

Արթուր Հովհաննիսյան, Nyut.am
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ, խոսել Սևանա լճում իշխանի արդյունագործական պաշարների առկայության կամ այդ ձկնատեսակը Կարմիր գրքից հանելու մասին, դեռ շատ վաղ է: Այս մասին նշելով «Ելակետ» Ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում, Բարդուխ Գաբրիելյանն ասաց. «Ցավոք սրտի, այդ իշխանի պաշարների ինքնավերականգնում նույնպես չի լինում, այսինքն` նրանց բնական վերարտադրությունը նույնպես անմխիթար վիճակում է: Պատճառներից առաջինը, իհարկե, որսագողությունն է»:
Մյուս պատճառն էլ, ըստ բանախոսի, ձվադրավայր հանդիսացող գետերի անմխիթար վիճակը, քանի որ այսօր գետերի մեծամասնությունն և աղտոտվում է, և ջրառն է գերազանցում թույլատրելի նորմաները, որոշ փոքր ՀԷԿ-եր չեն պահպանում այն նորմաները, որ պետք է պահպանեն:
«Դա է պատճառը, որ այսօր իշխանի բնական վերարտադրությունը գետերում չի կատարվում, և դրա համար մենք առաջարկել ենք (եթե չեմ սխալվում, այսօր «Սևան» ազգային պարկը դա կիրառում է), որ գետաբերաններում մայրական կազմը որսվի, նրա ձկնկիթը հավաքվի, բեղմնավորվի և ուղարկվի գործարաններ, որից հետո մանրաձուկը պետք է բաց թողնվի լիճ,- ասաց տնօրենը:
- Դա այսօր միակ ձևն է, որ կարող է արդյունավետ աշխատել, բայց դա, իհարկե, չի կարելի կիրառել ընդմիշտ, պետք է գետերի հարցը և որսագողության հարցը, իհարկե, լուծել»:
Ընդգծենք, որ Սևանի իշխանի (այն բավականին նուրբ, զգայուն ձկնատեսակ է) արհեստական կիթի հետևանքով սթրեսի մեջ ընկած ձկների մի մասը սատկում է, ինչը միանշանակ չժխտեց նաև Բարդուխ Գաբրիելյանը, բայց նաև ասաց, որ աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում մեծ անկում չի լինի: Կարծում ենք, շատ մեծ հարց է, թե «Սևան» ազգային պարկի աշխատակիցները, որոնց հանցավոր անգործության հետևանքով է նաև, որ Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարները ոչնչացան, արհեստական կիթը որքանո՞վ ճիշտ կկազմակերպեն: Առավել ևս` եթե նկատի ունենանք, թե սատկելուց հետո ձկների ճակատագիրն ինչպես է տնօրինվում…
Նոյեմբեր 29, 2013 at 12:09
