ՀՀ ԳԱԱ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ. «ՁԿՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԱՅՍՊԻՍԻ ՎԱՏ ՎԻՃԱԿ ԱՄԲՈՂՋ ՍԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ»

ՀՀ ԳԱԱ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ. «ՁԿՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԱՅՍՊԻՍԻ ՎԱՏ ՎԻՃԱԿ ԱՄԲՈՂՋ ՍԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ»

ԷկոԼուր

«Ձկնային պաշարների առումով այսպիսի վատ վիճակ ամբողջ Սեւանի պատմության մեջ դեռ չի եղել, ամենավատ վիճակը մենք ունենք այսօր»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը` ապրիլի 22-ի ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում:

«Շատ կարծիքներ կան, որ սիգը վերացրեց իշխանին, այսօր էլ նույնիսկ ասում են, որ սիգի վերացումը պետք է վերագրել խեցգետնին: Դա չի համապատասխանում իրականությանը: Դա որոշ չինովնիկների ցանկությունն է` իրենց պարտականությունների վատ իրականացումը գցել բնության վրա»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Նրա խոսքերով` իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում ափամերձ գոտու վերացումն էր, որտեղ գտնվում էին իշխանի հիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողության ավելացումը: Սեւանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը` ձմեռային բախտակը եւ բոջակը, անվերադարձ կորել են համաշխարհային կենսաբազմազանության համար, իսկ գեղարքունին եւ ամառային բախտակը մնացել են ի հաշիվ արհեստական վերարտադրության:

Ըստ Բարդուխ Գաբրիելյանի, եթե 90-ական թթ. Սեւանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տոննայի էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա: 

Սեւանի էնդեմիկ տեսակներից` կողակի եւ բեղլուի վիճակն էլ այսօր բարենպաստ չէ, արդյունագործական պաշարներ գոյություն չունեն:

Անդրադառնալով խեցգետնին եւ կարասին` ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենը նշեց, որ այս տեսակները   ներմուծվել են 80-ական թթ. սկզբներին եւ սկսել են արագ բազմանալ: Ներկայումս, ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խեցգետնի պաշարները նույնպես նվազել են գերորսի պատճառով: Նվազել են նաեւ կարասի պաշարները, որոնք քիչ թե շատ լավ վիճակում էին: Մինչեւ վերջերս Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը կարասը Սեւանի համար դիտում էր որպես անցանկալի ձկնատեսակ, քանի որ նա տեղի աբորիգեն տեսակների համար մրցակից էր բազմացման և կերային առումներով: Սակայն այս վերջին տարիներին գիտնականները փոխել են իրենց վերաբերմունքը, քանի որ կարասը մնացել է միակ ձկնատեսակը, որը լճում ուտիլիզացնում է  օրգանական նյութը:

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը ՀՀ բնապահպանության նախարարությանը 8 առաջարկ է ուղարկել Սեւանի կենսառեսուրսների պահպանման, ջրի որակի բարելավման, ձկնորսության արգելման վերաբերյալ: «Նախարարությունն իհարկե, ընդունում է մեր առաջարկները, որոշումներ է ընդունում, բայց իրականացնելուց փաստորեն չի իրականացնում, ցավոք սրտի, ինչը բերում է այսօրվա վիճակին»,- ասաց Բարդուխ Գաբրելյանը:

Ապրիլ 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր