2024թ. ապրիլի 17-ին Բրյուսելում` ՄԱԿ-ի գրասենյակում, EU4Dialogue ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Բնապահպանական անվտանգությունը Հարավային Կովկասում և Մոլդովայում» թեմայով քննարկումը, որին մասնակցում էին քաղհասարակության կին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Մոլդովայից: Քննարկմանը մասնակցում էր նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
Քննարկման նպատակն էր ուսումնասիրել կլիմայի փոփոխության գենդերային-տարբերակված ազդեցությունը և դիտարկել բնապահպանական անվտանգության ոլորտում գենդերային զգայուն ծրագրերի իրականացման լավագույն տարբերակները: Մասնավորապես, քննարկվեց բնապահպանական ճգնաժամերի ազդեցության հարցը գենդերային տեսանկյունից, ընդգծվեց, որ անհրաժեշտ են գենդերային զգայուն մոտեցումներ, որոնք կապահովեն կանանց` կլիմայական քաղաքականությունների և վերլուծությունների կազմման աշխատանքներում մասնակցությունը:
Քրիստինա Տեր-Մաթևոսյանը նշեց. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք շատ հաճախ մասնակից չեն իրենց համար կարևոր որոշումների կայացման գործընթացներում, այդ թվում՝ էներգետիկ ու կլիմայական ծրագրերի իրականացմանը»:
Քրիստինա Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց նաև Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների տվյալները, դրանում էներգետիկայի մասնաբաժինը. «Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների գերակշիռ մասը՝ 64 %-ը, առաջանում է էներգետիկայի ոլորտից: Հաջորդը գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում ոլորտից է՝ 18.8 %, որին հաջորդում են արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործում ոլորտը՝ 11.5 %, թափոնների ոլորտը՝ 5.6 %: Հայաստանում ջերմոցային գազերից ամենաէականն ածխածնի երկօքսիդն է (CO2)՝ մոտ 56 %, որին հաջորդում է մեթանը՝ 24.2 %, ազոտի ենթօքսիդի և ֆտորածխածիների մասնաբաժինը՝ 11.4 % և 8.7 % համապատասխանաբար: CO2-ի արտանետումների գերակշիռ մասը՝ շուրջ 95 %-ը, առաջանում է էներգետիկայի ոլորտից՝ հիմնականում պայմանավորված ջերմակայանների, ճանապարհային տրանսպորտի և բնակարանային ենթակատեգորիաների արտանետումներով»:
Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին՝ նա ընգծեց, որ վերջին տարիներին զարգանում է արևային էներգետիկան։ «Արդեն իսկ կառուցված են 500 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ արդյունաբերական մասշտաբի և ինքնավար արևային կայաններ։ Այդ կայաններն արտադրում են Հայաստանում ներկայում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 10%-ը: Հայաստանում ներկայում էլեկտրաէներգիայի 30%-ն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, 30%-ը՝ ատոմակայանում, ևս 30%-ը՝ հիդրոէլեկտրակայաններում:
ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսում է արևային և հողմային էներգետիկայի հզորությունը մինչև 2040թ. հասցնել 2000 ՄՎտ, որից 1500 ՄՎտ-ն՝ արևային, իսկ 500 ՄՎտ-ն՝ հողմային էներգետիկայի հաշվին։ Արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50%-ի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60%-ի»,- նշեց նա։
Խոսելով արևային ֆոտովոլտային կայանների ռիսկերի մասին՝ Քրիստինա Տեր-Մաթևոսյանն անդրադարձավ ֆոտովոլտային վահանակների վնասման դեպքում կամ շահագործումից հետո դրանց պահման ու վերամշակման խնդիրներին: «Հայաստանում դեռ չկան ընկերություններ, որոնք զբաղվում են նմանատիպ թափոնների վերամշակմամբ կամ օգտահանմամբ: Երբ այս հարցը բարձրացվում է պատկան մարմինների մոտ՝ ոլորտի մասնագետները նշում են, թե բավական ժամանակ կա այդ մասին մտածելու: Սակայն մեզ համար կարևոր է իմանալ, թե Եվրոպայում այս հարցն ինչ պատասխան ունի և ինչ լուծումներ են այստեղ մշակվում, ինչպիսին է եվրոպական երկրների փորձը արևային ֆոտովոլտային վահանակների օգտահանման տեսանկյունից»,- ասաց նա:
Ապրիլ 18, 2024 at 00:29