Համայնքները՝ կենսաբազմազանության պահպանության առաջնային օղակ. ՀՀ համայնքային ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը

Համայնքները՝ կենսաբազմազանության պահպանության առաջնային օղակ. ՀՀ համայնքային ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը

«ԷկոԼուր»-ը և ՀՀ համայնքների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ուղղված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերին, միջազգային կազմակերպություններին։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP 17) ընդառաջ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերի ՏԻՄ, ՀԿ և ակտիվ բնակիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Հայտարարության հեղինակներն ընդգծում են Հայաստանի՝ որպես համաշխարհային կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկի կարևորությունը և բարձրաձայնում տեղերում առկա լրջագույն խնդիրները՝ տնտեսական գործունեության վնասակար ազդեցությունից մինչև ֆինանսների սղություն, որոշումների կայացմանը համայնքների ցածր մասնակցություն և կլիմայական մարտահրավերներ։

Համայնքները դիմում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությանը և Կողմ երկրներին, միջազգային կազմակերպություններին՝ առաջարկելով ճանաչել համայնքները՝ որպես բնապահպանական գործողությունների առաջնային օղակ, ներդնել ուղիղ ֆինանսավորման մեխանիզմներ և խստացնել բնապահպանական պահանջները ռիսկային տնտեսական ծրագրերի նկատմամբ։

Հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորև.

 

                                                      ՀՀ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանուն կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման

Ներքոնշյալ  տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակիչների անունից՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյան

  1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Արման Բազինյան
  2. ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյան
  3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյան
  4. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյան
  5. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյան
  6. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի բնակիչ, «Իզոտոն» ՍՊԸ-ի հիմնադիր  Հայկ Իսախանյան
  7. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքից «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյան
  8. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Սաթիկ Բադեյան
  9. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրհուս կենտրոնի համակարգող, «Էկոպոլիսի բնապահպանական կենտրոն համայնքային անվտանգության և զարգացման համար» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյան  
  10. ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի բնակիչ, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյան
  11. ՀՀ Արարատի մարզի Արմաշ բնակավայրից «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյան
  12. ՀՀ Արարատի մարզի Արմաշ բնակավայրի բնակիչ, «SunRise Tour» զբոսաշրջային ընկերություն» սոցիալական ձեռնարկության հիմանդիր Անահիտ Մաթևոսյան


Մենք՝ վերոստորագրյալ ՀՀ համայնքների ներկայացուցիչներս, կարևորում ենք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Հայաստանում։ Հայաստանը համարվում է աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկն իր հարուստ, բայց և վտանգված կենսաբազմամազանության շնորհիվ։ Ողջունում ենք Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի վերանայման գործընթացը, որի արդյունքում կգնահատվի Կոնվենցիայի Կողմ երկրների՝ կենսաբազմազանության պահպանմանը, վերականգնմանը և կայուն օգտագործմանն ուղղված առաջընթացը, առկա բացերը և մարտահրավերները։

Մենք, լինելով գլոբալ այս գործընթացի մի մասը, գիտակցում ենք մեր պատասխանատվությունը կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման նկատմամբ։ Միևնույն ժամանակ, բախվում ենք մի շարք մարտահրավերների, որոնք դժվարացնում են կենսաբազմազանության պահպանումը և վերականգնումը։

Այդ մարտահրավերներն են․

  • Համայնքային տարածքներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, որոնք ոչնչացնում են տեղի կենսաբազմազանությունը, խաթարում էկոհամակարգային հավասարակշռությունը, ակտիվացնում անապատացման գործընթացները, նպաստում սողանքների առաջացմանը, փոխում տեղի լանդշաֆտն ու բնական միջավայրը
  • Աղքատությունը, որը հաճախ ստիպում է մեծացնել ճնշումը տեղի կենսաբազմազանության վրա
  • Մարդ և վայրի կենդանի կոնֆլիկտը
  • Ֆինանսների սղությունը՝ իրականացնելու կենսաբազմազանության պահպանման և վերականգնման ծրագրեր
  • Կլիմայի փոփոխությանը դիմակայունության անբավարարությունը
  • Ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը
  • Թափոնների կառավարման ոլորտի խնդիրները
  • Կենսաբազմազանության պահպանման գործում տնտեսական ծրագրերի հասարակական լսումների ընթացքում համայնքի ավանդական գիտելիքը, կարծիքը և իրավունքը հաշվի չառնելը
  • Կենսաբազմազանության առնչությամբ որոշումների կայացման գործընթացում համայնքային ցածր մասնակցությունը, ներառականության պակասը։
  • Կանաչ տարածքների հաշվին իրականացվող շինարարությունը
  • Բնահեն լուծումների անբավարարությունը
  • Համայնքային թույլ կարողությունները։

