

2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս մինչև նույն տարվա հունիսի 1-ը։ Որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի հունվարի 30-ի նիստում։
Սիգի որսը կարող է իրականացվել Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։
Այս որոշման ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում շուրջ 20.4 միլիոն ՀՀ դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:
Սիգի որսի չափաքանակի սահմանման հիմքում «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված առաջարկություններն են:
2025 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:
Հունվար 30, 2025 at 15:46