

Հայաստանի Ազգային ժողովն օգոստոսի 25-ին ընդունեց ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։
Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներից երկուսը վերաբերում են ջրային ու էներգետիկ ոլորտներում բարեփոխումներին։
Մասնավորապես՝ կառավարության ծրագրում նշված է․
- 10 ջրամբարի կառուցման մեկնարկ՝ 2033 թվականին ավարտելու նպատակադրումով, 350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում, ոռոգման ապահովում 10 հազար հեկտար նոր հողերի համար, ինչպես նաև 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում,
- 1000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։
Շրջակա միջավայր․ ծրագրի հիմնական դրույթները
Կառավարությունը շրջակա միջավայրի քաղաքականության հիմնական նպատակներն է համարում բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը, կենսաբազմազանության պահպանումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումը՝ առողջ և անվտանգ միջավայր ապահովելու համար։
«2026թ․ հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP 17) համաժողովի նախագահությունը՝ շուրջ երկու տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գլոբալ որոշումների ընդունման կենտրոնական դերակատարում ունեցող երկիր՝ ստանձնելով այդ դերի պատշաճ իրականացման հանձնառություն», - կարդում ենք պաշտոնական փաստաթղթում։
Ծրագրում առանձնացված են շրջակա միջավայրին վերաբերող հետևյալ 11 ուղղությունները․
1) Ապահովվելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած՝ ԵՄ հրահանգներին մթնոլորտային օդի, ջրի որակի, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, արդյունաբերական արտանետումների, կլիմայի փոփոխության, քիմիական նյութերի և թափոնների կառավարման մասով բնապահպանական օրենսդրության ամբողջական ներդաշնակեցումը:
2) Կատարելագործվելու է կլիմայական քաղաքականությունը՝ ներդնելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը նպաստող տնտեսական մեխանիզմներ, այդ թվում՝ ածխածնի գնագոյացման համակարգը:
3) Ստեղծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան մթնոլորտային օդի որակի համապետական մոնիթորինգի համակարգ՝ 16 ժամանակակից դիտակայանով և ռեֆերենս լաբորատորիայով:
4) Ընդլայնվելու է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի՝ «24/7» ռեժիմով աշխատող ցանցը:
5) Ապահովվելու է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումն ու պահպանությունը՝ խթանելով ջրախնայողությունը, պահպանելով գետային էկոհամակարգերը և սահմանափակելով Արարատյան արտեզյան ավազանից ջրի օգտագործումը՝ մինչև օրենքով սահմանված տարեկան վերականգնվող առավելագույն 926 մլն խմ չափաքանակ:
6) Ներդրվելու է Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգային կառավարման մոդել՝ վերականգնելով գետային էկոհամակարգերը, կեսաբազմազանությունը, ապահովելով Կառավարության որոշմամբ սահմանված ջրի առնվազն «լավ» որակի նորմը և կրճատելով աղտոտման ծավալները, ինչպես նաև իրականացվելու են Սևանա լճի ջրածածկ՝ առնվազն 100 հեկտար, անտառտնկարկների մաքրման աշխատանքներ՝ ըստ առաջնահերթ գնահատված տարածքների: Այս ջանքերին զուգահեռ կիրականացվեն նաև Սևանա լճի ափամերձ տարածքների աղբահանությանը և «Սևան» ազգային պարկի տարածքում ոչ օրինական հիմքերով վարձակալված և (կամ) զավթված տարածքների վերադարձին ուղղված աշխատանքներ։
7) Իրականացվելու են շուրջ 10 հազար հեկտար անտառատնկման և անտառվերականգնման աշխատանքներ:
8) Էկոպարեկային ծառայության կողմից ժամանակակից հսկողական տեխնոլոգիաների միջոցով ապահովվելու է հանրապետության ամբողջ տարածքում 24/7 ռեժիմով անտառների և ԲՀՊ տարածքների՝ ներառյալ որսագողերից վայրի կենդանիների պահպանություն:
9) Թվայնացվելու են շրջակա միջավայրի կառավարման տեղեկատվական համակարգը և ոլորտի թույլատվական ծառայությունները, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը՝ անցում կատարելով ռիսկերի տվյալահենք և միասնական թվային կառավարմանը:
10) Շարունակաբար կիրարկվելու են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի դրույթները, և ի թիվս այլնի` թափառող ընտանի կենդանիների համար կացարաններ և հարակից ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ:
11) Ուժեղացվելու է շրջակա միջավայրի պահպանության հանրային վարքականոնի ձևավորմանն ուղղված էկոլոգիական կրթության համակարգը՝ ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության միջոցով։
Շարունակելի
Օգոստոս 27, 2026 at 16:30
