

Անժելա Խաչատրյան, zhamanak.com
Փողերը վերցրել են ու կրակն ընկել
Սեւանա լճի մակարդակի բարձրացումն իսկական պատուհաս է հայաստանյան օբյեկտասեր իշխանությունների համար:
Մինչ լճի մակարդակի բարձրացումը ափամերձ հատվածներում կառուցված հյուրանոցներն ու օբյեկտները համարվում էին VIP, եւ պարզ է, որ դրանց կառուցման եւ այդ տարածքը գնելու համար VIP գումարներ են վճարվել իշխանության մեջ գտնվող համապատասխան անձանց:
Մինչդեռ այսօր, լճի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար, անհրաժեշտ է ապամոնտաժել այդ շինությունները, սակայն դեռեւս նման քայլեր չեն արվում: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 6-ին այցելել է Գեղարքունիքի մարզ եւ հանձնարարել մինչեւ ձյան գալը ապամոնտաժել «Սեւան» ազգային պարկի տնօրինության ներքո գտնվող եւ մինչեւ 1900.25 մ նիշն ընկած տարածքում եղած 32 շենք-շինությունները:
Սեւանի բնապահպանական տեսչության պետի նախկին տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը «Ժամանակ»-ին տեղեկացրեց, որ Սեւանի ափամերձ շրջանում դեռեւս որեւէ ապամոնտաժման աշխատանք չի արվում. «Սերժ Սարգսյանի եւ Մեդվեդեւի գալուց առաջ մի քանի վագոն-տնակ տեղաշարժեցին հետուառաջ, ճանապարհներն իբրեւ մաքրեցին, եւ վերջ, ուրիշ ոչ մի շինություն չի ապամոնտաժվել: Իսկ ջրի տակ մնացած մի քանի տնակները սեւանցիներն իրենց գումարներով են ջրից հանել, որպեսզի ինչ-որ կերպ հետագայում օգտագործեն»: Մարտիրոսյանը նշեց, թե անգամ խոսակցություն չկա, որ առաջիկայում որեւէ բան կանեն: Նրա հավաստմամբ, ջրասույզ եղած շինությունները ահավոր մեծ վնաս են պատճառում Սեւանա լճին. «Նեխման պրոցեսներ են ընթանում, եւ լիճը ճահճի է վերածվում», ինչը սպառնում է բուսական եւ կենդանական աշխարհին:
Հենրիկ Մարտիրոսյանն անգամ չի ակնկալում, որ մեծ շինությունները կապամոնտաժվեն. «Քանի դեռ այս իշխանավորներն են, ոչ մի բան էլ չեն անի, որովհետեւ իրենք են գումարները վերցրել եւ մարդկանց թույլատրել շինարարություն անել լճի ափամերձ տարածքում, այսօր ի՞նչ երեսով են այդ մարդուն ասելու` քանդի շենքդ, նա էլ իր փողերը ետ կուզի»:
Ի դեպ, հոկտեմբերի 20-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ Բնախարարի հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ հիմնադրամը 10 մլն դրամ (մոտ 27 հազար դոլար) է հատկացնելու Հայաստանին` բնապահպանական խնդիրների լուծման, այդ թվում` Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար: Բնախարար Արամ Հարությունյանն էլ ասել է, թե առաջիկա մեկ ամսվա ընթացքում Սեւանա լճի հարակից տարածքից կապամոնտաժվեն բոլոր ժամանակավոր շինությունները, իսկ քարե շինությունները կապամոնտաժվեն ավելի ուշ Հետաքրքիր է տեսնել, թե այդ գումարներով քանի տնակ են ապամոնտաժելու եւ համարելու, որ տրամադրված գումարները ծառայեցին իրենց նպատակին: Կարելի է համոզված լինել, որ եթե այս իշխանությունները հնար ունենային ավելի շուտ Սեւանի մակարդակը կիջեցնեին, քան մի քանի ափամերձ օբյեկտ կքանդեին:
Հոկտեմբեր 26, 2010
