

ԷկոԼուր
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը` մի շարք հասարակական կազմակերպություններ եւ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, պատրաստվում են Սեւանա լճի փրկությանն ուղղված ապրիլի 25-ի բողոքի քայլերթին: Նախաձեռնությունը դիմում է բոլորին.
«Փրկե՛նք Սեւանը, քանի դեռ հնարավոր է
ՀՀ կառավարությունը Սեւանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում.
- Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:
- Հաստատվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:
ՄԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ
Կառավարության այն պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները «բլեֆ» են համարում.
- Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սեւանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը`170 միլիոն խմ, լրիվ բավարար է
- գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետեւ ՋՕԸ-ները ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով եւ վճարել դրա համար
- գյուղացիները, ովքեր օգտվում են արտեզյան ջրերից, Սեւանի ջրերի օգտագործման կարիքը չունեն:
Ձկնաբուծարանի համալիր ծրագրով Սեւանա լիճը ամեն տարի կստանա.
- ազոտով, ֆոսֆորով եւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լի 50 000 տոննա արհեստական կեր
- ցանցավանդակներում սատկած եւ հիվանդ ձկներ
- ձկների բուժման համար անհրաժեշտ դեղորայք:
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը կոչը անում մասնակցել նախազգուշացնող բողոքի քայլերթին` ուղղված Սեւանա լճի փրկությանը: «S.O.S. Սեւան» քայլերթը կմեկնարկի ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի օղակաձեւ հրապարակից դեպի Սեւան-Հրազդան ջրանցքը Սեւան- Երեւան մայրուղով: Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի օրը, Ազգային ժողովի շենքի դիմաց»:
Ապրիլ 23, 2014 at 15:53
