

«Հրապարակ»
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մոտ քսան օր է՝ գլխավորում է Աշոտ Գնդոյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս նորանշանակ պետն ասաց, որ ինքը երկար տարիներ եւ հաջողությամբ ղեկավարել է ոստիկանության ակադեմիան: Արմատներով Գնդոյանը Գավառի Նորատուս գյուղից է: Մենք էլ ավելացնենք, որ նրան համարում են նախագահի ընկերը: Թե այդքան «պլյուսները» կօգնեն պետին՝ լուծելու կուտակված բազմաթիվ խնդիրները, ցույց կտա ժամանակը, իսկ, որ լուծելիք հարցերը դժվարին են, Գնդոյանն ինքը խոստովանեց. «Հիմա գույքագրում եմ անցկացնում՝ հասկանալու, թե որտեղից է պետք սկսել աշխատանքները: Իսկ խնդիրներ՝ որքան ուզեք: Ուղիղ մեկ ամիս հետո եկեք՝ կտեղեկացնեմ անելիքների հաջորդականության մասին, հիմա ինչ էլ ասեմ՝ նոր բան չի լինելու»: «Ազգային պարկն» իրոք խնդիրների պակաս չի զգում, դրան նպաստել է նաեւ տեսչական ստուգումների դադարեցումը, արդյունքում՝ Սեւան-Երեւան մայրուղու տարբեր հատվածներում դարձյալ սկսել են երեւալ տարածված թեւերով տղաներ, որը նշանակում է՝ վաճառքում սիգ ձուկ կա:
Օգոստոս 12, 2009
