ՀԱՆՈՒՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ

ՀԱՆՈՒՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ

Գայանե Սարիբեկյան, Հրապարակ

Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կանխելու ունիկալ գաղափար են մտահղացել Գեղարքունիքի մարզպետն ու Սեւանի քաղաքապետը:

Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կանխելու ունիկալ գաղափար են մտահղացել Գեղարքունիքի մարզպետն ու Սեւանի քաղաքապետը:  Թե բնապահպանության ու  ընդհանրապես բնապահպանական ռեսուրսների գնահատման ինչպիսի փորձ ու գիտելիք ունեն այդ մարդիկ՝ դժվար չէ հասկանալը, եթե ներկայացնենք Սեւանա լճի մակարդակի իջեցմանը նվիրված նրանց  քննարկումը: Օրերս Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զարգացման ծրագրի հաշվետվությունը, որին ներկա են եղել մարզի քաղաքապետերը, հասարակական կազմակերպություններն ու մանր-մունր այլ չինովնիկներ:

Մարզային մի շարք խնդիրների թվում, որպես կարեւորագույն թեմա, Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանն առաջ է քաշել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացած խնդիրները:  Մտահոգություն է հայտնել, որ բարձրացած ջուրը  ծածկում է լճի առափնյա օբյեկտները, իսկ այդ օբյեկտները խթանում են տուրիզմի զարգացմանը, ինչպես նաեւ մոտ 3 հազար հոգու համար սեզոնային աշխատատեղ են: Իսկ լճի մակարդակի բարձրացման հետեւանքով մեծ կորուստ կգրանցվի: Նա իր բացառիկ գիտելիքների շնորհիվ նույնիսկ չարագուշակ կանխատեսումներ է արել: Անդրադառնալով ջրի բարձրացման հետեւանքով ծառահատումներին՝ նկատել է, որ այդպիսով առափնյա գոտում թթվածնի խնդիր է առաջանալու, հետո էլ խորհուրդ է տվել  լճի բարձրացման հետեւանքով կատարվող ծառահատումներն իրականացնել միայն նորերը տնկելուց ու այդքան աճեցնելուց հետո: Ավելացրել է նաեւ, որ լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջուրը նույնիսկ բնակելի շենքերի նկուղներ  է լցվում: Վերջին դիտարկումը հատկապես շատ դուր է եկել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանին, որն էլ նշել է, թե նույն խնդիրն առկա է նաեւ իր ղեկավարած համայնքում:

Նշենք, սակայն, որ նրան շփոթեցրել է «ջրածածկ նկուղ» արտահայտությունը: Բանն այն է, որ իր համայնքում, Սեւանից բավական հեռու գտնվող մի թաղամասում, տների նկուղները ջուր է լցվել ինչ-որ առու փակելու հետեւանքով: Մարզպետը, այս ամենը լսելով, չի կարողացել որեւէ եզրակացության գալ, քանի որ չի պատկերացրել՝ Սեւանի մակարդակի բարձրացումը մեզ ինչքանով է անհրաժեշտ կամ ընդհանրապես անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Իսկ որպեսզի մարզային չինովնիկների մտահոգություններն ու մտավախություններն ավելի պարզ լինեն, ավելացնենք, որ այս քննարկումները միտված են ընդամենը իրենց օբյեկտների փրկությանը: Օրինակ, Սեւանի ափին է գտնվում Սեւանի քաղաքապետ Մալխասյանի «Ալբատրոս» հանգստյան գոտին. ի դեպ, վերջին անգամ այնտեղ եղած անձինք պատմում էին, որ ջուրն արդեն նրա խոհանոցի պատին էր հասել: Իսկ մարզպետ Նվեր Պողոսյանի տարածքում դեռ շարունակվում են շինարարական աշխատանքները: Մի խոսքով, այս անհեթեթ քննարկումից հետո խորհուրդը որոշել է Սերժ Սարգսյանին հրավիրել մարզ՝ ավելի լուրջ ու պաշտոնական ներկայացնելու իրենց  խորիմաստ մտահոգությունները:

Նոյեմբեր 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր