

Tert.am
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը կառավարությանն առաջարկ է ներկայացրել՝ ընդհանրապես արգելել որսը Սևանա լճում։ Այս մասին նոյեմբերի 26-ի ասուլիսի ժամանակ ասաց ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։ Այս նախաձեռնությանն աջակցում է նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը։
ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանը տեղեկացրեց, որ անցած ուրբաթ Սևան բաց է թողնվել 200 հազար մանրաձուկ, մասնավորապես ամառային բախտակ և գեղարքունի։ Անցյալ տարի լիճ էր բաց թողնվել 307 հազար մանրաձուկ։
Աբրահամյանը նշեց, որ այս ծրագիրը շարունակական բնույթ ունի։ Այս տարի դրա իրականացման համար հատկացվել է 28 մլն դրամ։
Ասուլիսի ընթացքում Բարդուխ Գաբրիելյանը բարձրացրեց ձկան ապօրինի վաճառքի հարցը՝ նշելով, որ շուկաներում վաճառվում է որսված իշխան։
«Պաշտպանությունը պետք է իրականացվի ավելի պատշաճ կերպով, որպեսզի ներդրված գումարներն ավելի արդյունավետ լինեն»,– ասաց նա։
ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հունանյանն իր հերթին նշեց, որ լիճ բաց թողնված մանրաձկների պաշտպանությունն իրականացվում է պատշաճ ձևով։
«Առաջին երեք օրերը տեսուչները գիշեր-ցերեկ իրականացնում են շուրջօրյա հսկողություն, դրանից հետո՝ ամենօրյա ռեժիմով»,– պարզաբանեց նա։
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ Ե՞ՐԲ ԿԱՐՈՂ Է ԻՇԽԱՆԸ ԻՆՔՆԱՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
Panorama.am
Ամեն տարի 60 մլն դրամի ամառային ու գեղարքունի տեսակի իշխանի մանրաձուկ է բաց թողնվելու Սևանա լիճ: Այս թիվը ներառված է պետական բյուջեում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանն ասաց, որ մեկ շաբաթ առաջ լիճ է բաց թողնվել 28.8 մլն դրամի 200 հազար ամառային տեսակի մանրաձուկ:
«Մինչև 2007 թվականը ընդամենը 10 մլն դրամ էր տրամադրվում այդ ծրագրի համար: 2008-ից այդ գումարն ավելացել է: 2007-ին բաց է թողնվել 175 հազար մանրաձուկ, 2008-ին` 250 հազար, 2009-ին` 307 հազար»,-տվյալները ներկայացրեց նա: Մասնագետներն ասում են, որ բաց թողնված ձկների միայն 10 տոկոսն է հետո ձվադրման գնում: Բնապահպանության նախարարությունն այժմ մտածում է ընդառաջել ԳԱԱ առաջարկին ու 3 տարով ընդհանրապես Սևանա լճում արգելել որսը, այդ թվում և խեցեգետիների:
Իշխանի բնական պոպուլյացիայի վերականգնման ու ինքնաարտադրման հասնելու, Կարմիր գրքից ձկան այս տեսակը հանելու համար, ըստ մասնագետների, դեռ 12-15 տարի է պետք: «Եթե նորմալ պայմաններ ստեղծվեն, ապա կունենանք նորմալ վերականգնվող պոպուլյացիա Սևանում»,-ասաց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, Բարդուխ Գաբրիելյանը:
ՊԱՏՇԱ՞Ճ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻՆ, ԹԵ՞ ՈՉ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Panorama.am
Եթե պատշաճ պահպանություն իրականացվեր, ապա Սևանա լիճ լցված իշխանի մանրաձուկն ավելի արդյունավետ վերարտադրություն ու ձվադրում կունենար: Նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայատնեց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, Բարդուխ Գաբրիելյանը, հիմք ընդունելով իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունները: Վերջնական հաշվետվությունը կհրապարակվի տարեվերջին:
Ստուգումները վերաբերում են 3-4 տարի առաջ լիճ բացթողնված ձկների վերարտադրությանը, որոնք հասել են ձվադրման տարիքի: «Ուսումնասիրությունները կատարվել են գետերում և լճում: Որսվել են և ամառային իշխան, և գեղարքունի տեսակները: Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ կարող էր ավելի արդյունավետ լիներ, եթե պատշաճ պահպանություն լիներ»,-ասաց Բ. Գաբրիելյանը, ավելացնելով, որ ինքն էլ շուկայում հանդիպել է իշխանի:
ԲՆ բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության պահպանման վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հունանյանն իր հերթին հավաստեց, որ պատճաշ պահպանություն իրականացվում է: Նախարարի հրամանով, մանրաձկան բացթողնման օրվանից հետո սահմանվում է եռօրյա շուրջօրյա հերթապահություն, այնուհետ իրականացվում է ամենօրյա ռեժիմով հերթապահություն: Հերթապահություն իրականցնում են թե այս տեսչության, թե Սևան ազգային պարկի աշխատակիցները:
«Մենք կոչված ենք վերահսկելու, որը և կատարում ենք»,-ասաց ԲՆ պաշտոնյան: Նրա ներկայացրած տվյալներով, վերահսկողության արդյունքում այս տարվա առաջին տասը ամիսների ընթացքում կազմվել է 139արձանագրությու, 5 մլն 400 հազար դրամ գանձվել է պետական բյուջե վարչական տուգանքի տեսքով, ևս 4 մլն 50 հազար դրամ` որպես վնասի փոխհատուցում:
«Դուք պատեկարցնո՞ւմ եք, ինչքան ձուկ են որսացել, որ այդքան գումար մտել է բյուջե որպես տուգանք ու հատուցում»,-նկատեց Բ. Գաբրիելյանը:
Նշենք, որ այս տարի` մեկ շաբաթ առաջ լիճ է բաց թողնվել 200 հազար իշխանի մանրաձուկ:
Նոյեմբեր 26, 2010
