««ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ»-Ի ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

««ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ»-Ի ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեղամասերում շարունակվում են Սեւանա լճին ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառային տարածքները ծառերից, թփերից եւ բուսական այլ համակեցություններից մաքրելու աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը, անտառմաքրման աշխատանքներն իրականացնելուն նպաստում են տաք ու առանց տեղումների եղանակները:

Մաքրումն իրականացնում են հիմնականում ֆիզիկական անձինք, որոնք իրենց կատարած աշխատանքի դիմաց տանում են շինափայտը կամ վառելափայտը` որպես բնավճար մուծելով միայն աննշան արժեք: Այսօրվա դրությամբ Սեւանի տեղամասում մաքրվել է 23 հա, Նորատուսի տեղամասում` 2 հա, Մարտունու տեղամասում` 13 հա, Վարդենիկի տեղամասում` 12 հա, Վարդենիսի տեղամասում` 3 հա անտառային տարածք: Անտառմաքրման թույլատրելի շերտը կազմում է ջրի ափից մինչեւ 1902 մետր նիշը:

 Մաքրման աշխատանքները շարունակվում են նաեւ ջրածածկված անտառային տարածքներում` լաստանավի վրա տեղադրված մեխանիզմների եւ դրսից ներկրված հատուկ լողացող տեխնիկայի միջոցով: Առայժմ այդ աշխատանքները կատարվում են Լճաշենի հատվածում: Տնօրենի խոսքով` ջրածածկված անտառներում մաքրման աշխատանքներն արագացնելու համար հարկավոր է ավելացնել մեխանիզմներով զինված նոր լաստանավ, որպեսզի լիճը հնարավորինս շուտ մաքրվի աղտոտման սպառնալիքից:

Նոյեմբեր 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր