

Արմինֆո
Սևանի սիգը որսագողության խիստ ճնշման տակ է, հայտարարել է Ռուսաստանի ԳԱ Ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի ձկների էկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Յուրի Գերասիմովը դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա հավաստմամբ, այժմ ձկների պոպուլյացիայի վրա բացասաբար անդրադարձող գլխավոր գործոնը որսագողությունն է, և եթե պահպանության միջոցներ չձեռնարկվեն, ապա Սևանի սիգն ու իշխանը կարող են անհետանալ: Գերասիմովը նշել է, որ ձկները հեշտությամբ որսագողերի ավար են դառնում բեղմնավորման շրջանում էլեկտրաորսի արդյունքում: Նրա ասելով` հոկտեմբերին ռուսաստանցի մասնագետները հետազոտություն են անցկացրել Սևան թափվող գետերում, որտեղ, հիմնականում, ձկնկիթ են դնում ձկները: Արդյունքներն անմխիթար են. գետերում, որտեղ նախկինում իշխան էր հանդիպում, այդ ձկնատեսակն արդեն բացակայում է:
Ռուսաստանցի մասնագետների գնահատմամբ, Սևանի ծածանը, սիգը և այլ ձկնատեսակներ կարող են բնական ճանապարհով վերականգնել իրենց պոպուլյացիան, սակայն, միայն այն դեպքում, եթե մի քանի տարի լճում ու գետերում խիստ պայքար մղվի որսագողության դեմ: Սիգի վերականգնման համար, որի պաշարներն արդեն մի քանի տարի ծայրահեղ ցածր մակարդակում են (170-180 տոննա), Գերասիմովի ասելով, անհրաժեշտ է 3-4 տարի:
Ինչպես նշել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ռուսական կողմի հետ համագործակցությունը Սևանի էկոհամակարգի ուսումնասիրման առումով կշարունակվի: Մասնավորապես, նախատեսվում է անցկացնել իշխանի գենետիկական անալիզ, ինչը թույլ կտա բացահայտել մաքուր տեսակի և խառնուրդի հարաբերակցությունը:
Ավելացնենք, որ վերջերս Ռուսաստանում լույս է տեսել «Սևանա լճի էկոլոգիան դրա մակարդակի բարձրացման շրջանում», որը ներառում է 2005-2009 թթ. Սևանա լճի հիդրոէկոլոգիական հետազոտման ռուս-հայկական արշավախմբի հետազոտության արդյունքները:
Դեկտեմբեր 09, 2010
