

ԷկոԼուր
Ամենայն հավանականությամբ մեր ջրամբարները դարձել են տիեզերական այլմոլորակայինների ներխուժման օբյեկտ, կամ որևէ այլ պարանորմալ երևույթների: 2014 թ-ը բոլոր նշաններով նորմալ ջրային տարի է: Ամենի ինչ կա՝ ձյուն, գրեթե ամենօրյա անձրևներ, ոչ տաք եղանակ, իսկ մի քանի ջրամբարներում ջուր չկա: Ուսումնասիրելով Հիդրոմետ ծառայության տվյալները 2014 թ-ի հունիսի 11-ի դրությամբ՝ տեսնում ենք, որ 4 ջրամբարները՝ Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի և Ազատի, իրենց մաքսիմալ ծավալից կեսից ավելի քիչ են լցված: Ախուրյանինը՝ 273 մլն. խ/մ՝ 525 մլն. խ/մ-ի փոխարեն, Արփի լճինը՝ 42,7 մլն. խ/մ՝ 105 մլն. խ/մ-ի փոխարեն, Ապարանինը՝ 24,3 մլն. խ/մ՝ 91 մլն. խ/մ-ի փոխարեն, Ազատինը՝ 46,2 մլն. խ/մ՝ 70 մլն. խ/մ-ի փոխարեն: Միայն Կեչուտի ջրամբարն է նորմալ լցված՝ 23,5 մլն. խ/մ՝ 25 մլն խ/մ-ի փոխարեն (Սպանդարյանի ջրամբարի տվյալները տեղեկատու ցուցակում նշված չեն):
Ո՞ւր է անհայտացել ջուրը: Այս հարցի պատասխանը չեն տալիս ո՛չ Հիդրոմետ ծառայությունը, ո՛չ Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Իսկ ջրամբարների ջրից օգտվող մարդիկ, կամ մոտակայնքում բնակվողները, անորոշ ասում են. «Բաց են թողնում երևի...հայտնի չէ, ում են վաճառում...դա դրենաժ է...»: Իսկ թե ուր են բաց թողնում, ում են վաճառում, և որտեղ են այդ դրենաժները, որոնք մինչև վերջին տարիները չկային, ոչ ոք չի բացատրում: Որոշ մասնագետներ փորձում են համապատասխանեցնել տարօրինակ արտահոսքը գլոբալ տաքացման հետ, չնայած որ ոչ մի այլ աղետ այս տարի Հայաստանում, փառք Աստծո, նշված չէ:
Բայց կառավարությունը չի արհամարհում այս խնդիրը: Ընդհակառակը՝ չտալով բացատրություն տարօրինակ արտահոսքի վերաբերյալ, հայտարարում է ջրային աղետի մասին և մտադիր է վերակառուցել Կապսիի ջրամբարը Գերմանական զարգացման KfW բանկի վարկով:
Ընդ որում, ոչ ոք չի երաշխավորում, որ նոր ջրամբարում ջուրը կպահպանվի և չի անհայտանա անհասկանալի դրենաժների մեջ: Մենք պատրաստ ենք վերցնել ևս մեկ հսկայական պարտք և զբաղվել շինարարությամբ՝ Հայաստանում ամենաեկամտաբեր բիզնեսով, ներգրավել բարեկամ ընկերություններին և ստանալ կասկածելի օգուտներ այն դեպքում, երբ մենք ունենք ջրի բնական, հսկայական և յուրահատուկ պաշար՝ 37 միլիարդ խմ ջրի ծավալով Սևանա լիճը: Եվ այս յուրահատուկ ջրամբարը մենք պատրստ ենք ոչնչացնել՝ բաց թողնելով անթույլատրելի չափաքանակով ջուր: Նույն Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ Սևանա լճի մակարդակն արդեն սկսել է իջնել՝ 2013 թ-ի հունիսի 11-ին արձանագրված ծովի մակարդակից 1900.57 մ-ի փոխարեն լճի մակարդակը 2014 թ-ի հունիսի 11-ի դրությամբ կազմում է 1900.52 մ:
Հունիս 17, 2014 at 15:52
