Ջրակորուստների կրճատում 50 միլիոն խմ-ով, Սևանից ջրառի սահմանափակում տարեկան 5 միլիոն խմ-ով․ Կառավարության ծրագիր

Ջրակորուստների կրճատում 50 միլիոն խմ-ով, Սևանից ջրառի սահմանափակում տարեկան 5 միլիոն խմ-ով․ Կառավարության ծրագիր

ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարիներին 2025թ․ նկատմամբ ջրակորուստները կրճատել 50 միլիոն խմ-ով, ինչպես նաև՝ սահմանափակել Սևանից ոռոգման նպատակով ջրի օգտագործումը` յուրաքանչյուր տարի 5 միլիոն խմ-ով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2026-2031թթ․ ծրագրում։

«Կառավարությունը հանձնառու է իրականացնելու ջրային ռեսուրսների կայուն և արդյունավետ կառավարում՝ ապահովելով ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի բարձր հուսալիություն և հասանելիություն: Համակարգի զարգացման հեռանկարն այն է, որ օգտագործված ամբողջ ջուրը մինչև բնական միջավայր վերադարձվելը կամ ջրային համակարգ կրկին մուտք գործելը ենթարկվի պատշաճ մաքրման և անվտանգության չափանիշներին համապատասխան վերամշակման», - նշված է փաստաթղթում։

Այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքում՝

1) Բարելավվելու է խմելու ջրամատակարարման համակարգի կառավարումը՝ տվյալ ոլորտում միջազգային մեծ փորձով և բարձր հեղինակությամբ կազմակերպության հետ երկարաժամկետ նոր պայմանագրի հաստատմամբ:

2) Հանրապետության ողջ տարածքում բարելավվելու են ջրի որակը և ջրամատակարարման միջին տևողությունը. կառուցվելու է «Սոլակ-Արզական Երևան» ջրամատակարարման համակարգը, ուսումնասիրվելու և ներգրավվելու են նոր ջրաղբյուրներ:

3) Կապիտալ հիմնանորոգվելու են խմելու ջրամատակարարման առավել վթարային համակարգերը և բաշխիչ ցանցերը, կառուցվելու և վերակառուցվելու են ջրամատակարարման այլ համակարգեր, ինչի արդյունքում 2025 թվականի նկատմամբ ջրակորուստները կրճատվելու են առնվազն 50 միլիոն խմ-ով:

4) Ներդրվելու են տարբերակված սակագներ, այդ թվում` նպաստելով տեխնիկական նպատակներով խմելու ջրի օգտագործման սահմանափակմանը և տնտեսական և այլ գործունեության համար խմելու ջրին այլընտրանքային լուծումների կիրառությանը:

5) Արդիականացվելու են Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների և հարակից բնակավայրերի կեղտաջրերի հավաքման, հեռացման, ինչպես նաև գոյություն ունեցող մեխանիկական մաքրման կայանները, ավելացվելու են կենսաբանական մաքրման համակարգերը: Մշակվելու են hանրապետության բոլոր բնակավայրերում կեղտաջրերի կառավարման մոդելները՝ շրջակա միջավայր վերադարձվող ջրերի մաքրման աստիճանը սահմանված ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:

6) Արդիականացվելու են ոռոգման համակարգերը, այդ թվում՝ «Մխչյան» և «Ռանչպար» պոմպակայանները և դրանցով սպասարկող ոռոգման ենթակառուցվածքը: Ոռոգման հնարավորություն է ստեղծվելու 10 հազար հեկտար նոր հողատարածքների համար:

7) Սահմանափակվելու է Սևանից ոռոգման նպատակով ջրի օգտագործումը` յուրաքանչյուր տարի 5 միլիոն խմ-ով:

8) Բարելավվելու է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման ինստիտուցիոնալ միջավայրը, այդ թվում` ապահովելով համակարգի ամբողջական թվայնացում, կարգավորող օրենսդրության և ջրային ռեսուրսների կառավարման մոտարկում միջազգային լավագույն ստանդարտներին:

Շարունակելի

Օգոստոս 27, 2026 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր