ՍԻԳԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՐԳԵԼՔՆ ԱՐԴԵՆ ՆՄԱՆ Է ՇՈՈՒԻ

ՍԻԳԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՐԳԵԼՔՆ ԱՐԴԵՆ ՆՄԱՆ Է ՇՈՈՒԻ

Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ

Հաղորդում հանցագործության մասին
  
«Հենարան» ակումբը «Սեւանա լճում ձկնատեսակների որսի արգելանք» թեմայով լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ ԿԱՐԵՆ ՊԱՊՈՅԱՆԻՆ եւ նույն տեսչության կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ
  
Կ.Պապոյանը նախ ներկայացրեց բնապահպանության նախարարի հրամանը, որով արգելվել է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսը։ Ըստ նշված հրամանի, ս.թ. դեկտեմբերի 9-ից մինչեւ 2011թ. հունվարի 20-ը Սեւանա լճում բոլոր ձկնատեսակների եւ խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է։
  
Կ.Պապոյանի հավաստմամբ, Գեղարքունիքի մարզում արդեն իսկ տարվում են մի շարք համատեղ աշխատանքներ, համայնքների ղեկավարները պարտավորվում են բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության հետ։ Բացի դրանից, բնապահպանական պետական տեսչության, ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ոստիկանության աշխատակիցները, համաձայն նախարարի եւ ոստիկանապետի հանձնարարության, արդեն 60-70 տոկոսով իրականացրել են լողամիջոցների եւ հնարավորինս որսագործիքների մաքրման աշխատանքները։
  
Ընդգծենք, որ «հնարավորինս» բառի օգտագործմամբ տեսչության պետի տեղակալը թեկուզ անուղղակիորեն, բայց ինքնաբուխ խոստովանեց տեսչության համապատասխան աշխատակիցների անգործությունը կամ անճարակությունը։
  
«Խիստ վերահսկողության դաշտում է լինելու այս տարվա արգելանքը,- ասաց Կ.Պապոյանը։ -Մեզ կաջակցի ոստիկանությունը, կաջակցեն մարզպետարանի ներկայացուցիչները եւ, ի վերջո, բնակչությունը։ Ամենակարեւոր հանգամանքը համարում եմ այն, որ ընդհանրապես արգելվի Սեւանա լիճ մտնելը, այսինքն՝ որս իրականացնելը չթույլատրվի։ Ազգային պարկն ունի համապատասխան լողամիջոցներ, որոնցով պարբերաբար լճի վրա վերահսկողություն է իրականացվելու։
  
Երկրորդ կարեւոր պայմանն եմ համարում Երեւանի եւ մնացած այլ քաղաքների շուկաներում վերահսկողական աշխատանքները։ Եթե մենք հնարավորինս կատարենք այն աշխատանքը, որ չթողնենք այդ ապօրինի որսված կենդանական աշխարհը բերվի եւ հասցվի մայրաքաղաք կամ այլ քաղաքներ ու վաճառվի, պահանջարկը կնվազի, եւ նրանք կգիտակցեն, որ ուղղակի իրենց են վնասելու՝ բռնելով եւ փչացնելով։ Արդեն իսկ Երեւանի շուկաների տնօրեններին իմ կողմից գրությունն ուղղվել է, որպեսզի իրենք էլ իրենց մասով հսկողություն սահմանեն...»։
  
Տեսչության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը լսելուց հետո բնականաբար հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ միայն այս տարի որոշվեց արգելանքը «խիստ վերահսկողության դաշտում» իրականացնել, ու ի՞նչ է, նախորդ տարիներին դրա անհրաժեշտությունը չկա՞ր... Ինչո՞ւ նախորդ տարիներին, երբ ձկան ձվադրության շրջանում նախարարի հրամանով դարձյալ արգելք էր սահմանվում, Սեւանա լճի սիգը եւ այդ ձկան ձկնկիթը գործնականում անարգել հասնում էին Երեւան, այլ բնակավայրեր ու վաճառվում։
  
Կատարվել է հանցավոր արարք (հանցավոր անգործություն), որն ինչպես էկոլոգիական, այնպես էլ պարենային ապահովության կամ անվտանգության տեսակետից լճի, մեր պետության ու ժողովրդի համար ծանր հետեւանքների է հանգեցրել։ Ընդ որում, այդ հետեւանքներն առաջիկայում էլ ավելի են ծանրանալու, վնասն առավել մեծ է լինելու։
  
Սա հաղորդում է հանցագործության մասին, որի վերաբերյալ անհամեմատ հանգամանալի հրապարակումներով տողերիս հեղինակը 2009թ. հանդես է եկել «Հայաստանի զրուցակից» թերթում, խնդրին քանիցս անդրադարձել է նաեւ «Հայոց Աշխարհ» օրաթերթում։ Սակայն հանրապետության ոստիկանությունը եւ, ընդհանրապես, իրավապահ մարմիններն աչք են փակել հանցագործության մասին հրապարակայնորեն ներկայացված հաղորդման վրա՝ կոպտորեն խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջները։
  
Ավելին. բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նույնիսկ սիգի արդյունագործական պաշարների սպառումից հետո, չնայած դրա վերաբերյալ հրապարակված բազմաթիվ քննադատություններին, ահազանգերին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, անտեսելով նաեւ մասնագետների, գիտնականների դիրքորոշումն առ այն, որ Սեւանա լճի սիգի արդյունագործական որսը պետք է արգելվի մի քանի տարով եւ ոչ միայն ձվադրության շրջանում, ըստ էության, մինչ ս.թ. դեկտեմբերի 9-ը չի արգելել այդ ձկնատեսակի որսը։
  
Ընդգծում ենք՝ այն, որ նախարարը այս եւ նախորդ տարի Սեւանա լճում արդյունագործական որսի վերաբերյալ իր ստորագրած փաստաթղթերում միայն կարասի եւ խեցգետնի որսի թույլտվություն է տվել, դեռ չի նշանակում սիգի արդյունագործական որսի արգելքի սահմանում։ Դրանց միջեւ էական տարբերություն կա, քանի որ արդյունագործական որսի արգելքի սահմանումը կատարվում է այնպես, ինչպես օրերս է կատարվել։ Այսինքն՝ համապատասխան գրություններ են ուղարկվում ոստիկանություն, շուկաների տնօրեններին եւ այլ պատկան մարմինների։
  
Մինչ ներկայիս ձվադրության շրջանով պայմանավորված արգելքը, վերոնշյալ անհրաժեշտ քայլերը չեն կատարվել։ Հենց դրա հետեւանքով էլ Սեւանա լճի իշխանի (պետբյուջեի հսկայական գումարների հաշվին այնտեղ բաց թողնված եւ արդեն մի քիչ մեծացած մանրաձկան), կողակի, բեղլուի եւ, հատկապես, սիգի որսը շարունակվել է։

Դեկտեմբեր 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր