«ԻՇԽԱՆ» ՁԿՆԱՏԵՍԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

«ԻՇԽԱՆ» ՁԿՆԱՏԵՍԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Արման Գասպարյան, Հայաստանի Հանրապետություն

Մասնագետի համոզմամբ՝ Սեւանին ճահճացում չի սպառնում


«Մութ ու ցուրտ» տարիներին Սեւանա լիճն իր ձկնապաշարներով ողջ հանրապետության համար վերածվեց փրկության օղակի՝ պարենային խնդիրները լուծելու առումով։ Եվ հիմա արդեն ՀՀ իշխանությունների առաջ ծառացել է լճի կենսահամակարգի վերականգնման խնդիրը։ Խոսքը վերաբերում է հատկապես «սիգ» ձկնատեսակի (որը մինչեւ այժմ լճում գերակշռում էր) եւ «իշխանի», որպես էնդեմիկ, այսինքն՝ բնիկ տեսակի վերականգնմանը։ Դրան հակառակ՝ լճում ավելանում է «կարասի» եւ խեցգետնի քանակը, իսկ էկոհամակարգի վերականգնման կարեւորագույն նախապայմաններից է, առաջին հերթին, կենսաբանական հավասարակշռության ապահովումը. այդ իսկ պատճառով ձկան քանակի վերականգնման առումով առաջնայնությունը տրվում է «իշխանի» եւ «սիգի» պաշարների համալրմանը,  արդյունագործական չափերի հասցնելուն։

Ի՞նչ աշխատանքներ են կատարվել եւ կատարվում այդ ուղղությամբ, եւ վիճակը, ինչպես շատերն են պնդում, արդյոք, անմխիթա՞ր է։ Ի վերջո, ձկնապաշարների վերականգնման համար կա ՀՀ կառավարության համապատասխան հանձնարարական, եւ բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվում։ Եվ եթե մինչեւ 2008 թ. դրված էր միայն «իշխանի» պոպուլյացիայի պահպանման խնդիրը, ապա ներկայումս աշխատանքներ են կատարվում այս ձկնատեսակն արդյունագործական քանակի հասցնելու ուղղությամբ։ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի կարծիքով, կատարվող աշխատանքների դրական արդյունքը կերեւա արդեն մոտակա տարիներին։

«Պետության կողմից նախորդ տարի հատկացվեց շուրջ 71 մլն դրամ, որպեսզի մենք գնենք համապատասխան քանակի եւ չափերի մանրաձուկ։ Մեր գործակալությունը հայտարարեց մրցույթ, եւ համապատասխան գիտական ուսումնասիրություններից հետո փորձեցինք լուծել ձկան վերարտադրության խնդիրը՝ էնդեմիկ տեսակների՝ «ամառային» եւ «գեղարքունի» իշխանների պոպուլյացիայի զարգացման առումով։ Այս տարվա համար հատկացվել է 60 մլն դրամ, եւ նախատեսվում է լիճ բաց թողնել 5 գրամից ավելի քաշով շուրջ կես մլն իշխանի մանրաձուկ»,–ասաց նա՝ «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում։

Սակայն էնդեմիկ ձկնատեսակի վերականգնման համար անհրաժեշտ է նախ ապահովել նրա բնական վերարտադրությունը, որը տեղի է ունենում գետերում։ Այդ նպատակով շուտով կառանձնացվեն արգելավայրային 7 գետեր, որտեղ պետք է իրականացվի «իշխանի» վերարտադրությունը։ Այսօր որոշ գետեր օգտագործվում են փոքր ՀԷԿ—երի կարիքների համար, գյուղատնտեսական նպատակներով, իսկ ամռանը դրանց մի մասը ցամաքում է, եւ դա չի կարող պայմաններ ապահովել «իշխանի» բնական վերարտադրության համար։ «Այդ իսկ պատճառով Գավառագետը, Լիճքը, Մարտունու գետը, Վարդենիկը, Ձկնագետը եւ այլն կդառնան այն արգելավայրային գետերը, որտեղ կիրականացվի «իշխանի» բնական վերարտադրություն։ Դրա միջոցով Սեւանա լիճը կապահովենք ձկնապաշարներով եւ անընդհատ պետությունից գումար չենք վերցնի։ Հուսով եմ, որ մոտակա 2—3 տարիների ընթացքում կունենանք արդյունագործական չափի «իշխանի» քանակություն»,–ասաց Ա. Զիրոյանը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մանրաձկան այն քանակությունը, որ լցվել է լիճը վերջին տարիներին, արդեն տեսանելի է դարձնում «իշխանի» բավականին մեծ պոպուլյացիան, ինչն ուրախալի է։ Ի տարբերություն «իշխանի»՝ «սիգն» էնդեմիկ չէ, այլ ներմուծված է, եւ այս ձկնատեսակի վերականգնման համար առաջարկվում է 3 տարվա կտրվածքով Սեւանում պահպանված ձկնատեսակների որսն արգելել (խեցգետնի որսը թույլատրվում է)։ Սակայն այստեղ խնդիր է առաջանում հատկապես «կարասի» հետ կապված, որն այդ դեպքում կարող է հասնել մեծ քանակության եւ պոպուլյացիայի «նժարը թեքել իր կողմը»։ Այդ տարիների ընթացքում պահպանությունը կիրականացվի ՀՀ բնապահպանության նախարարության, «Սեւան» ազգային պարկի, նրանց տեսչական կառույցների, Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ ոստիկանության համատեղ ջանքերով. արդեն կա միջոցառումների ծրագիր։

«Սիգ» ձկնատեսակի խնդիրը լուծելու համար առաջարկվում է նույնիսկ Ռուսաստանում որոշ քանակությամբ ձկնկիթ ձեռք բերել. դա կարող է լինել հարկադրյալ քայլերից մեկը, եթե մենք հասնենք այնպիսի ծայրահեղ վիճակի, երբ «սիգի» պոպուլյացիան սեփական ուժերով պահպանելն այլեւս անհնարին կլինի։

Ավելին, քան պետք է

«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է մինչեւ 2030 թ. լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով՝ հասցնելով այն 1903.5 մետրի, ինչի արդյունքում լիճը կամբարի 8—8.5 մլրդ խմ ջուր։ Այսինքն՝ տարեկան մոտ 20 սմ բարձրացում է նախատեսված։ Սակայն ներկայումս, հատկապես սկսած 2005 թվականից, բարձրացման տեմպերը նախատեսվածից բարձր են՝ կազմելով միջինը մոտ 37 սմ։ Դա իրականացվեց ջրի բացթողնման կտրուկ սահմանափակման շնորհիվ, հիշեցնենք, որ այսօր տարեկան լճից բաց է թողնվում 150—170 մլն խմ ջուր, ինչն անհրաժեշտ է լճին ինքնամաքրման համար, եւ այդ ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Ա. Զիրոյանի համոզմամբ՝ եթե լճի մակարդակի բարձրացման ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա նախատեսված 1903.5 մետր նիշին մենք կհասնենք ոչ թե 2030, այլ 2020 թվականին։ Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ «Ունենք բազմահեկտար վարելահողեր, որոնք դեռ չեն ոռոգվում, եւ կգա ժամանակը, երբ ստիպված կլինենք բաց թողնել 300 մլն խմ ջուր։ Այդ ժամանակ կապահովենք նախատեսված տարեկան 20 սմ նիշը, քանի որ կա պարենային անվտանգության խնդիր։ Գյուղատնտեսությունը հսկայական ջուր է խլում, եւ մենք պարտավոր ենք այդ ջուրը տալ»,–ասաց նա։

Սակայն այսօրվա դրությամբ ջրի մակարդակի աննախադեպ բարձրացումը ափամերձ տարածքների մաքրման խնդիրներ է ստեղծել։ 2005—ից մինչեւ 2008 թ. պետությունը գումար էր հատկացնում տարեկան մոտ 100 հա տարածք մաքրելու համար, ինչը քիչ էր, եւ արդյունքում մեծ քանակով ծառեր մնացին ջրի տակ։ Այն բանից հետո, երբ հանրապետության նախագահը 2009 թ. նոյեմբերին շրջայց կատարեց Սեւանում, հանձնարարեց հատկացնել մոտ 600 հա անտառի մաքրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։

Այդուհանդերձ, ըստ գործակալության պետի, այսօրվա վիճակով անհրաժեշտ է մաքրել ոչ պակաս, քան 1000 հա։ Ուստի ընթացիկ տարում նախատեսված 600 հեկտարը մաքրելուց հետո կմնա մաքրելու եւս 400—500 հա։ «Նախարարի կարգադրությամբ կազմվում է համապատասխան տեխնիկական առաջադրանք, եւ մենք պարզում ենք այն տարածքները, որոնք պետք է առաջնահերթ մաքրել, որպեսզի լիճը չճահճանա։ Թեեւ ես, որպես մասնագետ, կարծում եմ, որ ճահճացում չի կարող լինել։ Սեւանն ինքնամաքրման հնարավորություն ունի։ Ափամերձ տարածքներում կա որոշակի էկոլոգիական լարվածություն, որը մի քանի տարվա ընթացքում կլուծվի»,–ասաց նա։

Ի դեպ, մաքրման աշխատանքների արդյունքում հավաքված փայտանյութը բաշխվում է զոհված ազատամարտիկների ընտանիքներին՝ համապատասխան ցուցակով։

Իսկ նախարարությունը, անտառմաքրման աշխատանքներից զատ, վերատնկում է անտառները, եւ «Սեւան» ազգային պարկը տարեկան մոտ 50—100 հա վերատնկում է իրականացնում՝ 1905 մ—ից բարձր նիշի վրա գտնվող տարածքներում։

Ապրիլ 22, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր