

ԷկոԼուր
Սեւանա լճի խնդրի վերաբերյալ հասարակական սեկտորի հետ ընդհանուր պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամայիս Գրիգորյանը հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկել է Սևանա լճի խնդիրները։
«Ընդհանուր պայմանավորվածություններ ձեռք չենք բերել: Հարց կար քննարկելու, պարզաբանումներ կային և այդ պարզաբանման հետ կապված հրավիրել էինք մասնագետների, որպեսզի պատասխանեին հարցադրումներին: Ինձ թվում է՝ հասարակական կառույցի ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերի պատասխանները ստացան: Խոսքը գնում էր հիմնականում Սևանա լճից ջրբացթողոմներին՝ օրինական ճանապարհով, անօրինական ճանապարհով, և հասկանալի էր, որ այդ ամեն ինչն օրենքի դաշտում է, և անօրինական որևիցե բան չկա: Որևէ խնդիր չկա էլէկտրաէներգիա ստանալու հետ կապված, որովհետև մենք հրավիրել էինք բոլոր շահագիգիռ կողմերին, և քննարկումը լիարժեք տեղի ունեցավ»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:
Հարցին, արդյո՞ք նախարարի կարծիքով հասարակական սեկտորը գոհ մնաց հանդիպումից, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց. «Երևի Դուք ձեր հարցը պետք է ներկայացնեք հասարակական սեկտորին, բայց ինձ թվում է, որ սպառիչ պատասխաններ եղան»:
Հանդիպման ժամանակ «Ռուս Հիդրո» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Արման Մխիթարյանը հիմնավորել է, որ Սևանից ջրի լրացուցիչ բաց թողնումը կապ չունի Սևան-Հրազդան կասկադի վերակառուցման ծրագրի հետ: Բանախոսը տեղեկացրել է, որ կասկադի 7 ՀԷԿ-երից միայն երկուսն է կառուցված Սևանից ոռոգման նպատակով ջրառի ուղու վրա: Իսկ համակարգի արդիականացումը օրախնդիր է, քանի որ այն չի արվել սկսած նախորդ դարի 30-ական թվականներից:
Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն էլ հիմնավորել է, որ պետությունը ստիպված է գնացել Սևանա լճից լրացուցիչ ջրառի, քանի որ եղանակային պայմաններից ելնելով, այս տարի սակավաջուր է եղել:
Հունիս 18, 2014 at 15:46
