոխտնօրեն Ալեքսանդր Դևիձեն, Բնապահպանական իրավունքի իրականացման և կիրարկման Եվրոպական Միության ցանցի (IMPEL) համակարգող Մարկո Ֆալկոնին։
Ապրիլ 18, 2024 at 13:20