

Արմենպրես
«Սեւան» ազզգային պարկի Մարտունու մասնաճյուղում ընթանում են Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներ, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի ավագ անտառապետ Համլետ Ղիմոյանը, մինչ օրս տեղամասի ուժերով ծառերից, կոճղերից, արմատներից եւ թփերից մաքրվել է մոտ 12 հեկտար ջրածածկման ենթակա անտառատարածք: Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի օգնությամբ` վաճառվող վառելափայտից առաջացած միջոցների հաշվին:
Մեկ խորանարդ մետր վառելափայտը վաճառվում է 4800 դրամով: Նրա տեղեկացմամբ` մաքրման աշխատանքները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի վերջերը կամ ձմռան սկիզբը, որի ընթացքում մաքրված անտառների տարածքը կհասցվի 25 հեկտարի: Մասնաճյուղի սահմաններն ընդգրկում են Արգիճի գետից մինչեւ Նորատուսի մասնաճյուղ: Այդ հատվածում մեծ թիվ են կազմում նաեւ արդեն ջրածածկված անտառային տարածքները, որոնք պետք է մաքրվեն դրսից ներկրվող հատուկ տեխնիկայի օգնությամբ:
Հոկտեմբեր 19, 2010
