Թող հանձնաժողովը գա գյուղ եւ ասի…

Թող հանձնաժողովը գա գյուղ եւ ասի…

ԷկոԼուր

Պարադոքսային իրավիճակ է ստեղծվել «Սեւան» ազգային պարկի եւ ափամերձ համայնքների միջեւ: Մի կողմից ափերը պետության հաշվին մաքրում է կազմակերպությունը (2012թ. 125 միլիոն դրամ), եւ բնակիչները ենթարկվում են տուգանքների, եթե հատում են ափամերձ անտառը, մյուս կողմից ափերը մնում են ջրի տակ` չհասցնելով ազատվել ծառերից, աղբից, հին շինություններից եւ այլն: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի Գեղարքունիւքի մարզի Փամբակ գյուղ կատարած այցի ժամանակ Փամբակի  գյուղապետ Հարություն Ազարյանն ասաց. «Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են Սեւանա լճի հիմնահարցերով: Միշտ ասում են` ժողովուրդ, դպրոցի աշակերտներին հանեք, ցելեֆոնները հավաքեն: Ես ասեմ` մեր տարածքը ցելեֆոն չկա, ցելեֆոն գցողներ կան քաղաքից, բայց իմ գյուղի ժողովուրդը իրանց հավաքարարները չեն, ես իմ ժողովուրդը եւ իմ դպրոցի աշակերտները չեմ հանի, որ նրանց կամայականությունների արդյունքում ձեւավորված աղբը հավաքեն: Եթե դա լինի իմ տարածքը, ես կիմանամ` իմ տարածքում ով է հանգստանում, կիմանամ ինչ միջոցներ ձեռնարկել, որ իրանք կուլտուրական գան, կուլտուրական գնան»:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը հետաքրքրվեց Փամբակի բնակիչներն ինչպես են համագործակցում  «Սեւան» ազգային պարկի հետ` նշելով. «Հիմա պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում ափամերձ տարածքը մաքրելու համար, ու Ազգային պարկն ասում է, որ ցանկացած գյուղացի, ցանկացած անհատ անգամ կարող է գալ, մեզ հետ պայմանագիր կնքել, մենք թույլ տանք, ինքը այդ տարածքը մաքրի»:

Փամբակի բնակչուհիները պատասխանեցին. «Բայց էստեղ էդպես չեն ասում: Ասում են, փողը բեր, տուր ինձ, էն բարակ ցախերի համար կուբամետրը 10 հազար է, թե 5 հազար է, բեր, մուծի ինձ ու տար:… Եթե մի գյուղացի իջնի, գալիս են 100 հազարներով տուգանում… Ասում է, մի արեք, թողեք էդպես փտի, գոմաղբ դառնա, մի մաքրեցեք:   

Ուրիշ տեղերից գալիս են, մաքրում են, փայտը դնում, տանում են, բայց էս գյուղացիք ոչ մի բանից չեն օգտվում:

… Ըդտեղ մի հատ տղա էլ կա, Անուշավան են ասում, աշնանը մենք գնացինք, ծովի միջից ցախերը բերեցինք, ու ինքը եկավ տեսավ, ասավ, եթե ծովից եք հանել, արխային տարեք: էդի մենք չենք կարա բռնենք, որովհետեւ դուք ծառ չեք հատել:

…. Թող հանձնաժողովից մարդ գա ամեն գյուղը, առաջինը մեր գյուղը մտնեն, ասեն այ ժողովուրդ, էսքան հոգի մենք ընդունում ենք, որ անտառը մաքրեք, փայտը ձեզ համար վերցնեք, ափերը մաքրեք, ո՞վ չի գնա»:



Հուլիս 26, 2012 at 12:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր