

Արման Ղարիբյան, «Հետք»
Սեւանա լճում ձկնագողերի դեմ պայքարն իրականացնում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Բնապահպանության պետական տեսչության ներկայացուցիչները, սակայն նրանց ուժերը չեն բավականացնում: Սեւանա լճի մակերեսի շրջակայքում բնակվում է մոտ 300 հազար մարդ, և շատերը իրար մեջ բաժանել են լճի տարածքն ու ապօրինի ձուկ են որսում: Արգելված է Իշխան, Կողակ, Բեղլու, Սիգ ձկնատեսակների որսը, իսկ Ծածանի (Կարասի) որսը ոչ միայն թույլատրվում, այլեւ խրախուսվում է:
«Սեւանում միայն էգ Կարասներ կան, որոնք բազմանում են մյուս տեսակի որձերի հաշվին, նրանց բազմացման շրջանը համընկնում է Բեղլուի եւ Կողակի շրջանի հետ: Որձերը Կարասի հետ բազմանալուց հետո համարում են, թե իրենց աշխատանքը կատարված է, դրանից Կողակի եւ Բեղլուի բազմացումը տուժում է»,- այսօր «Հայելի» ակումբում բացատրեց ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը:
Ձկնագողության դեմ պայքարի միջոցներն արդյունավետ չեն, նույնիսկ Սեւանի մայրուղու երկայնքով բազմաթիվ ձկնագողեր բացահայտ վաճառում են արգելված ձկնատեսակները: Ըստ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանի` ձկնատեսակների պահպանության համար անհրաժեշտ է, որ հասարակությունը տնտեսապես զարգանա եւ գիտակցապես հասունանա: «Սիգ ու Իշխան մի գնեք շուկաներից, դրանով դուք օգնում եք ձկնագողերին, եթե չգնեք, չեն որսա»,- կոչ արեց պարոն Ճերտերեճյանը:
«ԱՅՍՊԻՍԻ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ»
Արման Ղարիբյան, «Հետք»
Այս տարի Սեւանա լիճ է բաց թողնվել մոտ 287 հազար մանրաձուկ` 5, 10, 50 եւ ավելի գրամ քաշով: «Դրանք բավական ինքնուրույն, կենսունակ ձկներ են, այսինքն` լճում դրանց կորուստը պետք է չնչին լինի: Առանց դրա` Սեւանա լճում Իշխան ձկան տեսակը չենք կարող պահպանել: Սակայն դրանով մենք չենք կարող վերականգնել Սեւանա լճում Իշխանի պաշարները, քանի որ բնական աճի համար պայմաններ չկան»,- ասում է Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը:
Նա ներկայացրեց լճի ձկնատեսակների պահպանության համար պետական բյուջեից տրամադրվող գումարների չափը. մինչեւ 2006 թվականը տրամադրվում էր 10 մլն դրամ, 2007-ին` 30 մլն, 2008-ին` 80 մլն: Իսկ այս տարի տնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվել է` 72 մլն դրամ, հաջորդ տարվա բյուջեով էլ նախատեսված է 60 մլն դրամ:
Կարեն Ճենտերեճյանի խոսքով` Սեւանա լճում ձկնատեսակների պահպանության խնդիրը միշտ եղել է Բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Իսկ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը արդյունավետ չի համարում կատարվող աշխատանքները. «Այսպիսի անմխիթար վիճակ, ինչպիսին մենք ունենք այսօր, երբեք պատմության մեջ չի եղել: Մենք անվերադարձ կորցրել ենք Իշխանի երկու ենթատեսակները` Ձմեռայինն Իշխանն ու Բոջակը: Սակայն միայն Բնապահպանության նախարարությունը չի կարող այս հարցը լուծել, ոստիկանությունը եւս պետք է հսկողություն իրականացնի»,- ասում է Բորիս Գաբրիելյանը:
Իշխանի պահպանված երկու ենթատեսակների` Ամառային Իշխանի եւ Բախտակի վիճակը պարոն Գաբրիելյանը բավարար գնահատեց: Ինչ վերաբերում է Սիգին` ձկնաբանության ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ 80-ականների վերջին ձկան քանակը հասել էր 30 հազար տոննայի, իսկ այս տարի այն կազմում է ընդամենը 170-180 տոննա:
Կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը նշեց, որ նախատեսվում է մինչեւ 2031 թվականը Սեւանի լճի մակերեսը բարձրացնել մինչեւ 1903 մետրի: Իսկ այսօր այն կազմում է մոտ 1899 մետր:
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՅՍՊԻՍԻ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ
Արթուր Հովհաննիսյան, «Հայոց Աշխարհ»
Սեւանա լճում էկոլոգիական աղետը գնալով սաստկանում է, իսկ ոլորտի պատասխանատուները հաճախ չեն ասում ողջ ճշմարտությունը կամ ներկայացնում են կեղծ տեղեկատվություն:
«Հայելի» ակումբը լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ ԿԱՐԵՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆԻՆ ու ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր ԲՈՐԻՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ:
Մամուլում ոչ մեկ անգամ բարձրացվել է Սեւանա լճի սիգի որսի ոչ թե թույլտվություն չտալու, այլ այդ որսն արգելելու խնդիրը (դրանք իրարից արմատապես տարբեր բաներ են), ինչը բնապահպանության նախարարության, նախորդ եւ ներկա նախարարների կողմից հետեւողականորեն ու միտումնավոր անտեսվել է։
Ավելին՝ որսարգելքի անհրաժեշտությունն անտեսվել է նաեւ նշված ձկան արդյունագործական պաշարների ոչնչացումից (գիշատչային հոշոտումից հետո), ինչից կարելի է եզրակացնել հետեւյալը, նախարարի ու նախարարության հոգը չէ, որ այժմ էլ Սեւանա լճի սիգի, որպես կենսաբանական տեսակի, ոչնչացումն է ընթացքի մեջ։ Այսպես շարունակվելու դեպքում սիգը շուտով կարժանանա Սեւանա լճից 1986 թվականից իսպառ անհետացած ձմեռային բախտակի ճակատագրին։
Սեւանա լճի ձկնապաշարների պահպանման իրական արդյունքներ ապահովող գործ անելու փոխարեն, ինչո՞վ է զբաղված նախարարությունը։
«Հնարավորությունները տարբեր տարիներին եղել են տարբեր,- ասաց Կ. Ճենտերեճյանը,- վերջին տարիներին այդ հնարավորությունները թույլ տվեցին մշակել հայեցակարգ ձկան պաշարների վերաբերյալ՝ Սեւանա լճի եւ այդ շրջանի ընդհանրապես, այդ հիմքի վրա ավելացնել այն գումարները, որը հատկացվում է Սեւանա լճում ձկան պաշարների համալրման համար:
Իր արդյունքների, արդյունավետության առումով քանի՞ լումա արժե այդ հայեցակարգը, երբ Սեւանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձկան պահպանման խնդիրը սկզբից եւեթ լուծված չէր եւ առ այսօր էլ լուծված չէ։ Դա բնապահպանության նախարարին նախապես հայտնի էր, հետեւաբար պետական ահռելի միջոցները վատնելու, մսխելու համար պետք է պատասխան տալ։
Նշելով, որ ինքն էլ Սեւանա լճի մերձակայքում, մայրուղու վրա որսագողերի բռնած սիգի ապօրինի վաճառքին տեղյակ է, քանի որ հաճախ է գնում Սեւան, բաժնի պետը խնդրին անտեղյակ ձեւանալով, ասաց, որ դրա արգելքը 100 տոկոսով հնարավոր չէ։ Իսկ ո՞վ է ասում, թե «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը եւ բնապահպանական պետական տեսչությունը ձկնագողության եւ ապօրինի վաճառքի արգելքը պետք է 100 տոկոսով իրականացնեն, այսինքն՝ իդեալական վիճակ ապահովեն։ Չէ՞ որ խնդիրն այն է, որ նշված մարմիններն այդ արգելքը նույնիսկ 10 տոկոսով չեն ապահովել, ինչի ապացույցը սիգի արդյունագործական պաշարների ոչնչացման իրողությունն է։
Բ. Գաբրիելյանը իր խոսքում ասաց. «Սեւանա լճում ձկան համակեցության այսպիսի անմխիթար վիճակ, ինչպիսին ունենք այսօր, Սեւանա լճի պատմության մեջ երբեք չի եղել»։
Ըստ ինստիտուտի տնօրենի, Սեւանա լիճ ներմուծված ձկնատեսակներից մեկի՝ սիգի, որը դարձել էր կարեւոր տեսակներից մեկը ե՛ւ լճի էկոհամակարգի հավասարակշռության, ե՛ւ մեր ժողովրդի համար, արդյունագործական պաշարները խզված են, ինչպես ավելի վաղ խզվել էին իշխանի մնացած երկու ենթատեսակների (ամառային բախտակի եւ գեղարքունու), բեղլուի եւ կողակի պաշարները։ Դրանց գոյության մասին ընդհանրապես խոսք չկա։ Իշխանի մյուս երկու ենթատեսակները՝ ձմեռային բախտակը (ձմեռային իշխան) եւ բոջակը, իսպառ վերացած են եւ անվերադարձ կորսված։
Ներմուծված մյուս տեսակի՝ մանրածածանի (կարասի) ե՛ւ չափերը, ե՛ւ արդյունագործական պաշարները, տնօրենի հավաստմամբ, նվազել են։ Դրա պատճառը այդ ձկան չսահմանափակված արդյունագործական որսն է, ինչպես նաեւ հիվանդությունը (որովայնում՝ պարազիտային ճիճուներ), որը հայտնաբերվել է այս տարի։ Նկատի ունենալով կարասը, տնօրենն ասաց. «Դիտում ենք ոչ ցանկալի տեսակ Սեւանի էկոհամակարգի համար, եւ ամեն ինչ անում ենք, որ նա այնտեղից վերանա»։
Այս նպատակի համար ինստիտուտը բնապահպանության նախարարությանը տարիներ շարունակ (ներառյալ՝ 2009թ. համար) առաջարկել է թույլատրել չլիմիտավորված, անսահմանափակ որս, ավելին՝ առաջարկել է տալ նվազագույնը 400-500 տոննա կամ ավելի մեծ զանգվածի որսի թույլտվություն։
Այժմ Սեւանա լճում մանրածածանի պաշարները նույնիսկ ավելի քիչ են, քան սիգի։ Կարծում ենք, Սեւանա լճում մանրածածանի ոչնչացման քաղաքականությունը ինստիտուտի կողմից խոշոր սխալ է, ինչի հետեւանքով առաջիկայում էլ ավելի կխորանան ձկնապաշարների վերացման հետեւանքով չսպառված ու նեխած կերով (օրգանական նյութով) լճի թունավորման ու ճահճացման գործընթացները։
Ինստիտուտի 2008թ. ուսումնասիրությունների համաձայն, ամբողջ Սեւանա լճում մնացած սիգի պաշարն ընդամենը 170-180 տոննա է (80-ականներին եղել է 30000 տ)։ Բ. Գաբրիելյանի տեղեկացմամբ, այս տարվա իրենց ուսումնասիրությունների նախնական տվյալների համաձայն, սիգի պաշարների վիճակը նախորդ տարվա համեմատ չի բարելավվել։ Վերջնական արդյունքները հայտնի կդառնան մոտ երկու շաբաթից։
Բնավ չենք զարմանա, եթե հերթական անգամ արձանագրվի նվազում։
Նոյեմբեր 27, 2009
