

www.banadzev.com
Առաջին անգամ այս տարի ֆրանսիացիները նկարահանել են Սևանի հատակը: Ու գտել մինչև այժմ անհայտ քարանձավ, ինչպես նաև` մեթանի աննախադեպ մեծ քանակություն, որ կարող է ոչնչացնել ամբողջ Սևանի ստորջրյա աշխարհը: Հատուկ Ռեպորտաժի բացառիկ պատմություններից` Սևանը ներսից և դրսից: Հիդրոսպորտը` Սևանի խորքում և ալիքների վրա: Ֆրանսիահայկական արշավախմբի բացառիկ հայտնագործություններն ու ջրային սպորտի ամենաթանկ ձևերը մեկ վայրում:
Արտակ Ալեքսանյան- Այս տարի առաջին անգամ Ֆրանսիայից ժամանած մասնագետներն ուսումնասիրել են Սևանի ընդերքը: Պարզվում է` Սևանա գեղեցկուհուն այդքան խորքից դեռ ոչ ոք չի տեսել, այլ խոսքով, Սևանի ընդերքը և հատակը երբեք նորմալ չի ուսումնասիրվել: Ջրասույզների նպատակը մեկն էր` տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում և ինչ քիմիական բաղադրություններ ունի լիճը, ուսումնասիրել քարանձավներն ու ֆլորան ու ֆաուան: Այն, ինչ հայտնաբերել են, այն էլ մի քանի օրում ուղղակի սենսացիոն է: Պարզվել է, լիճն իր մեջ ունի ստորջրյա գետ, ավելին, քարանձավներ, որոնք մինչև այժմ հայտնի չէին ոչ մեկին: Այս ոգևորող հայտնագործություններին զուգահեռ եղան նաև խիստ մտահոգիչները. պարզվում է Սևանի հատակում մեթանի պարունակությունն այնքան բարձր է, որ սպառնում է կենդանական աշխարհին: Այս մասին ավելի մանրամասն կշարունակի Գոհար Մանուկյանը:
Գոհար Մանուկյան- Պղպջակների գերակտիվությունը հուշում է` ջրի տակ ջրասուզակ կա: Իսկ հատակի պղպջակները հուշում են. ընդերքում քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում: Այստեղ հոմոսափիենսներին կասկածով են վերաբերվում:
Սևանա լճի տիրակալները
Գեղամա գեղեցկուհին Կլոդ Թուլումջյանին կանչում է դեպի իրեն, թեև հմուտ ջրասուզակը գիտի` արտաքին տեսքը խաբուսիկ է: Նույնիսկ ամռան շոգին ջրի տակ միջինը 18 աստիճան է: Սակայն հենց էքստրեմալ պայմաններն են յոթանասունամյա Կլոդին Ֆրանսիայից բերել Սևանի ափ: Ջուրը մտնելուց առաջ ջրասուզակը պետք է ստորագրությամբ հավաստի, որ սուզվում է սեփական կամքով: Հետազոտությունների առաջին կանգառը Բերդկունք ամրոցի փլատակների շրջակայքն է: Օդի բալոնները կբավականացնեն մեկ ժամ: Առաջին օրվա համար ավելի քան բավարար է: Թույլատրելի խորությունը` մինչև 30 մետր:
Չափագրված քարտեզների ուսումնասիրություն և փորձնական մի քանի սուզում` ու արդեն պարզ է, թե լճի հատակի հատկապես որ հատվածում իմաստ ունի որևէ հետաքրքիր բան փնտրելը: Առաջին զույգը ժամանակ չի կորցնում: Հայ-ֆրանսիական արշավախմբի ղեկավարի կարևոր ցուցումը` փնտրել ստորջրյա քարանձավներ: Կլոդը հենց ստորջրյա անձավների հետազոտության մասնագետ է: Մարսելի ջրասուզումների եւ հետազոտությունների կենտրոնի նախագահը 45 տարի ապրում է ջրում և ցամաքում: Խորասուզման անձական ռեկորդը 150 մետր է: Նրան անծանոթ էր միայն Սևանի հատակը. տասը տարվա երազանքն իրականացավ 2010-ի հունիսին:
- Ապրիլին եկանք ու ինստիտուտների հետ կոնտակտ արինք, որ հունիսին էքսպեդիցիա անենք: Այն կտևի ավելի քան տասը օր, էդքան գործ կա Սևանում,- ասում է Մարսելի ջրասուզումների կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը:
Սևանի` 70 կմ երկարությամբ եւ 55 կմ լայնությամբ հատակը երբևէ չի նկարահանվել: Ջրասուզակը, նմուշներ հավաքելուց բացի, գիտնականների համար նկարահանում է տեղանքը: Գիտնականները ջրասուզակներին սպասում են ափին: Հայաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաբան- քիմիկոսները ջրից դուրս եկած բոլոր նմուշներն անպայման գրանցելու են: Պետք է արձանագրել, թե հատկապես որ խորության վրա և ինչպիսի պայմաններում է ապրել ջրիմուռը կամ խեցգետինը: Ջրասուզակը պետք է բոլոր հարցերին պատասխան ունենա:
- Լճի տակ տեսնում ենք այնպիսի բաներ, որոնք էրոզիայի արդյունք են,- ասում է ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի բաժնի վարիչ Արա Ավագյանը:
Առաջին ենթադրությունը ջրի տակ արդեն հաստատվել է: Ջրասուզակի համար տարօրինակ, սակայն քիմիկոսի համար միանգամայն հասկանալի երևույթ է: Մեթանի պարունակությունը ջրում գերազանցում է թույլատրելի սահմանը: Սևանի ջրում մագնեզիումի պարունակությունը կալցիումից շատ է: Հենց այդ է պատճառը, որ լողորդի օրգանիզմը դժվարությամբ է ընտելանում այս լճի ջրին: Երկրաբանները Սևանում նաև ջրային աղբյուրների հետքեր են գտել: Լճի մեջ գետ կա` տեղանքն արդեն հստակեցրել են:
- Գավառագետը շարունակություն ունի Սևանի մեջ, դա արդեն ապացուցել ենք և այս ընթացքում նմուշներ կհավաքենք Մեծ ու Փոքր Սևանի մեջտեղում ևս մեկ ձորակ կա: Գետակը ջրի տակ է, ձորակը գոյություն ունի,- պատմում է ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի բաժնի վարիչ Արա Ավագյանը:
Սեւանի ափը նաև գիտական վարկածների բախման հրաշալի վայր է: Արա Ավագյանը պնդում է, որ հայտնաբերել են ստորջրյա հրաբխի տեղանք, ինչի մասին վկայում են նախկին քարտեզները: Չէ որ Սևանի հատակով է անցնում երկրաբանական ամենամեծ խզվածքը, ու այս պատճառով է, որ Սևանը տասնամյակներ շարունակ եղել է երկրաշարժային գոտի: Արշավապետի ակնկալիքն արդարացավ. Սևանի հատակին հայտնաբերվեցին ստորջրյա անձավներ: Քարանձավները հայտնաբերել են, սակայն ներս մտնել չեն կարողացել: Արշավախումբը հատուկ սարքավորումների և մասնագետների բազմազանության առումով թերի է: Ջրից դուրս բերած բոլոր նմուշները հանգրվանել են ակադեմիայի լաբորատորիաներում: Ամիսներ անց գիտնականները կտան բոլոր հարցերի պատասխանները: Մեծ հետաքրքրություն առաջացրած նմուշներն արդեն ուղարկել են արտասահման` փորձաքննության:
Ֆրանսահայ ջրասուզակը մի քիչ հիասթափված է. Սևանի հատակին այդպես էլ ձուկ չտեսավ: Փոխարենը կար ագրեսիվ խեցգետինների մեծ հրոսակախումբ, որը հարձակվում և խանգարում էր նկարահանումներին:
Նոյեմբեր 02, 2010
