ՍԵՎԱՆԻ ՍԻԳ

ՍԵՎԱՆԻ ՍԻԳ

Գալուստ Նանյան, «Հայաստանի Հանրապետություն»

Եթե որսն արգելվում է, որտեղի՞ց է այն շուկա բերվում

Որսն արգելված է, վաճառքը՝ ոչ

1970—80 ական թվականներին Հայաստանը տարեկան արտադրում էր մինչեւ 7500 տոննա ձուկ, որից 1200 տոննան բաժին էր ընկնում Սեւանա լճին։ Նախկին ԽՍՀՄ—ում տարեկան արտադրվող 2 հազար տոննա իշխան ձկան միայն 500 տոննան արտադրվել է մեր երկրում։ Այսօր Սեւանի իշխանի մասին կարելի է երազել, իսկ եթե լիճ դուրս եկած ձկնորսական նավակի ցանցի մեջ հայտնվում է իշխան, ձկնորսների գործը «կպնում» է, եւ այդ օրը նրանց հաջողված օրերից է համարվում։

Որքան սիգ կա  Սեւանում

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական աշխարհի պահպանության բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանի հավաստմամբ՝ 1990— ական թվականներին տարեկան որսը այս ջրավազանից կատարվել է ավելի քան 2000 տոննա ծավալով. «Հետագա տարիներին ձկան քանակը Սեւանից սկսեց հետզհետե պակասել, եւ այսօր արդեն ունենք սիգի բավականին կրճատված պաշարներ»։ Ըստ Կ. Ճենտերեճյանի՝ 2008 թվականին ԳԱԱ—ի հիդրոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի հետ միասին «Սեւան» ազգային պարկը Սեւանա լճում կատարեց ուսումնասիրություններ, որոնց հիման վրա պարզվեց, որ լճում նախնական գնահատականով կա 180 տոննա սիգ, որը հավասար է 2007 թվականի տվյալներին, եւ դա չի կարելի արդյունաբերական քանակ համարել։ «Այսօր սիգի քանակը այնքան է, որ վերջին երկու տարին անընդմեջ բնապահպանության նախարարի հրամանով Սեւանա լճում այդ ձկան արդյունագործական որսը չի արտոնվում»,–հայտնեց Կ. Ճենտերեճյանը։

Ըստ մեր ունեցած տվյալների՝ 2008 թ. ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի, «Սեւան» ազգային պարկի կողմից լճում կատարված ձկնապաշարի հաշվարկների համաձայն՝ ընդհանուր ձկնապաշարի ծավալները կազմել են 336 տոննա՝ 2007 թ. 205 տոննայի փոխարեն։ Տեղեկատվության համաձայն՝ ձկնապաշարը ավելացել է կարասի հաշվին, իսկ սիգի ծավալները մնացել են նույնը՝ 180 տոննա։

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ չնայած կառավարությունն ամեն տարի պետբյուջեից գումար է հատկացնում Սեւանա լիճ որոշակի քանակությամբ մանրաձկներ բաց թողնելու համար, սակայն դա արդյունավետ չէ, քանի որ լճում ձկների պահպանությունն անբավարար է։

Ինչ է ստացվում. պետությունն ամեն տարի 250–300 հազար հատ մանրաձուկ է բաց թողնում լիճ, իսկ մեր ձկնորսներն այդ քանակությամբ եւ դեռ ավելին ձուկ են դուրս բերում Սեւանից եւ իրացնում շուկաներում։

Վիճակագրության համաձայն, օրինակ, 1983 թվականի համեմատ Սեւանում եղել է սիգ ձկնատեսակի 10 հազար 800 տոննա կենսամաս, որի չափային հարաբերությունը եղել է 34 սմ—ից մինչեւ 40 սմ։ 2005 թվականի ուսումնասիրություններով սիգը լճից պակասել է 17,3 անգամ եւ հասել է 625 տոննայի, որի չափային հարաբերությունը կազմել է 20–28 սմ։

ՀՀ ԳԱԱ—ից հայտնում են, որ չնայած իրենք ողջունում են ձկնորսության արգելքը, որ դրվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, սակայն եթե այսօր էլ բնապահպանական տեսչության աշխատակիցներն ընդամենը մեկ օր շրջայց կատարեն երեւանյան շուկաներում, կնկատեն ձկնավաճառների, ովքեր Սեւանից բերված սիգ են վաճառում։

«Սեւանա ձուկ. իկրեն խանեմ, տամ»
Երեւանյան մի քանի շուկաներում մեր շրջայցերի ժամանակ նկատեցինք, որ այսօր էլ այնտեղ սիգ են վաճառում. «Սեւանա ձուկ, Սեւանա ձուկ», կամ էլ՝ «Իկռա. կիլոգրամը 4000 դրամ»։ Շուկայում վաճառքի հանված սիգերն ընդամենը 15—20 սմ երկարություն ունեին, որոնց 4 հատը վաճառվում էր 1000 դրամով։ Մեր հարցին, թե՝ «Ավելի մեծ սիգ չունե՞ք», ձկնավաճառ Անուշը հայտնեց. «Եթե գայիք առավոտյան, ավելի մեծերը կային»։ Նա նաեւ երդվեց, որ սիգը Սեւանից է բերված. «Տղա ջան, եթե չգիտես, ասեմ՝ սիգը միայն Սեւանում է լինում»։

Գեղարքունիքի մարզից Երեւան հասած վերավաճառող— ձկնավաճառների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ նրանք մեծ դժվարությամբ են մայրաքաղաք հասցնում սիգը։ Մեզ հետ զրույցի ընթացքում նրանցից մեկը նշեց, որ որսալն էլ դժվար է. «Չեմ էլ հասկանում, թե որտեղից են տղերքը կարողանում որսալ։ Ամբողջ օրը անցկացնում են լճում, հազիվ կարողանում են մի քանի կիլո ձուկ հանել ծովից»։

Սեւանի ձկնապաշարների, մասնավորապես՝ սիգ եւ իշխան տեսակների բնական վերարտադրությունն ապահովելու համար Սեւանա լճում ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով անցյալ ամբողջ տարի ձկնորսության արգելք սահմանվեց։ Լճից հավաքվեցին հարյուրավոր ձկնորսական ցանցեր եւ խեցգետնաորսիչներ, որոնք, ի ցույց բոլորի, այրվեցին։

«Երբ լճի ջրի ջերմաստիճանն իջնում է մինչեւ 5 աստիճան, սկսվում է ձվադրման գործընթացը, եւ բնական վերարտադրությունն ապահովելու համար պետք է դադարեցնել ձկնորսությունը Սեւանա լճում»,–«ՀՀ»—ին հայտնել էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Այսօր էլ սիգի որսը արգելված է, բայց երեւանյան շուկաներում առանց դժվարության կարելի է, ինչպես միշտ, Սեւանից բերված սիգ գնել. մեծերը՝ հատը 1000 դրամով, փոքրերը՝ 250—300...

Հ. Գ. Հավելենք, որ ծրագրվում է 2009 թվականին նույնպես պետական բյուջեով Սեւանա լիճը ձկնապաշարով համալրելու համար 80–90 մլն դրամ ծախսել։

Հունվար 29, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր