ԱՅՍ ՀԱՐՑԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

ԱՅՍ ՀԱՐՑԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ, Ազգային ժողովի երկրորդ գումարման բնապահպանության հանձնաժողովի նախագահ, տեխ. գիտ. թեկնածու Գագիկ Թադեւոսյան

Ես հավատում եմ հանրապետության նախագահին...

Անհանգիստ, տագնապալի վիճակը ինձ համակեց 2008թ. օգոստոսի 21-ից, երբ Ազգային ժողովի արտահերթ նիստով կառավարությունը կատարեց հերթական հապշտապ, չհիմնավորված, խորը չգիտակցված քայլը` Սեւանա լճից ջրառը ավելացնելով մինչեւ 2008թ. դեկտեմբեր ամիսը 360 մլն խորանարդ մետրի, չնայած նրան, որ 2008-ի համար օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետրը հասցվել էր 240 մլն խորանարդ մետրի:
  
Բայց սա, ինչպես ասում են, դեռ ծաղիկներն են, իսկական աղետը դեռ առջեւում է, որը կարծես թե միտում ունի վերածվելու ողբերգության: Ազգային ժողովի արտահերթ նիստից մեկ շաբաթ հետո «Էկոլոգիական դաշինք» հասարակական կազմակերպությունների միության կողմից հրավիրված էի «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման։ Վերջիններիս նպատակը բնապահպանական հասարակական կազմակերպությունների տրամադրությունների շոշափումն էր ընկերության հեռու գնացող ծրագրերի կապակցությամբ:
  
Իսկ ծրագիրը, ինչպես պարզվեց, դիվային էր, այն է՝ Արարատի ոսկու հանքաքարի հարստացման եւ կորզման կոմբինատը իր պոչամբարի հետ Սոթքի ոսկու հանքավայրի տարածք, այսինքն՝ Սեւանա լճի ջրահավաք ազդեցության անմիջական գոտի տեղափոխելը:
  
2008թ. սեպտեմբերի 9-ին«ՙԱզգային Միաբանություն կուսակցությունը» անցկացրեց իր կուսակցական ակտիվի հերթական ժողովը, որում ընդարձակ զեկուցումով` «Հանրապետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերների մասին» թեմայով հանդես եկավ Արտաշես Գեղամյանը: Զեկուցմանը հաջորդած մտքերի փոխանակման ժամանակ գրեթե 20 րոպեանոց ելույթս ամբողջապես նվիրեցի Սեւանա լճի հիմնախնդիրներին։
  
Եւ ինչքան մեծ եղավ մեր ուրախությունը եւ բավարարվածությունը, երբ դրանից մեկ ամիս հետո հանրապետության նախագահին կից ստեղծվեց Սեւանա լճի հիմնախնդիրների հարցերով զբաղվող նպատակային, մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է կյանքի կոչի «Սեւանա լճի մասին» օրենքով հաստատված Սեւանա լճի ողջ էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման համալիր ծրագիրը: Հանրապետության նախագահն ինքն անձամբ ստանձնեց մեր ազգային հարստության, երկրի քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի պահպանման եւ վերականգնման գործընթացի հսկողությունը: Հասարակայնությունը, էկոլոգներն ու գիտական շրջանակները, ջրային ռեսուրսների մասնագետները թեթեւացած շունչ քաշեցին, տագնապները կարծես թե փարատվեցին:

Սակայն էկոլոգիական հասարակական դաշինքը նորից տագնապ է հնչեցնում, նախաձեռնել է, եւ ոչ անհիմն, «SOS Սեւան» հասարակական շարժում: Համաձայն դաշինքի տրամադրության տակ գտնվող փաստաթղթի, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 2008-ից նախաձեռնել է Սեւանա լճի ջրահավաք ավազանի գոտում Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում, ոսկու արդյունահանման ֆաբրիկայի, ցիանիդների եւ այլ թունաքիմիկատների ամբարի ու պոչամբարի կառուցմանն ուղղված գործընթաց: Եւ որքան էլ տարօրինակ է, այս գործընթացի մեջ ներգրավված են ԳԱԱ ղեկավարությունը, ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնը, ԳԱԱ երկրաբանական ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության կենտրոնը, բնապահպանության նախարարությունը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ այլ շահագրգիռ պետական հաստատություններ, որոնց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն իր «Սոթքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանման ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգ` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» փաստաթղթում հայտնել է շնորհակալություն աջակցության եւ խորհրդատվության համար:
  
Փաստաթղթում նաեւ նշված է, որ հայեցակարգային որոշումները համաձայնեցված են վերոհիշյալ կազմակերպությունների հետ: Մինչ այժմ պետական ոչ մի հաստատություն հրապարակայնորեն չի հրաժարվել նշված փաստաթղթի հետ առնչություն ունենալուց: Ավելին՝ փաստաթուղթը քննարկվել է ս.թ. մարտի 2-ին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ՙԳեոՊրոՄայնինգ՚ ընկերության ղեկավարները:
  
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Սոթքի նախագծի վերաբերյալ գործընթացը տեղափոխվել է քաղաքական որոշումների դաշտ: Չի բացառվում անգամ, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, որն արգելում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սեւանի ավազանում, կարող է փոփոխության ենթարկվել:
  
Պարոնայք, ի՞նչ քննարկումներ, ի՞նչ նախագծեր, երբ կա 2001թ. մայիսի 15-ին ընդունված «Սեւանա լճի մասին՚»օրենքը, երբ գործում է նախագահի որոշմամբ ստեղծված հատուկ հանձնաժողով: Մի՞թե կարելի է այսքան չսիրել սեփական հայրենիքը եւ չհարգել երկրի օրենսդրությունը, միջազգային պարտավորությունները, երկրաբնապահպանության գլոբալ խնդիրներն ու զարգացումները:
  
Այս մութ գործում ներգրավված պետական չինովնիկներն ու վայ գիտնականները կամ իրենց նեղ անձնական շահից այն կողմ չեն տեսնում, կամ կորցրել են տրամաբանելու տարրական հատկությունը: Ընդամենը ձեզ նեղություն տվեք եւ մտածեք, թե ինչը ստիպեց, որ Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականի մայիսի 15¬ից ունենա «Սեւանա լճի մասին» օրենք:
 
Օրենքի վրա աշխատանքը տեւեց երկու տարի, ավելի քան 88 գիտահետազոտական ինստիտուտներ մասնակցեցին օրենքի մշակման աշխատանքներին, իմիջիայլոց նաեւ վերոնշյալ ինստիտուտները:

Ապրիլ 27, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր