ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ԱՆՏԱՌԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ԱՆՏԱՌԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

«Սեւան» ազգային պարկի Նորատուսի տեղամասի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են: Դրանք սկսվել են սեպտեմբերի 1-ից եւ իրականացվում են «Տրիգրեն» ՍՊԸ-ի կողմից: Միաժամանակ աշխատանքներ են ընթանում նաեւ Սեւանի ու Արտանիշի տեղամասերում. արդեն մաքրվել է շուրջ 120 հա, որից 30 հա` ճահճացած, 20-ը` ջրածածկ, մնացածը` ցամաքային:

Նորատուսի տեղամասում նախատեսված է մաքրել 229.1 հա տարածք, իսկ Սեւանի ու Արտանիշի տեղամասերում միասին` 96.5: Բոլոր տեղամասերում աշխատում է մոտ 100 մարդ եւ 15 միավոր տեխնիկա, այդ թվում` T-130 եւ T-170 տրակտորներ, ամբարձիչներ, տարբեր տիպի տեղափոխող մեքենաներ: Ամբողջովին արմատախիլ են արվել վերաճ տված բարդիները, ակացիաները, ուռենիները եւ չիչխանը: Առաջացած վառելափայտը, շինափայտը հանձնվում է «Սեւան» ազգային պարկի տնօրինությանը: «Սեւան» ազգային պարկի Նորատուսի տեղամասի տնօրեն Նորահույս Պողոսյանը «Արմենպրես»-ին ասաց, որ արդեն կուտակվել է 35 խորանարդ մետր փայտ, մոտավոր հաշվակներով, դեռեւս կստացվի 840 խմ, որի մի մասը, հիմնականում` վառելափայտը եւ շինափայտը, կվաճառվի:

«Տրիգրեն» ՍՊԸ աշխղեկ Արտակ Վանյանի հավաստմամբ` նախատեսված է ապահովել ծովի մակարդակից 1900 մետր բարձրության նիշի ջրածածկման վտանգի տակ գտնվող տարածքների մաքրումը ծառերից, թփերից եւ բուսական այլ համակեցություններից: Եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչեւ սահմանված ժամկետը` դեկտեմբերի 15-ը, աշխատանքները ավարտին կհասցվեն:

Հոկտեմբեր 09, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր