

ԷկոԼուր
Սեւանա լճի վերաբերյալ ոչ մի որոշում չպետք է ընդունվի առանց Սեւանի համայնքների հետ հասարակական քննարկման: Մենք պահանջում ենք ճանաչել մեզ անմիջական ազդեցության գոտի, եթե խոսքն այն որոշումների մասին է, որոնք ազդում են Սեւանա լճի վրա: Սեւանա լճից ջրբացթողումների կապակցությամբ նման հայտարարությամբ հանդես եկան հուլիսի 9-ին` Գավառի Օրհուս կենտրոնում, ԷկոԼուրի «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսի մասնակիցները:
Ֆիլմը ներկայացնում է Արարարտյան դաշտի եւ Սեւանա լճի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը: Պետական կառույցների անպատասխանատվության եւ ամենաթողության արդյունքում ընդամենը 7 տարվա ընթացքում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսները հայտնվել են աղետալի վիճակում: Արագ միջոցառումներ ձեռնարկելու եւ իրավիճակը շտկելու փոխարեն կառավարությունը հաջորդ փուլին անցավ` Սեւանա լճից ջրբացթողումների ավելացմանը, որը կհանգեցնի մյուս աղետին` Սեւանա լճի կորստին: Քննարկման մասնակիցները կարծում էին, որ ամբողջությամբ անտեսվում է Սեւանի ափին ապրող տասնյակ հազարավոր մարդկանց կարծիքը: Ընդունվող որոշումները կարող են ունենալ ճակատագրական նշանակություն, սակայն արդյունքն այնպիսին է, որ որոշման նախագծերի, ծրագրերի մասին ոչ միայն բնակիչները չեն տեղեկացվում, այլեւ մասնակիորեն նաեւ Գեղարքունիքի մարզի ղեկավարները: Խնդիրը նաեւ նրանում է, որ մարզի ղեկավարությունը կախված է բարձրաստիճան չինովնիկներից եւ չի կարող հանդես գալ ի պաշտպանություն իր մարզի բնակիչների:
Նմանատիպ կարծիք հայտնեցին նաեւ Մարտունու կանանց խորհրդի կողմից Մարտունի քաղաքի Ինֆոտանը կազմակերված ֆիլմի հաջորդ շնորհանդեսի մասնակիցները: «Ես այստեղ ապրում եմ, եւ ոչ մի չինովնիկ կամ նախարար Երեւանում չի կարող առանց ինձ որոշել իմ եւ իմ երեխաների ճակատագիրը»,- ասաց Մարտունու կանանց խորհրդի նախագահ Անահիտ Գեւորգյանը:
Հուլիս 11, 2014 at 12:49
