

President.am
Նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Լոռու մարզեր:
Գեղարքունիքի մարզում Նախագահը ծանոթացել է Սևան-Լճաշեն ճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ ջրածածկ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, նշված ճանապարհահատվածում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվել են հիմնականում ափապաշտպան միջոցառումներ և հողային աշխատանքներ, 3400 մետր երկարության վրա տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաև ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ: Նախագահի հանձնարարությամբ, ճանապարհի դիտարկվող հատվածի ասֆալտապատման համար միջոցներ կտրամադրվեն, և եղանակային բարենպաստ պայմանների պարագայում` արդեն 2011թ. գարնան սկզբին ճանապարհը կասֆալտապատվի: Հանձնարարվել է նաև մինչ այդ ապահովել ճանապարհի անցանելիությունը:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են ջրածածկ և ճահճացած տարածքներում Սևանա լճի մաքրման աշխատանքներ կատարելու համար նախատեսված «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորի տեխնիկական հնարավորություններն ու մաքրման ենթակա տարածքների քարտեզները: Հանրապետության ղեկավարը հանձնարարություններ է տվել նաև լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված` ընդգծելով ջրի մաքրման կարևորությունը:
Ավարտելով աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզում` Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
NEWS.am
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախագահը մարզում ծանոթացել է Սեւանա լճի մաքրման աշխատանքին, ինչպես նաեւ Սեւան-Մարտունի-Գետաշեն ու Սեւան-Լճաշեն մայրուղիների վերականգնման աշխատանքին: Տեղեկացնենք, որ ճանապարհների մի մասը Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով քանդվել էր: Դրանց մի մասն առ այսօր նորոգման կարիք են զգում, ինչի կապակցությամբ առաջիկայում միջոցներ կտրամադրվի:
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ «Սեւան» ազգային պարկի պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է հատուկ խորհուրդ, որն արդեն նիստ է կայացրել, ինչի ընթացքում քննարկվել է նորոգման կարիք ունեցող ճանապարհների, արգելոցի եւ ենթակառուցվածքի հետագա զարգացման հարցերը:
Ըստ նրա` խորհրդում ներկայացված են տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, ինչը հնարավորություն է տալիս խնդրին համակարգային մոտեցում ցուցաբերել:
ՍԵՎԱՆԻ ՋՐԵՐԻ ՏԱԿ 271 ՀԱ ԱՆՏԱՌ Է ՄՆԱՑԵԼ
NEWS.am
20 տարուց Սեւանա լճի մակարդակը կհասնի նախանշված 1903,5 մետր խորությանը: Նման հայտարարություն է արել Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը՝ նկատելով, որ վերջին 8 տարում լճի մակարդակը բարձրացել է 3,5 մետրով՝ հասնելով 1900մ 4 սմ-ի:
Մովսիսյանի խոսքով, դա լավ է, սակայն ջրի մակարդակի բարձրացման պատճառով ջրի տակ է մնացել 360 հեկտար բուսականություն, որից 271 հա-ն անտառ է: Բացի այդ ջրի տակ են մանցել ավելի քան 500 շինություններ, որոնցից կեսը կապիալ են: «Մենք կամաց ապամոնտաժում ենք դրանք: Արդեն 61 շինություն ապամոնտաժվել է»,- նշել է Մովսիսյանը եւ հավելել, որ բնպահպանպանության նախարարությունը ծառերի եւ թփերի մաքրման համար ձեռք էբերել հատուկ «Watermaster III» սարքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բնապահպանության նախարարությունը ֆիննական մի ընկերությունից գնել է «Watermaster classic III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը։ Գումարը, բնականաբար, ֆիննական ընկերությանը պետք է վճարվի եվրոյով։ Սակայն այս ընթացքում դրամը զգալի արժեւորվել է, ուստի պետական բյուջեում առաջացել է 23 մլն դրամի (մոտ 55 հազար եվրո) պակասուրդ: Չէին նախատեսվել նաեւ շահագործման ծախսեր, թեեւ ֆիննական մեքենան արդեն տեղ է հասել:
Ահա՝ այդ գումարները հոգալու համար բնապահպանության նախարարությունն առաջարկում է կրճատել... Սեւանա լիճ մանրաձկների բացթողնումը:
ՄԻՆՉԵՎ 2011Թ. ՎԵՐՋԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ \\\\\$ 7,5 ՄԼՆ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՋՐԱԶՏՄԱՆ 5 ԿԱՅԱՆ
ԱրմԻնֆո
Մինչև 2011 թ. վերջը Հայաստանի 5 քաղաքում կշահագործվի \\\\\$ 7,5 մլն ընդհանուր արժողությամբ ջրազտման 5 կայան: Այդ մասին նոյեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Նրա խոսքով, կայանների ընդհանուր արժեքը, որոնք կառուցվելու են Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս և Ջերմուկ քաղաքներում կկազմի 7,5 մլն դոլար: Նախագծի համար անհրաժեշտ միջոցները կտրամադրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), ավելացրել է նա: «Ներկայումս ավարտվել են հինգ կայաններից երեքի նախագծային աշխատանքները, այնուհետև կսկսվեն շինարարական աշխատանքները: Մենք նախատեսում ենք ընդլայնել այդ ծրագրերը, ներկայումս EBRD-ի հետ բանակցություններ են տարվում ափամերձ համայնքների համար համանման մաքրիչ կառույցների, ինչպես նաև կոյուղիների ստեղծման շուրջ»,- հայտարարել է Վ. Մովսիսյանը: Խոսելով առափնյա գոտիների մաքրմանն ուղղված միջոցառումների մասին` նա նշել է, որ ներկայումս, լճի 1900 մ 4 սմ մակարդակի դեպքում, ջրի տակ է գտնվում 271 հեկտար անտառ և 91 հեկտար թփուտ: «Այդ աշխատանքների իրականացման համար մեր խնդրանքով Բնապահպանության նախարարությունը ձեռք է բերել ծառերի և թփուտների մաքրման Watermaster III մեքենա»,- ասել է նա: Մեկ այլ խնդիր է` տարատեսակ կառույցների ապամոնտաժումը: «Այսօր լճի զբաղեցրած տարածքում մենք ունենք 520 կառույց, որից 203–ը` կապիտալ: Մենք արդեն ապամոնտաժել ենք 61 կառույց, որից 30–ը «Լավանդա Սիթի» համալիրի քոթեջներ են, 22-ը գտնվում են «Սևան» ազգային պարկի հաշվեկշռում»- նշել է Վ. Մովսիսյանը:
Նա հիշեցրել է, որ 2002 թվականից մինչ այսօր Սևանի մակարդակը բարձրացել է 3 մ 46 սմ-ով, իսկ վերջին 3 տարում` 97 սմ-ով: Հանձնաժողովի կանխատեսումների համաձայն, լճի մինչև 1903,5 մ բարձրացում է տեղի կունենա մինչև 2029 – 2030 թթ.: Բացի այդ, սեպտեմբերի 1-ից սկսվել են Սևանն Արփա գետի ջրով մակակարարող թունելի վթարային հատվածի վերականգնման աշխատանքները: «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածը կազմում է 3,35 կմ, վերականգնողական աշխատանքներն իրականացնում է «Արփա-Սևան» շինարարական ընկերությունը: Ծրագրի իրականացման նպատակով ընդհանուր առմամբ նախատեսվում է 6 – 6,5 տարում հատկացնել 11,8 մլրդ դրամ: Ներկայումս իրականացված աշխատանքների ծավալը կազմել է 1 մլրդ դրամից փոքր-ինչ ավելի:
Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի 2011 թ. պետբյուջեի, Սևանի առափնյա գոտիները ջրային գոտու ծառատունկերից մաքրելու նպատակով նախատեսվում է հատկացնել 125,4 մլն դրամ:
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ՄԵՐ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԸ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ ՈՒՆԵՆԱԼՆ Է»
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ
Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ ծախսատար միջոցառումներ են իրականացվելու Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման համար. կառավարությունը որոշել է առաջիկա տարիներին Սեւանի լճի հիմնախնդիրները լուծելու համար տրամադրել մոտ 44 մլրդ դրամ։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահին կից Սեւանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Սովսիսյանը, ընդգծելով, որ Սեւանի խնդիրները գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Ըստ նրա, 2002թ.-ից առայսօր լճի մակարդակը բարձրացել է 3մ 46 սմ-ով, վերջին 3 տարիների ընթացքում՝ 97 սմ-ով, ըստ հանձնաժողովի հաշվարկների, Սեւանա լճի ջրի մակարդակը 2029-2030թթ.-ին կհասնի մինչեւ 1 903,5 մ նիշը (այս տարի լճի մակարդակը բարձրացել է մինչեւ 1 900 մ 4 սմ)։ Ջրի մակարդակի բարձրացման հարցում Վ.Մովսիսյանը կարեւորեց Արփա-Սեւան թունելի վթարային հատվածների վերականգնում. սեպտեմբերի 1-ից սկսվել են 11,8 մլրդ դրամ արժեցող ծրագրով 3 կմ 350 մ վթարային հատվածի վերականգնման աշխատանքները։ Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 6-6,5 տարում։
Լրջագույն խնդիրը եւ գերագույն նպատակը, ըստ Վ.Մովսիսյանի, մաքուր ջուր ունենալն է: «Ցավոք սրտի, լճի վիճակն այսօր այնպիսին է, որ նա այսօր չի բավարարում քաղցրահամ ջուր, մաքուր ջուր ունենալու պահանջներին»,-ասաց նա։ Այդ ուղղությամբ կատարվող քայլերի շարքում Վ.Մովսիսյանը նշեց այն, որ հանձնաժողովի առաջարկությամբ, հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ եւ երկրի նախագահի անմիջական միջամտության շնորրհիվ, մեկընդմիշտ օրակարգից հանվեց Արարատի ոսկու գործարանը Սոթք տեղափոխելու հարցը, ինչի արդյունքում լիճը զերծ կմնա ցիանական միացություններով աղտոտումից։
Լուրջ միջոցառումներ են իրականացվում նաեւ ափամաքրման ուղղությամբ. Սեւանա լճի բարձրացման հետեւանքով ջրում են հայտնվել 271 հա ծառեր եւ 91 հա թփուտներ, իսկ 2-3 տարվա ընթացքում ջրածածկ անտառները կկազմեն 593 հա։ Այդ աշխատանքները կատարելու համար բնապահպանության նախարարությունը 295,6 մլն դրամ գումարով Ֆինլանդիայից ձեռք է բերել «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Դրա միջոցով արմատախիլ են արվում ծառերն ու թփուտները, մաքրվում տիղմն ու եղեգները, կատարվում ափամերձ հարդարման ու բարեկարգման աշխատանքներ։ Եթե լողափն ամբողջ շրջագծով մաքրվի, ապա Հայաստանը կունենա շուրջ 250 կմ երկարությամբ լողափ։ Սկսվել են նաեւ ջրում հայտնված շենք-շինությունների ապամոնտաժման ու տեղափոխման աշխատանքները. ապամոնտաժված են 61 շենք-շինություններ, որոնցից 30-ը «Լավանդա սիթի»-ի քոթեջներն են, 22-ը՝ Սեւան ազգային պարկինը, 6-ը՝ «Նոյլենդ»-ինը: Այս պահի դրությամբ, ջրում հայտնվել են 520 շենք-շինություններ։
Շուտով շահագործման կհանձնվի նաեւ Սեւան ՀԷԿ-ի ջրընդունիչի եւ ձկնապաշտպան կառույցը: Վերջինիս շինարարությունը իրականացվում է Միջազգային էներգետիկ կորպորացիայի պատվերով, ծախսվել է 550 մլն դրամ։
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սեւան-Լճաշեն ճանապարհի Սեւան-Մարտունի-Գետափ 3-5-րդ ջրածածկ հատվածում ներկա գտնվեց ֆիննական մեքենայի փորձարկմանը, որին տեղաբնակները նոր անուն են տվել՝ Քուռկիկ Ջալալի։
Նոյեմբեր 08, 2010
