

Արփի Հարությունյան, ԱրմենիաՆաու
Արդեն մի քանի օր է`Սևանի ավազանում կրակոցներ են հնչում: Սակայն դրանք անդորրը խախտող որսորդներ չեն, այլ բնապահպանության նախարարության (ԲՆ) նախաձեռնությամբ ձկների պաշտպանության ելած բնության բարեկամներ: Այս շաբաթ լիճ են բաց թողել ամառային իշխանի և գեղարքունի ձկնատեսակի մոտ 216.000 մանրաձկներ, որոնց ճայերի և որորների որսից պաշտպանելու համար «Սևան» ազգային պարկի տնօրինությունն օդ էր կրակում` ցրելու համար ձկնորս թռչուններին:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշում է, որ «եթե լիճ լցված մանրաձկների 70-80 տոկոսը գոյատևի, ապա աշխատանքները կհամարվեն արդյունավետ»:
«Ծրագրի երկրորդ մասն իրականացվելու է աշնանը. 50-70 գրամանոց ևս 50.000 մանրաձուկ է բաց թողնվելու լիճ,- ասում է Հարությունյանը: - Մեր նպատակն է ապահովել ձկան պաշարների համալրման գործընթացը: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ արհեստական և բնական պայմաններում համալրված ձկնատեսակների պաշարները զգալիորեն ավելացել են»:Այս տարի նախատեսված է մինչև 300.000 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ: Նախարարության տվյալներով` իշխան ձկան և դրա տարատեսակների վերաճի ապահովման նպատակով 2008-ի համար նախատեսված է 80 մլն դրամ, ինչը մոտ 3 անգամ ավելի է նախորդ 3 տարիների ամենամյա հատկացումներից:
Իսկ հաջորդ տարի նախատեսվում է մինչև 120 մլն դրամի ներդրում:
ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի խոսքերով` 1 տարուց 5 գրամանոց մանրաձկները կդառնան 50 գրամանոց, իսկ 3 տարուց` սեռահասուն:
«Այսօր Սևանի ձկնապաշարն այնպիսի վիճակում է, որ մենք մտածում ենք ոչ թե նախկին պաշարները վերականգնելու, այլ տեսակները պահպանելու մասին»,- նշում է կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը` ավելացնելով, որ լավագույն դեպքում իշխանի պաշարը կավելանա 10-12 տոկոսով:
Իսկ թե որքան են այսօրվա պաշարները, որևէ մեկը նշել չի կարող, քանի որ համապատասխան ուսումնասիրություններ չեն կատարվել: Եվ այսօր, ինչպես նշում է Ճենտերեճյանը, ցուցիչ է այն, որ պատահական որսի մեջ վերջերս ավելի շատ է պատահում իշխան:
Նախարարը վկայում է, որ դեռևս շարունակվում է ձկնորսության արգելանքի ռեժիմը: Սակայն չի հերքում, որ արգելքի հրաման չկա:
Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, սակայն, արդյունքները ավելի քան ոչ գոհացուցիչ է համարում:
«Էն ա` մի կողմից մանրաձուկ են լցնում, մյուս կողմից` որսում. արդյունք չկա: Պահպանությունը նորմալ չի կատարվում: Ամեն տեղ ցանցեր են, ձուկ են որսում»,- ասում է Համբարձումյանը:
Նախարարը ևս չի հերքում, որ որսագողության դեպքեր կան: «Վերջին մի քանի օրերի ընթացքում ևս որսագողության դեպքեր բացահայտվել են, բռնագրավվել են ցանցեր ու ձկնորսական այլ միջոցներ, Երևանի շուկաներից առգրավվել է մեծ քանակությամբ ձուկ և հանձնվել, օրինակ, մանկատներին»,- պատմում է Հարությունյանը` միաժամանակ փաստելով, որ ներկայումս որևէ քրեական գործ հարուցված չէ, պատիժները եղել են տուգանքի տեսքով:
Արդյունագործական որսն իրականացվում է ԲՆ կողմից տրված արտոնագրերի և կնքած պայմանագրերի հիման վրա, սակայն առանց ձկնապաշարների նախնական հաշվառման, որը լուրջ սպառնալիք է ստեղծում առկա ձկնապաշարների հետագա գոյությանը:
Համբարձումյանի խոսքերով` ձկնատեսակների վերացմանը նպաստեց նաև լճի ջրի մակարդակի կտրուկ նվազումը: Այժմ ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ձկան պաշարները դեռ չեն վերականգնվում: Մոտ 200 մլն դրամ տարեկան բյուջեով «Սևան» ազգային պարկի տնօրեն Տիգրան Գրիգորյանի խոսքերով` հատկացված գումարները բավարարում են պարկի աշխատանքներին, արդյունքներն էլ գոհացուցիչ են:
«Մենք նկատում ենք, որ ձկնատեսակներն ավելացել են: Ջրի որակը ևս լավացել է. դա է վկայում կարասի ու խեցգետնի քանակի ավելացումը»,- նշում է պարկի փոխտնօրեն Նիկոլայ Սիմոնյանը:
Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, սակայն, փաստում է, որ ջրի որակի վատացման հետևանքով են վերոնշյալ ձկնատեսակները բազմանում: Նրա խոսքերով` եթե ինքն այժմ նախարար լիներ, ապա մեծ ուշադրություն կդարձներ լճի մաքրմանը, իսկ մակարդակի բարձրացմանը, իհարկե, ամեն կերպ կնպաստեր:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ևս լճի վիճակը գոհացուցիչ չի համարում`կարևորելով հատկապես մաքրման կայանների կառուցումը:
«Լճի համար խնդիրներ են առաջ բերել թե ջրի մակարդակի բարձրացումը և թե իջեցումը: Եթե աղբը, կանաչ զանգվածը մտնում են լիճ, ապա դրանց բացասական հետևանքները բավական մեծ են: Ինչպես ամենուրեք Հայաստանում, այնպես էլ Սևանում մենք տեսնում ենք, թե ինչպես է աղբը լիճ լցվում»,- ասում է Դանիելյանը` պարզաբանելով, որ իշխանը միայն մաքուր ջրում է բազմանում, հետևաբար` որքան էլ մանրաձուկ լցնեն, այն չի գոյատևի, եթե լիճը շարունակի կեղտոտ մնալ:
Մայիս 02, 2008