Գիտակցելով կենսաբազմազանության պահպանման կենսական նշանակությունը մեր համայնքների կենսագործունեության, զարգացման համար՝ հայտարարում ենք․ 

  • մեր հանձնառությունը՝ նպաստելու ՀՀ կենսաբազմազանության պահպանության 2026-2030թթ․ազգային թիրախները կյանքի կոչելուն
  • մեր պատրաստակամությունը՝ դառնալու կենսաբազմազանության պահպանման գործընկերներ, պաշտպանելու և պահպանելու մեր համայնքների բնական ժառանգությունը, աջակցելու էկոհամակարգերի վերականգնմանը, կանխելու կենսաբազմազանության կորուստը, նվազեցնելու մարդ–վայրի բնություն կոնֆլիկտը, առաջնորդվելու բնահեն լուծումներով։

Մենք հավատում ենք, որ կենսաբազմազանության պահպանումը և համայնքների կայուն զարգացումը ոչ թե հակադիր, այլ փոխլրացնող նպատակներ են։

Մենք վստահ ենք, որ համատեղ ուժերով և փոխգործակցությամբ կարող ենք հասնել  գլոբալ նպատակների։ Հետևաբար, որպես համայնքների ընդհանուր ձայն, այս հայտարարությամբ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ նպաստելու Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 2030 թվականի թիրախների կյանքի կոչմանը։

Հղում անելով Բազմամյա աշխատանքային ծրագրի «Կոնվենցիայի 8(j) հոդվածին և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթներին վերաբերող հարցերին» կետին՝ առաջարկում ենք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը, Կողմ երկրներին և համապատասխան միջազգային ու ազգային կառույցներին․

  1. ճանաչել համայնքը որպես կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործողությունների առաջնային օղակ
  2. ներդնել մեխանիզմներ՝ ֆինանսավորելու համայնքների կենսաբազմազանության պահպանման, վերականգնման և կայուն օգտագործման միջոցառումները  
  3. խթանել բնահեն լուծումների և էկոհամակարգային մոտեցումների կիրառումը համայնքային ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, հողերի վերականգման, քաղաքային կանաչ տարածքների և աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում
  4. ստեղծել կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման գործընթացին համայնքների լիարժեք մասնակցության մեխանիզմներ
  5. դարձնել համայնքները Կունմին- Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախներին հասնելու կարևոր դերակատարներ՝ նրանց վրա դնելով պարտավորություններ և դրանց կատարման համար ստեղծելով մեխանիզմներ
  6. ազգային կենսաբազմազանության գործողությունների ծրագրերում ներառել համայնքային գործողություններ
  7. բարձրացնել համայնքների կարողությունները՝ կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման գործում
  8. խիստ բնապահպանական պահանջներ սահմանել տնտեսական այնպիսի ծրագրերի համար, որոնց իրականացումը սպառնում է կենսաբազմազանության կորստով, շրջակա միջավայրի աղտոտմամբ, էկոհամակարգային հավասարակշռության խախտմամբ
  9. կենսաբազմազանությունը դիտարկել ոչ միայն որպես բնապահպանական, այլև համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման հնարավորություն՝ խթանելով էկո և ագրոտուրիզմը, կայուն գյուղատնտեսությունը, կանաչ աշխատատեղերի ստեղծումը և բնության վրա հիմնված տեղական տնտեսական գործունեություն»:

Հայտարարությունը մուտքագրվել և հրապարակվել է CBD COP 17-ի պաշտոնական կայքում COP 17-ի աշխատանքներում Կոնվենցիայի Կողմ երկրների պատվիրակություններին ներկայացնելու համար։

Հոկտեմբեր 21, 2026 at 23:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր