ՈՍԿՈՒ ՓԱՅԼԸ ԿՈՒՐԱՑՆՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

ՈՍԿՈՒ ՓԱՅԼԸ ԿՈՒՐԱՑՆՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»
 
Սոթքում ոսկու մշակման ձեռնարկություն կառուցելու մտադրությունից «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ձեռք չի քաշում: Թեեւ հրապակայնորեն ընկերությունն այդ մասին չի հայտարարում, բայց «նախապատրաստական» աշխատանքները, որի մեջ է մտնում նաեւ բնապահպաններից դրական կարծիքներ կորզելը, ակտիվորեն շարունակվում են: Բնապահպանության նախարարությունն էլ, չնայած պնդում է, որ գործընթացը դեռ սկսված չէ, բայց ինքը նույնպես ներգրավված է «Գեոպրոմայնինգի» հետ բանակցություններում:
 
Տարածքային կառավարման նախարարությունում մարտի 2-ին «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ներկայացրել է 123 էջանոց մի փաստաթուղթ, որը հենց Սոթքի վերամշակման ձեռնարկության մասին է: Հայտնի է, որ այդ քննարկմանը մասնակցել են բնապահպանության եւ այլ շահագրգիռ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԳԱԱ էկոնոսֆերային կենտրոնի, երկրաբանության, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավարները: Նիստին անձամբ մասնակցել է նաեւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Մեր հավաստի աղբյուների պնդմամբ, հենց Արմեն Գեւորգյանն էլ կանգնած է «Գեոպրոմայնինգի» թիկունքին: Չնայած այն հանգամանքին, որ այդ հանդիպմանը մասնակցել է նաեւ բնապահպանության նախարարությունը, երեկ նախարար Արամ Հարությունյանը այնպիսի հայտարարություն արեց, որ տպավորություն ստեղծվեց, թե առաջին անգամ է լսում այդ մասին: «Այօրվա դրությամբ մենք որեւիցե դիմում, բնապահպանական փորձաքննության եւ աշխատանքների իրականացման կամ շահագործման նախագիծ չենք ստացել: Այս պահի դրությամբ չգիտենք կստանանք, թե՝ ոչ: Ստանալու դեպքում անպայման քննարկելու ենք: Ուղղակի Սեւանի ավազանի հետ կապված բավականին արգելքներ կան, մասնավորապես օրենսդրական: Միգուցե նաեւ սեփականատերը կամ ներդրողը նման ցանկություն է հայտնել, սակայն ձեզ կարող եմ վստահեցնել, որ օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը պետք է անցնեն»,- հայտարարեց նա՝ ի պատասխան «Հայքի» այն հարցի, թե արդյո՞ք նախարարությունը թույլ կտա նման ձեռնարկության կառուցում Սեւանի ավազանում:

Նկատենք, որ Արամ Հարությունյանը բոլորովին էլ դեմ չէ հարցը քննարկելուն, այն դեպքում, երբ «Սեւանի մասին» օրենքն արգելում է վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սեւանի ավազանում: Ի դեպ, դեռ անցած տարի նոյեմբերին նախարար Արամ Հարությունյանը լրագրողներին հավաստիացրել էր, թե նման բան թույլ չի տա: Ակնհայտ է, որ նախարարն իր դիրքորոշումը գնալով մեղմացնում է:

Այս դեպքում ավելի քան բնական է, որ բնապահպանները չեն սպասում, թե երբ ընկերությունը պաշտոնապես կդիմի նախարարություն, քանի որ հայտնի է՝ մինչ հարցը հրապարակայնացնելն է ամեն ինչ լուծվում: Հայաստանի էկոլոգիական դաշինքի SOS Սեւան նախաձեռնող խումբը երեկ դարձյալ բողոքի ակցիա էր կազմակերպել: Ակցիայի կազմակերպիչները սկզբում հավաքվեցին Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ, հետո շարժվեցին դեպի ԳԱԱ, այնուհետեւ ԱԺ եւ Կառավարություն եւ հանձնեցին նամակներ:

Նամակով, որն ուղղված է անձամբ Սերժ Սարգսյանին, բնապահապանները հույս ունեն կասեցնել սկսված գործընթացը: «Սեւանն աղտոտելով, կորցնում ենք Հայաստանը: Մենք դիմադրում ենք, որ դա չլինի: Ժողովուրդը պիտի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում»,- ասում է «Հայ սեյսմոլոգների ասոցիացիա» հկ-ի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը:

Բնապահպաններին անհանգստացնում է հատկապես այն, որ Սոթքի ոսկու վերամշակման ձեռնարկությունը, որը ներառելու է նաեւ ոսկու արդյունահանման ֆաբրիկա, թունաքիմակատների ամբար, ցիանային թափոնների պոչամբար, իսկական աղետ է առհասարակ յուրաքանչյուր այլ վայրում եւս, բայց Սեւանի ավազանում դա պարզապես անթույլատրելի է:

Թեեւ «Գեոպրոմայնինգի» փաստաթուղթը հավաստիացնում է, որ ոսկու ֆաբրիկայի կառուցումը անվտանգ կարող է լինել, սակայն խնդրով անհանգստացած բնապահպանները հակադարձում են, որ փաստաթուղթը չի արտացոլում իրական փաստեր, ինչպիսիք են. 100 միլիոն տոննա թունավոր թափոն, հարյուրավոր հեկտար մեռյալ տարածքներ, ցիանային պոչամբար, որտեղ բացի ցիանից, այլ թունավոր տարրեր եւ միացութուններ կան` մկնդեղ, անտիմոն, պիրիտ: «Այս միացություններն ընդունակ են թափանցել գրունտային ջրերի մեջ, որոնք մտնում են Սեւանի ջրահավաք ավազան: Տարածքի սեյսմիկ ակտիվությունը, փխրուն գրունտը եւ ներքին այլ գործոններ կարող են ցանկացած պահի աղետի հանգեցնել: Բացի այս ամենը, ոչ ոք չի կարող ապահովություն երաշխավորել բնական աղետներից, տեռորիստական եւ ռազմական գործողություններից»,- նշված է նամակի մեջ:

Բնապահպաններն ուշադրություն են հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ Սոթքը Քելբեջարին սահմանամերձ տարածք է եւ պարզ է, որ նման ձեռնարկության կառուցումը սխալ է նաեւ ռազմավարական եւ ազգային անվտանգության տեսանկյունից: «Ինձ անհանգստացնում է այն, որ Սեւանա լիճը համարվում է քաղցրահամ ջրի շտեմարան ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, եւ երբ «Սեւանա լճի մասին» օրենքը գրվեց, գրվեց ոչ թե աննպատակ, այլ որպեսզի պահպանվի լիճը: Քաղցրահամ ջուրը տարեցտարի դառնում է ավելի սուղ աշխարհի մակարդակով, սակայն կառավարությունը, հաշվի չառնելով օրենքը, օրենքի սահմանափակումը, հաշվի չառնելով այն, որ հանքարդյունաբերությունը կարող է ճակատագրական լինել Սեւանի համար, նրանք փորձում են խթանել լճի շուրջ հանքարդյունաբերությունը»,- տեսակետ հայտնեց ակցիայի մասնակից «Թրանսփարենսի ինթերնեյշնալ» կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սոնա Այվազյանը:

Ակցիային ներկա էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Տիկին Բախշյանից հենց ԱԺ-ի շենքի մոտ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նա կփորձի իր կոալիցիոն գործընկերին բացատրել, թե ինչ վտանգներ կարող է բերել Սոթքի ձեռնարկությունը: «Սա դպրոց չէ, եթե դպրոց լիներ, հաճույքով»,- ծիծաղելով պատասխանեց նա: Իսկ ինչպե՞ս են բնապահպանները գնահատում հաղթանակի իրենց շանսերն այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Արմեն Գեւորգյանն է տանիք հանդիսանում: «Բուրգ» հկ-ի նախագահ Արման Վերմիշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման մեծ ծրագրերի հետեւում սովորաբար ազդեցիկ մարդիկ են լինում, բայց եթե իրենք հետեւողականորեն շարունակեն պայքարը, կարող են հաջողության հասնել: Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, աշնանն արդեն «Գեոպրոմայնինգը» պատրաստվում է դիմել բնապահպանության նախարարություն:

Մնում է արձանագրել, որ նրանք, ովքեր կփորձեն իրականություն դարձնել կոմբինատի կառուցումը, կհամալրեն ազգի դավաճանների շարքը, քանի որ դպրոցահասակ երեխաներին էլ պարզ է, թե ինչ է նշանակում Սեւանի մոտ ոսկու վերամշակման գործարան կառուցելը:

Ապրիլ 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր