Ահա թե ինչպես հասան իրենց ուզածին, Արգիճի գետի վրա կառուցվող ՓՀԷԿ-ի համար էլ պայքարող չկա

Ահա թե ինչպես հասան իրենց ուզածին, Արգիճի գետի վրա կառուցվող ՓՀԷԿ-ի համար էլ պայքարող չկա

ԷկոԼուր

2010 թվականին, երբ «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով ապօրինի շինարարություն սկսեց Սեւանա լիճ թափվող ամենամեծ գետի` Արգիճիի Գայլաձոր վտակի վրա, հասարակությունը ընդվզեց: Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներ, բնապահպաններ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ ոտքի կանգնեցին` ի պաշտպանություն գետի: Պատճառն այն էր, որ առանց ջուր մնալու վտանգի տակ էին հայտնվել Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ եւ Վաղաշեն համայնքներն իրենց 30 հազար բնակչությամբ: Վտանգված էր նաեւ Սեւանի էնդեմիկների` արծաթափայլ իշխանի, կողակի, բախտակի պոպուլացիաների բնական վերարտադրությունը: Հասարակական պայքարի արդյունքում փոքր ՀԷԿ-ի ապօրինի շինարարությունը դադարեցվեց, եւ Գայլաձորի հունը չփոխվեց: Սակայն այսօր տեղի է ունենում շատ ավելի վատ բան.  «Հիդրո կորպորացիա» ՍՊԸ-ն առանց հասարակական լսումներ անցկացնելու, առանց տեղի ազդակիր համայնքների կարծիքը հարցնելու, ունենալով ժամկետանց ջրօգտագործման թույլտվություն 2012թ. սկսեց փոքր ՀԷԿ կառուցել ոչ թե Արգիճիի որեւէ վտակի վրա, այլ հենց Արգիճի գետի վրա: «Փաստորեն, մենք ոչ թե ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցրինք, այլ անհատ անձի շինարարությունը դադարեցրինք, որովհետեւ եթե նույն գետի ավելի ստորին հոսանքներում կառուցվում է  ՀԷԿ, ինչ է, հիմա ձվադրում չկա՞: Հիմա ձկնե՞րն այդտեղ չեն բարձրանում, թե՞ այլեւս այդ գետը Սեւանը սնուցող գետերից չէ»,- ասաց  Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյանը:

«Մասնավոր մարդկանց կողմից այժմ ամբողջ գետն իր հզորությամբ օգտագործում են ՀԷԿ կառուցելու, էլեկտրաէներգիա ստանալու: … Ավելի քան 1700 մմ դիամետրով նման պլասմասե խողովակներ Հայաստանում չեմ նկատել: Նման խողովակների տեղադրումը կարող է տեղանքի ցամաքեցման պատճառ հանդիսանալ՝ ոչնչացնելով թե կենդանական, թե բուսական աշխարհը»,- նշեց  «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գալստյանը:

 Եթե նախկինում տեղի բնակչությունը պայքարում էր իր ջրի համար, ապա այսօր համատարած անտարբերություն է: «Սրանք ո՞վ են, որ բերել, դրել են ժողովրդի ունեցվածքի վրեն, իրանց համար հոսանք են շինում: Վաղը ժողովուրդը ո՞նց պիտի բոստան ջրի: Ամեն մարդ իրա շահին է, ի՞նչ ժողովուրդ, մենք ոչ ազգ ենք, ոչ ցեղախումբ ենք, ոչ վայրենի: Մենք ո՞վ ենք: Ո՞վ պիտի մեզ լսա»,- ասում էին Վերին Գետաշենի բնակիչները: Մարդիկ բարկանում են, բայց այլեւս չեն պայքարում: Շատերը պարզապես լքում են իրենց տունը, որովհետեւ գյուղատնտեսությամբ զբաղվելն արդյունավետ չէ: Այս հանգամանքը, ինչպես նաեւ ոստիկանության կողմից բնակչության նկատմամբ ճնշումների գործադրումն է պատճառը, որ մարդիկ չեն պայքարում. «Այսօր նաեւ այդ ակտիվության պակասը նկատվում է նրանում, որ գյուղատնտեսական մթերքները գին չունեն, արժեք չունեն, եւ շատ հողատարածքներ մնացել են անմշակ. արտադրված կարտոֆիլը չի վաճառվում, արտադրված կաղամբը չի վաճառվում: Ակտիվությունը միանգամից պակասեց, որովհետև անցած պայքարում «S.O.S Արգիճի» նախաձեռնության անդամների նկատմամբ իրականացրեցին ոստիկանական հետաքննություններ: Մարդիկ, բնականաբար, խուսափում են ոստիկաններից, իսկ այսօր կարող եմ ասել, մենք պաշտպանված չենք: Ցանկացած ժամանակ մի գործ կարող են հորինել և պատասխանատվության ենթարկել»,- ասաց Վարդան Գալստյանը:



Ապրիլ 05, 2013 at 16:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր