Գիտնականը նշեց Սևանի փրկության ուղին

Գիտնականը նշեց Սևանի փրկության ուղին

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը Արարատյան դաշտի ջրի խնդիրը լուծելու եւ Սեւանա լճից հավելյալ ջուր չվերցնելու ելքը գիտի: Այս մասին նա խոսեց հուլիսի 4-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Բիբլիական աղետ» ֆիլմի քննարկման ժամանակ: Դիմելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին` Էվելինա Ղուկասյանն ասաց. «Արարատի մարզում հաճախակի աշխատելով՝ բնակիչներից անընդհատ լսել եմ, որ հորերի ջուրը իջնում է: Ինձ թվում է՝ դա ձեզ համար պետք է մտահոգության տեղիք տար, որ եթե հորերում մի ժամանակ ջուրը 20 մետրի վրա էին խփում, այսօր հասել է մինչև 60-80 մետր, նշանակում է՝ պաշարները սպառվում են, և դա պետք է ձեզ համար ահազանգ լիներ:… Մենք հասարակ լուծում ենք գտել՝ Սևանից բերենք ջուրը, տանք: Ինձ համար շատ ցավալի է Արարատյան դաշտավայրի բնակիչներից յուրաքանչյուրի բողոքը, տրտունջը: Ինքս եմ տեսել՝ ինչպես են դույլերով գնում, ջուր բերում: Խնդիրը լուծում ուներ. Հազարամյակի մարտահրավերների ծրագրով հսկայական ջրատարներ վերանորոգվեցին, բայց ոչ մի անգամ նորմալ անալիզ չարվեց, թե այդ 80 տոկոս կորուստը որ մասերում է տեղի ունենում: 80-ը իջեցնեիք 60-ի: Ես` ինքս, տեսել եմ հատվածներ, որոնք կիսավերականգնված են, դրանք վերանորոգվում են, բայց ամենաքանդված տարածքներում ոչ մի աշխատանք չէր կատարվում: Սևանի փրկության ուղին այն  էր, որ 80 տոկոսը հասցնեիք 60-ի:…Եթե յուրաքանչյուր ղեկավար, ով ստորագրում է այդ թղթերի տակ, համոզված լինի, որ վաղը դրա համար պատասխան է տալու անձամբ, նա հաստատ իր ենթականերին կկանչի և կասի՝ կարգին հիմանավորեք ձեր տված թվերը, և ամեն սխալ թվի համար պատասխան կտա այդ սխալ թիվ տվողը…. Նվազագույն մուտքը Սևանա լիճ միջին տարեկան ցուցանիշներով 220 միլիոն խմ է, ինչպե՞ս որոշվեց, որ պետք է 240 միլիոն խմ բաց թողնվի, գոնե այնպես անեիք, որ զրոյական նիշի վրա կանգնեցնեք: Չեմ ասում՝ խնդիրներ չկա, չեմ ասում` բերեք, միանգամից 10 նիշով մակարդակը բարձրացրեք, ես դրան էլ կողմնակից չեմ, որովհետև այս երկրում ապրելով` տեսնում եմ, թե որքան տնտեսական հարցեր ունենք լուծելու՝ ճանապարհներ են մնում ջրի տակ, գազատարներ են մնում ջրի տակ, այդ ամենը լուծում է պահանջում»:  

Խնդրի լուծման համար Էվելինա Ղուկասյանն առաջարկեց.

  • պայքարել անիմաստ ջրի կորուստների դեմ.
  • Սեւանա լճից ջրբացթողումները հասցնել զրոյականի, որպեսզի բացասական բալանսի խնդիր չառաջանա
  • ավելացնել ղեկավար պաշտոնյաների պատասխանատվությունը:

Մանրամասները` տեսանյութում:



Հուլիս 10, 2014 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր