Վարդան Ղազարյան` Սևանից ջուր վերցնելը կապված չէ Արարատյան դաշտի ոռոգման հետ

Վարդան Ղազարյան` Սևանից ջուր վերցնելը կապված չէ Արարատյան դաշտի ոռոգման հետ

ԷկոԼուր

Սևանից ջուր վերցնելը կապված է ոչ թե Արարատյան դաշտի ոռոգման հետ, այլ Սևանի մակարդակը չբարձրանալու, շինությունները չքանդելու հետ, կարծում է  Արարատի  գյուղաջակցության մարզային կենտրոնի  /ԳԱՄԿ/  համայնքային կապերի  մասնագետ Վարդան Ղազարյանը: Նրա կարծիքով, եթե անգամ Սևանից ջուր բերեն, միևնույն է, գյուղացիները լիարժեք ջուր չեն ստանալու. « Եղած ջուրն էլ չի հասնում ոռոգման տարածքներին, իսկ Արարատյան դաշտը հնարավոր չէ ծառայեցնել գյուղատնտեսական նպատակներին առանց ջրի» : Պատճառը ջրի մեծ կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 50-60 տոկոս: 

«Արարատյան հարթավայրի գյուղացիներն իրենց տնամերձերից գրեթե ավելի շատ եկամուտ էին ստանում, քան փաստացի եղած դաշտերից: Այս տարի գյուղերում տնամերձերը ամայի են, մարդիկ չեն մշակում, ջուր գոյություն չունի: Ամռան սեզոնին ջուրը  4 անգամ  4-5 օրով կտրում են, եթե հաշվենք, փաստորեն, ամռան տապին մի 20 օր ոչ մի գյուղացու ջուր չեն տալիս, էլ  ինչպե՞ս այդ բույսը դիմանա արևի տակ…Այս վերջին տարիներին մենք միանգամից հարձակվել ենք ստորերկրյա ջրերի վրա և անխնա հանում ենք հիմնականում ձկնաբուծարանների համար: Ջրի մակարդակը իջել է: 20 մետր էլ իջնում ես, ջուր չկա, եթե այսպես շարունակվի, մենք ուղղակի շատ մեծ խնդիրներ կունենանք…Մեր հողերի մոտ 30 տոկոսը չի մշակվում այն պատճառով, որ շատ դաշտերին ջուր ուղղակի չի հասնում, հատկապես ծայրամասային տարածքներում: Ամենածանր վիճակում գտնվող համայնքներից մեկը Հովտաշատ համայնքն է, մոտ 700 հեկտար հողատարածք այդտեղ չի մշակվում, որովհետև ջուրը գնում է ձկնաբուծարաններ»,- ասաց Վարդան Ղազարյանը: 

Հողերի աղակալման հետ կապված նա նշեց. «Արտեզյան ջրերը ստուգված չեն, շատերը օգտագործում են դրենաժային ջրեր, որոնք մեծ քանակությամբ աղեր են պարունակում, շատ տարածքներում սկսվել է հողերի կրկնակի աղակալում»: 

Արարատյան դաշտի ներկայիս վիճակի համար Վարդան Ղազարյանը որպես պատասխանատուներ նշեց ՋՕԸ-ին և ֆերմերներին.«Ամեն պատահական մարդ դարձավ գյուղացի, դարձավ ֆերմեր, ոչ ջրել գիտեն, ոչ հսկել, ոչ հետևել, այդ ամենը բերում է կորուստների»: 

Ըստ Վարդան Ղազարյանի`ելքը մեկն է` շտապ կառուցել ջրամբարներ: «Մենք բավականին շատ ջուր ունենք: Հայաստանի տարեկան ջրերի ընդհանուր բալանսը կազմում է 7,5-8 միլիարդ խ/մ, մենք դրա շատ քիչ մասն ենք օգտագործում, եթե անգամ դիմեն Սևանին, որպես «շտապ օգնություն», պետք չէ միանգամից վերցնել 240 միլիոն, կարելի է բավարարվել ավելի քչով»:

Հիշեցնենք, որ «Հայջրնախագիծ ինստիտուտ» և  «Մել-Հով» ընկերությունների կոնսորցիումի հիդրոերկրաբան Աշոտ Սարգսյանը մարտի 18-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության վերջնական արդյունքների ներկայացման ժամանակ նշել էր, որ Հայաստանի ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են ընդամենը մոտ 5  միլիարդ   խմ /վրկ ջուր, իսկ Ջրի ազգային ծրագրում 7  միլիարդ   խմ /վրկ ջուր է գրված: Փորձագետների համար անհասկանալի էր, թե որտեղից են վերցրել այս թիվը:



Մարտ 31, 2014 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր