«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն սույն թվականի ապրիլի 16-ին հարցում է ուղարկել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ANIF) գործադիր տնօրենի ժ/պ Տիգրան Ղազարյանին՝ կապված Արագածոտնի մարզի Թալին համայնքում 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի հետ։
Ըստ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի նոր փոփոխությունների՝ «Այգ-1» կայանի կառուցումը հետաձգվել է մեկ տարով՝ 2024 թվականի դեկտեմբերի փոխարեն 2025 թվականի դեկտեմբեր։
ANIF-ը ստացել է 15% բաժնեմասնակցություն «Այգ-1» ծրագիրն իրականացնող «Մասդար Արմենիա» ընկերությունում։ Բաժնետոմսերի մնացած 85%-ը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերությանը։ «Մասդար»-ի կողմից Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն իրականացվել է 320․000․000 դրամի չափով համայնքի զարգացման վճարում։ Իսկ ANIF-ը պարտավորվել է հատկացնել շուրջ 600․000 ԱՄՆ դոլարի չափով գումար Թալին և Դաշտադեմ համայնքներին՝ սոցիալական ծրագրերի համար։
ԷկոԼուրը ANIF-ին դիմել է հետևյալ հարցերով․
1․ Ներկայում ի՞նչ փուլում է գտնվում «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը։
2․ Արդյո՞ք կան խոչընդոտներ՝ կապված ծրագրի իրականացման հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ կայանի կառուցումը մեկ անգամ արդեն հետաձգվել է մեկ տարով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ Իսկ ՇՄԱԳ ստանալուց հետո արդեն անցել է մեկ տարի, և կայանի շինարարությունը սկսված չէ։
3․ «ԷկոԼուրը» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից սույն թվականի հունվարի 31-ին տեղեկացավ, որ «Մասդար Արմենիա» ընկերության կողմից էլեկտրական էներգիայի արտադրության կամ էներգետիկայի բնագավառում այլ գործունեության լիցենզիա ստանալու հայտ չի ներկայացվել, հետևաբար, լիցենզիա չի տրամադրվել։ Խնդրում ենք մեկնաբանել այս փաստը։
5․ «Այգ-1» ծրագրի շրջանակներում «Մասդար» ընկերությունը Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքած նվիրաբերության պայմանագրով իրականացրել է 320 միլիոն դրամի չափով համայնքային զարգացման վճարում։ Բացի Դաշտադեմի ոռոգման ջրագծի կառուցումը, ի՞նչ սոցիալական ծրագրեր են իրականացվում Թալին համայնքում «Այգ-1» ծրագրի շրջանակներում, որքան գումար է հատկացվելու Թալին համայնքին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար պետության կողմից, որքան գումար՝ ANIF-ի կողմից և որքան գումար՝ «Մասդար» ընկերության կողմից։
ANIF-ի գործադիր տնօրենի ժ/պ Տիգրան Ղազարյանը, արձագանքելով ԷկոԼուրի հարցմանը, հայտնել է․ «ԱՆԻՖ-ի և «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։ Ներկա պահին որոշ լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտություն է առաջացել։ Այդ աշխատանքների իրականացումը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ երկրաբանական, հողային»։
Այլ մանրամասներ ANIF-ը չի հայտնել։
Ապրիլ 17, 2024 at 16:24