Ինչպես կանդրադառնա Սևանա լճի մակարդակի բարձրացումը լճի էկոհամակարգի ու հարակից ենթակառուցվածքների վրա. հայ-չեխական կոնսորցիումի հետազոտությունը

Ինչպես կանդրադառնա Սևանա լճի մակարդակի բարձրացումը լճի էկոհամակարգի ու հարակից ենթակառուցվածքների վրա. հայ-չեխական կոնսորցիումի հետազոտությունը

Սույն թվականի մայիսի 30-ին տեղի ունեցավ «Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։ Ծրագիրը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվել է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (Հայաստան), «ՋԻՆՋ» ՍՊԸ-ի (Հայաստան) և SWECO-ի (Չեխիա) կոնսորցիումի կողմից։

Ծրագրի նպատակն էր գնահատել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև օրենսդրությամբ սահմանված թիրախային 1903,5 մ և ալիքի բարձրության հավելյալ 1,5 մ բարձրացման համապարփակ ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը մինչև 1903,5 մ մակարդակի համար անհրաժեշտ ջրի ծավալը մոտավորապես կազմում է 3,800 միլիոն խմ, ինչը հնարավորություն կտա նվազեցնել լճի էկոլոգիական ռիսկերը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր ողջույնի խոսքում, ընգծելով Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի կարևորությունը, նշեց, որ կատարված աշխատանքը թույլ կտա ՀՀ կառավարությանը և շահագրգիր կողմերին որոշումներ կայացնել` հիմնվելով փաստացի տվյալների վրա։ «Ծրագրի շնորհիվ իրականացվել է ազդեցության գնահատման համապարփակ ուսումնասիրություն, որը ներառել է ինչպե՛ս բնապահպանական, այնպես էլ՝ սոցիալ-տնտեսական բոլոր ասպեկտների չափումները՝ բացառելու համար բոլոր այն ռիսկերը, որոնք կապված են Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ»,- նշեց նա:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին նշեց. «Սևանա լիճը բոլորիս համար պարզապես լիճ չէ: Այն կարևոր մշակութային ու պատմական նշանակություն ունի, խորհրդանշում է Հայաստանի տոկունությունը: Սակայն Սևանն ունի բազմաթիվ մարտահրավերներ, և բոլորիս ջանքերն են անհրաժեշտ դրանց դիմակայելու համար: Տասնյակ տարիներ վկա ենք եղել լճի մակարդակի իջեցմանը: Այս գնահատումը կօգնի արդյունավետ պլանավորել և իրականացնել միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են լիճը վերականգնելու համար»:

Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են սննդանյութերի կրճատման սցենարները: Մասնավորապես, ֆոսֆորի մուտքի 50%-ով նվազման դեպքում կդիտվեն ֆիտոպլանկտոնների դինամիկայի զգալի փոփոխություններ։ «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի կողմից ծրագրի ղեկավար Գոռ Ղազարյանը նշեց, որ միայն ջրի մակարդակը բարձրացնելով լճի էկոհամակարգի կայունության հարց, միևնույն է, չի լուծվի: «Այնպես չէ, որ եթե լճի մակարդակը 3 մ բարձրանա, ծաղկումը դադարելու է: Այստեղ մենք ավելի շատ պետք է խոսենք ջրի մակարդակի բարձրացման և ջրի որակի բարելավման մասին: Ծրագրի շրջանակում դիտարկվել են շրջակա ենթակառուցվածքների՝ ճանապարհների, երկաթուղու, Արփա-Սևան թունելի վրա ազդեցությունը, որոնք մասամբ ջրասուզվելու են»,- նշեց նա:

Ըստ Գոռ Ղազարյանի՝ լճի մակարդակի 3 մ-ով բարձրացման դեպքում 925 գույք մնալու է ջրի տակ: «1905 մ նիշից ցածր ինչ կա, ապօրինի է: Դա կարող է լինել մեկ քարի կտոր կամ շենք, չհաշված ճանապարհների վերաբերյալ տվյալները: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ դա լավ ազդեցություն կունենա ճահճային ու ջրաճահճային տարածքների վրա. վերականգնում տեղի կունենա, լճի էկոհամակարգը կբարելավվի, ձկների համար միգրացիոն ուղիներ կբացվեն և Մեծ Սևան-Փոքր Սևան  կապը կհաստատվի: Շատ կարևոր է, որ որոշում կայացնողները համադրեն տնտեսական և բնապահպանական շահերը, և բնապահպանականը հաղթի տնտեսականին, որ տարիներ անց չունենանք ճահճի վերածված լիճ»,- ընդգծեց նա:

Ծրագրի ղեկավարը նկատեց, որ թեև կլիմայի փոփոխությունը խոչընդոտ է լճի մակարդակի բարձրացման համար, սակայն ճիշտ գործողությունների ու միջոցառումների իրագործումն անհնարին չի դարձնում օրենքով նախանշված ցուցանիշին հասնելը: «Մեր մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր չէ մինչև 2030թ. այդքան բարձրացնել, չկա այդքան ջուր՝ գետերի հոսքերը նվազել են, գոլորշիացումn ավելացել է, ջրառ կա, ստորերկրյա ջրերի հետ կապված քանակային վերլուծություն պետք է կատարվի: Բոլոր ֆակտորները համադրելով՝ կազմել ենք մոդել Excel ֆայլով, որտեղ շատ հեշտ կարելի է տեսնել, որ նիշն ես ուզում բարձրացնել ու թե քանի տարում է հնարավոր դրան հասնել՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը: 2000-ականների համեմատ լճի մակարդակը 6 մ հնարավոր է բարձրացնել, եթե, օրինակ, ջրառը կառավարվի, այստեղ գործ ունենք նաև տնտեսական այլ ճյուղերի զարգացման, գյուղատնտեսական արդիականացման ծրագրերի, կորուստների նվազեցման, ստորերկրյա ջրերի ճիշտ կառավարման հետ»,- նշեց նա: 

EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը նշեց, որ լճի մակարդակի բարձրացման ազդեցությունների գնահատման ընթացքում իրականացվել է ջրի քանակի ու որակի մոդելավորում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության սցենարները: «Մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը ներառում է հիմնարար տվյալներ, որոնց հիման վրա մեր Կառավարությունը կիրականացնի արդեն հետագա պլանավորման աշխատանքները, որպեսզի առավել արդյունավետ ձևով իրականացնենք ջրի բարձրացումը և Սևանա լճի համար առավել լավ արդյունքի հասնենք: Ջրի ծաղկման հետ կապված էական փոփոխություն գուցե չունենանք: Պետք է իրականացվեն այլ միջոցառումներ ևս, որպեսզի մաքսիմալ արդյունավետ կարողանանք հասնել օրգանական նյութերի կրճատմանը ջրում, որպեսզի նաև ծաղկման գործընթացից դուրս գա Սևանը: Իսկ օրգանական նյութերը գալիս են հիմնականում կենցաղային կեղտաջրերից և գյուղատնտեսությունից»,- նշեց նա:

ԷկոԼուրի հարցին, թե որքանով և երբ է իրատեսական նախանշված 6 մ նիշով բարձրացումն արձանագրելը, Աստղիկ Դանիելյանն արձագանքեց. «Շատ կարևոր է լճից ջրառների կանոնակարգումը: Մենք դրան անդրադառնում ենք «Սևանի մասին օրենքի» վերանայման շրջանակներում, ինչպես նաև Սևանի ռազմավարության մշակման աշխատանքների մեջ, որովհետև այս բոլոր աշխատանքները փոխկապակցված են: Մեր աշխատանքն ավելի շատ տեղեկատվություն է տալիս, թե ինչպես պլանավորել մյուս աշխատանքները: Այն, որ մինչև 2029թ. լճի մակարդակը պետք է բարձրացվեր 6 մ-ով, հասկանում ենք, որ դա ներկայում իրատեսական չէ: Մշակվել է ջրի բալանսի գործիքը, որը թույլ է տալիս կախված դեպի լիճ ջրի մուտքերից և ելքերից, հասկանալ, թե մոտավորապես քանի տարվա ընթացքում հնարավոր կլինի հասնել այդ արդյունքին: Դա կախված է ոչ միայն բնական պայմաններից, այլև այն բոլոր գործողություններից, որոնք մեր Կառավարությունն իրականացնելու է ի նպաստ Սևանի: Եթե մենք կարողանանք ջրառը նվազեցնել, այլ արդյունավետ տեխնոլոգիաներ ներդնել, մենք ավելի շատ ջուր կթողնենք Սևանում»,- նշեց նա:

Միջոցառման ընթացքում «SWECO»-ի փորձագետ Ֆիլիպ Չեյկան ներկայացրեց Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության գնահատման քանակական և որակական մոդելավորման արդյունքները: 

Ծրագրի շրջանակում ջրի քանակական և որակական մոդելավորման հիման վրա վերլուծվել են ազդեցությունները մի շարք ոլորտների վրա, այդ թվում՝ մշտադիտարկման, հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության,  զբոսաշրջության, հանքարդյունաբերության, ստորերկրյա ջրերի,  ենթակառուցվածքների,  շրջակա միջավայրի,  լիճ ջրի ներհոսքի ու ձկնաշխարհի վրա: Այս ոլորտների վրա ազդեցությունների վերաբերյալ իրենց զեկույցներով հանդես եկան «Ջինջ» ընկերությունից Արևիկ Հովսեփյանը և «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ»-ի փորձագետներ Գևորգ Նազարյանը, Աննա Մելիքսեթյանը, Ալինա Պարազյանը, Մարիամ Պետրոսյանը, Լուսինե Համբարյանը, Սուսաննա Հակոբյանը, Սամվել Պիպոյանը:

Հունիս 03, 2024 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր