Սեւանի բնակիչ`եթե մենք հիմա չառնենք այս երկու նախագծերի դեմը, Սևանի ափին ապրելը կդառնա վտանգավոր կյանքի և առողջության համար

Սեւանի բնակիչ`եթե մենք հիմա չառնենք այս երկու նախագծերի դեմը, Սևանի ափին ապրելը կդառնա վտանգավոր կյանքի և առողջության համար

ԷկոԼուր

Սևանա լճից ջրի բացթողումների ավելացման և լճում արհեստական ձկնաբուծարանների ստեղծման կառավարությանը ծրագրերն ամենամեծ հարվածներն են, որ երբևիցե կհասցվեն Սեւան լճին: Այս կարծիքին էին  ապրիլի 11-ին Սևան քաղաքում անցկացված կլոր սեղանի մասնակիցները:

Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատեց «Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը, որով մինչեւ 2023թ-ը տարեկան Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով կաճեցվի  50 հազար տոննա իշխան, ինչի համար էլ 50 հազար տոննա ազոտ եւ ֆոսֆոր պարունակող արհեստական կեր կլցվի լիճ: Հիմնվելու է  74 ձկնաբուծական տնտեսություն:

Մյուս ծրագիրն էլ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»   ՀՀ   օրենքի նախագիծն է, որը ներկայացված է ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը: Օրինագծով առաջարկվում է Սեւանա լճից ջրի բացթողումները 5 տարով ավելացնել` 170 միլիոն  խորանարդ մետրից հասցնելով 240 միլիոն խորանարդ մետրի:

Սևանի բնակիչ, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյան. «Ձկան պաշարներն այսօր էլ հնարավոր է վերականգնել, եթե ոլորտին հատկացվող ֆինանսական ռեսուրսները ճիշտ կառավարվեն: Այն մանրաձուկը, որը աճեցվում է և լցվում է լիճ, իրականում լցվի լիճ, ոչ թե ընդամենը փողեր գրեն, ցույց տան, ձև անեն և այդ գումարները լվանան, ուտեն: …Հիմա մեզ սպառնում է շատ հզոր մի խնդիր. ջրի մակարդակն իջեցնում են, ավելացնում են ջրի բացթողումների ծավալները, դրա հետ մեկտեղ սարքում են արհեստական գործարաններ, եղած ջուրն էլ աղտոտում են: Եթե մենք հիմա չառնենք այս երկու նախագծերի դեմը, ավելի լավ է հենց այսօրվանից մեր իրերը հավաքենք, որովհետև Սևանի ափին ապրելն արդեն դառնում է վտանգավոր կյանքի և առողջության համար…Սևանը մի քանի տարվա ընթացքում ճահճանալու է,  ինչպես 7 տարվա ընթացքում ցամաքեց Արարատյան դաշտի արտեզյան ավազանը: Ինչո՞ւ ցամաքեց այդ ավազանը. կառավարության, Ազգային Ժողովի անդամներից ով որտեղ ուզեց, փորեցին հորատանցքեր, ձկնաբուծարաններ սարքեցին, ջուրը հանեցին ընդերքից և իրենց ջրավազաններով ուղեցին Արաքս գետ, գնաց մեր երկրից այդ ջուրը, վերջացավ, չորացավ: Հիմա նույն կերպով սկսում են վարվել Սևանի հետ…:  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հայտարարում է, որ ջրի դեֆիցիտ ունենք մենք, և դրա համար ջուր է պետք տանել Սևանից: Եթե մենք ջրի դեֆիցիտ ունենք, նախ և առաջ պետք է մտածենք Սևանի խնդրի մասին: Եթե ջրի դեֆիցիտ ունենք, նշանակոււմ է՝ Սևանն էլ է վտանգված: Սևանն այս տարածքի ժողովրդի եկամուտի միակ աղբյուրն է: Մարդիկ այստեղ եկել և ապրում են ջրի և ձկան համար, վերջին տարիներին էլ նաև տուրիզմի գոտի է դարձել: Բացի այդ, չմոռանանք, որ Սևանն ամռանն իր մեջ հսկայական էներգիա է կուտակում, որը ձմռանը տալիս է այս տարածքին և բավականին մեղմում է այս տարածքի ցրտաշունչ կլիման: Մի ամիս Երևանում ցուրտ եղավ, տեսաք` ինչպես էին բոլորը խառնվել իրար: Այս տարածքի ժողովուրդը 9 ամիս ջեռուցում է, որ կարողանա ապրի:

…Սևանը բարձրացել է բնության հաշվին, կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չի արել: «Արփա-Սևան» թունելը փակ է և չի գործում, չի գործելու մինչև 2017 թվականը: Դրա հետ մեկտեղ 2008, 2012 թվականներին կրկին կառավարությունը որոշում ընդունեց և 1 տարով ջրբացթողումների ծավալը ավելացրեց: Այդ երկու անգամը մեկ տարով փորձեց, ոչ ոք ձայն չբարձրացրեց, հիմա որոշեցին բացթողումներ անեն միանգամից 5 տարով և Սևանի մասին օրենքում փոփոխություններ անեն: …Սևանա լճից ջրբացթողումների ծավալը ավելացրեցին 2008 և 2012 թթ-ին: Դրանք նախընտրական տարիներ էին, այսինքն` ջուրը չէին բաց թողնում, որպեսզի ափամերձ տարածքները չմնան ջրի տակ, այլ այդ ջուրը վաճառում էին և այդ գումարով ընտրակաշառքներ տալիս:

…Այն ժամանակ, երբ իջեցրեցին Սևանա լճի մակարդակը, կառուցեցին Արփա-Սևան կասկադը, շատ լավ, փայլուն նախագիծ ունեին: Այդ նախագծով ջրի մակարդակը իջեցնում էին, որպեսզի գոլորշացման ծավալը փոքրանար, այդ գոլորշացման ջուրը պետք է օգտագործվեր էներգիա արտադրելու համար, ազատված տարածքները պետք է օգտագործվեին գյուղատնտեսության համար: Արդյունքում Սևանի մակարդակը 20 մետրով իջավ, այդ տարածքները, պարզվեց, գյուղատնտեսության համար պիտանի չեն, լճի ամբողջ էկոլոգիական հավասարակշռությունը խախտվեց, Սևանը կանգնեց ճահճացման վտանգի առջև: Հետո սկսեցին փողեր ծախսել, որ «Արփա-Սևան» թունել կառուցեն, և Սևանի մակարդակը կրկին վերականգնվի: Այն ժամանակ Սևանը շատ առողջ էր, դրա համար դիմացավ և մինչև այսօր դիմանում է, բայց այսօր այդ նույն Սևանը չէ, որ կարողանա դիմանա այն փորձություններին և խաղերին, որը պատրաստվում են անել իր հետ: Դա անում են մի քանի հոգի և անում են իրենց սեփական գրպանի համար: Ոչ ոք հաշվի չի առնում մի ամբողջ հանրապետության շահ: Այստեղ ոչ պետական մտածելակերպ, ոչ քաղաքական կամք չկա:..

Բոլոր գետերի վրա, որտեղ ձուկը բարձրանում է ձվադրելու, ՀԷԿ-եր են կառուցել, ամբողջ ձուկը մտնում է տուրբինայի մեջ և կոտորվելով դուրս է գալիս: Այդ ձուկը էլ ո՞նց աճի: Պետք է նախ և առաջ այդ ՀԷԿ-երը վերացնել, գետերի հուները մաքրել և թողնել, որ ձուկը նորից բնական ճանապարհով վերարտադրվի: Ամբողջ Սևանում այն աստիճանի հսկայական օրգանական նյութի կուտակում է, որ սպառնում է լճի ճահճացմանը: Այդ օրգանական նյութը ձկան կեր է, թող այդ ձուկը բերեն, լցնեն լիճը, որը բնական գործարան է, այդ կերով ապրի, շատանա, լճի օրգանական պաշարներն էլ պակասեն, ոչ թե բերեն, այդ ձուկը լցնեն ցանցերի մեջ և մի հատ էլ արհեստական կերով կերակրեն: Այդ արհեստական կերը, որը լճում նորից կավելացնի ֆոսֆորի և ազոտի քանակը, նաև պարունակում է ԳՄՕ, որքան էլ իրենք ասեն, որ դա այդպես չէ, և հսկայական վնաս է հասցնելու լճի ամբողջ ձկնապաշարին: 

… Իրենց ասելով` իրենք ստեղծելու են 5000 աշխախատեղեր, սակայն երբ ես հարցրեցի որտեղ են աշխատելու այ մարդիկ, ինչ են անելու, իրենք չկարողացան դա հիմնավորել: Իրենց պիլոտային ծրագրով ստեղծված 6 ձկնաբուծարաններում աշխատում է ընդամենը 2 հոգի: Իրենք հեշտությամբ իրենց ցանցերից մեծ քանակությամբ ձուկը կհանեն, կտանեն և կվաճառեն: Այս ափամերձ գյուղերի բնակիչները, իրենց կյանքը վտանգելով, լիճ մտնելով, որքանո՞վ պետք է ձուկը վաճառեն, որ կարողանան իրենց օրվա հացի խնդիրը լուծել: Այս ժողովրդին այդ հնարավորությունից էլ են զրկում»: 

Լճաշենի համայնքապետ  Կորյուն Մարգարյան. «2000 թվականից ամեն տարի կառավարությանը նամակ ենք ուղարկում, որպեսզի թույլ տան ոռոգման նպատակով Սևանա լճից ջուր վերցնել, սակայն կառավարությունը միշտ մերժում է:  Մեզ պատասխանում են, որ Սևանի ջուրը մեծ արժեք ունի, քաղցրահամ ջուր է և ամեն մի կաթիլ ավելի մեծ արժեք ունի, քան ոսկին, և, որպես հայ, մենք պետք է հասկանանք, որ Սևանա լճի ջրի հետ գործ չունենք: Այդ իսկ պատճառով մենք մեր համայնքում խնդիրները լուծելու համար ստիպված փորեցինք մի քանի խորքային հորեր և դրանով ոռոգում ենք մեր հողատարածքները: Գիտակցելով, որ, իրոք, քաղցրահամ ջուր է, որ, իրոք, մեր ամբողջ ազգին է պետք, զերծ մնացինք Սևանից: Այժմ մենք տեսնում ենք, որ ամեն տարի ջրի բացթողման ծավալները ավելացնում են: Իմ կարծիքով` սա կառավարության հերթական որոշումն է, որտեղ բացարձակապես հաշվի չի առնվում ժողովրդի կարծիքը:  Չի կարելի նստել Երևանում և որոշել 70 միլիոն խորանարդ մետրով  ավելացնել ջրի բացթողումը ոռոգման համար, իսկ Սևանի կողքի գյուղի բնակչին, ով ամեն օր նայում է այդ լճին և երազում է` գոնե մի կաթիլ լցվի իր այգին, ասել` ոչ, չի կարելի: Չի կարելի ինչի՞ համար: Երևի այդտեղ կառավարության մի աշխատող չկա, որը տարածքներ ունի: Ինչպե՞ս կարելի է Սևանի տարածաշրջանի ժողովրդին ոռոգման ջուր չտալ, տանել, ջուրը հասցնել Արարատյան դաշտ: Արարատյան դաշտում մի քանի կիլոմետրի վրա Արաքսն է, թող այնտեղից մի պոմպ դնեն, եթե Պուտինը թույլ չի տալիս, թող իրիկունները քաշեն այդ ջուրը և ոռոգեն Արարատյան դաշտը: Սա, իրոք, վիրավորական է: Ի՞նչ է նշանակում` Լճաշենը ոռոգման ջուր չստանա, ջուրը տանեն Արարատյան դաշտ, տան ձկնաբուծարաններին, իսկ աղքատ ժողովրդին մի քանի մետրի վրա կարտոֆիլ աճեցնելու համար չտան: Մենք սևանցիներով պետք է կանգնենք և ընդհանրապես դա թույլ չտանք: Մենք պետք է տեր կանգնենք մեր Սևանին»,- ասաց Կորյուն Մարգարյանը: 

Ինչ վերաբերում է ձկնաբուծարաններին, ապա Լճաշենի համայնքապետը դա համարում է անտրամաբանական ծրագիր. «Դա ձեռնտու է որոշ մարդկանց: Միևնույնն է, այդ մարդիկ բոլոր արտոնություններից օգտվում են, թող գնան, ուրիշ տեղ սարքեն ձկնաբուծարան, միևնույն է` իրենց համար ամեն ինչն էլ ձրի է, ի՞նչ գործ ունեն` բերեն այդ նյութերը լցնեն Սևանա լիճ, մի երկու ձուկ գցեն ջուրը, հետո ցույց տան ձկան պաշար են ավելացնում: Մենք, որպես մարդ, որպես Հայաստանի բնակիչ, որպես սևանիցի, մեծ ցավ ենք ապրում: Բոլորս գնացող ենք, բայց Սևանը պետք է մնա: Մեր պապերը եկել են այստեղ, դույլը մտցրել են ջուրը, հանել են, մեջը ձկներ են եղել: Այսօր այդ ձուկը բացարձակապես չկա: Այն ժամանակ այստեղ ժողովուրդ կար, հիմա այդքան մարդ էլ չկա, գնացել, ռուսների փշրանքներն են ուտում: Նման կառավարումը սխալ է, չպետք է մի քանի հոգու համար մարդկանց այս օրվան հասցնել»: 

Հասարակական գործիչ Գագիկ Սուխուդյան. «Այստեղ կյանքի գործոնը ձուկն է: Իշխանությունը Սևանի տարածաշրջանում բնակվող ժողովրդին զրկում է ապրելակերպի հնարավորությունից: Այդ արհեստական ձկնաբուծարանների համար Սևանի ջուրը ձրի է: Այդ ծրագրով խաչ է դրվում գետերի վրա, որովհետև ձուկը պետք է բազմանա միայն բնական պայմաններում, իսկ ձկան պաշարները վերականգնելու համար պետք է գետերը մաքրել, ՀԷԿ-երը վերացնել, որպեսզի ձուկը կարողանա բնական պայմաններում ձվադրի: Արհեստական կերպով վերջնականապես կփչացնեն նաև ջրի որակը, չհաշված կերը, չհաշված դեղամիջոցները… Սևանից ջրի բացթողումները կապված չեն Արարատյան դաշտը ոռոգելու հետ: Կառավարությունը արդարացման ոչ մի մոտիվացիա չուներ, քան մեջբերել գյուղացիների սարսափելի վիճակը, որովհետևն ուրիշ ոչինչ չի կարող բացատրել Սևանից ավելի 70 միլիոն խորանարդ մետր ջուր բացթողնելու առաջարկը: Ազգային Ժողովի բնապահպանության հանձնաժողովում 6/5 հարաբերակցությամբ, որը երբեք չէր եղել, դրական եզրակացությամբ անցավ առաջին քննարկումը: Հստակ ասեմ, որ 5 տարով Սևանա լճի ավազանից ուղիղ 40 տոկոս ավելի ջուրը բաց թողնելու պատճառը դա չէ: Ես պաշտոնյաների կարծիքը լսել եմ, որ լիմիտը պետք է ավելանա: Եթե մենք համաձայնենք այդ 5 տարուն, վստահեցնում եմ, որ ոչ ոք 5 տարուց չի վերադառնա այդ 170 միլիոն խորանարդ մետրին: Եկեք, տեսնենք` ում է ձեռնտու, որ Սևանը չբարձրանա: Ձեռնտու չէ Սևանի բարձրանալը ափամերձ տնտեսություններին, որովհետև այնտեղ ունեն հյուրանոցներ, ռեստորաններ, ամառանոցներ և այլն: Պետությանը ձեռնտու չէ, որովհետև ջուրը բարձրացնելը  կապված է մեծ ծախսերի հետ. ջրի բարձրացնելը պահանջում է բարդ նախագիծ, որով պետք է տեղափոխվեն ճանապարհները, կոմունիկացիաները և այլն, ինչին պետությունը պատրաստ չէ: Կասկած չկա, որ այդ 5 տարիների ընթացքում 25-30 սմ ջրի մակարդակը կիջնի: Սևանից ավելի ջրի բացթողումները ձեռնտու է նաև ռուսական ընկերությանը, որը շահագործում է Սևան-Հրազդան կասկադը և արտադրում է էլեկտրոէներգիա: Հաջորդը, ում է ձեռնտու, որ Սևանից շատ ջուր գնա: Նախիջևան-Իրան սահմանում կա մեծ ջրամբար, որի տարողությունը 900 միլիոն խորանարդ մետր է, 3-4 տարի առաջ այդ ջրամբարի ծավալները ավելացվեցին մինչև 1 միլիարդ 200 միլիոն միլիոն խորանարդ մետր, ուրեմն նրանց է ձեռնտու, որ Սևանից ավելի շատ ջուր գնա: Եթե մենք մեր ջուրը նվիրում ենք մեր «հարևաններին», ուրեմն մենք ապուշ ենք, եթե վաճառում ենք, ուրեմն սրիկա ենք, մեր թշնամիներին ենք վաճառում»: 



Ապրիլ 15, 2014 at 13:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր