

ԷկոԼուր
«Սեւանի մակարդակի՝ տարեկան 20սմ-ով բարձրացման գրաֆիկը, որը ներկայացվել է ՀՀ նախագահին, գիտականորեն եւ տնտեսապես հիմնավորված չէ եւ կարող է ունենալ շատ բացասական հետեւանքներ»,- Էկոլուրին հայտնեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ 2009թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվեցին անհապաղ միջոցառումներ պահանջող հարցեր, մասնավորապես՝
• Սեւանի մակարդակի բարձրացման կառավարումը եւ կարգավորման գրաֆիկը
• ապօրինի կապիտալ շինություններով Սեւանի ափերի կառուցապատումը
• լճի աղտոտումը կեղտաջրերով, արդյունաբերական ձեռնարկությունների թափոններով:
Որոշ հարցեր ՀՀ կառավարությանը կներկայացվեն դեկտեմբերի սկզբին:
Հակոբ Սանասարյանը մտավախություն հայտնեց, որ պետական մակարդակով արհեստականորեն դանդաղեցվում է Սեւանի մակարդակի բարձրացումը: Նա հիշեցրեց, որ 2005թ. ՀՀ բնապահպանության նախարարությունն դիմել էր ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովին, որպեսզի դանդաղեցվի Սեւանի մակարդակի բարձրացումը եւ խոսում էր այն մասին, որ արագ բարձրացումն արդեն իսկ ունի տնտեսական եւ էկոլոգիական լուրջ հետեւանքներ: «Այսօր մենք նույնը տեսնում ենք նախագահական հանձնաժողովում, որն, ըստ իս, պետք է միայն ապահովեր Սեւանի հետ կապված բոլոր խնդիրների՝ հատկապես մակարդակի բարձրացման եւ ափերի ապօրինի շինությունների լիկվիդացիայի խնդիրների լուծման օպերատիվությունը»,- ասաց Սանասարյանը:
Կանաչների միության նախագահի կարծիքով՝ հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկված գրաֆիկը՝ տարեկան 20 սմ-ով բարձրացնելը, փոխում է լճի մակարդակը օպերատիվ կերպով բարձրացնելու ողջ հայեցակարգը: «Ես բոլորովին համաձայն չեմ ՀՀ ԳԱԱ-ի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ եւ նախագահական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ, որ մակարդակի արագ բարձրացումը վտանգավոր է լճի համար: Դա գիտականորեն հիմնավորված չէ, քանի որ կարծում եմ, որ լճի մակարդակի բարձրացման վերաբերյալ նոր գիտական հայեցակարգեր չեն առաջարկվել»,- հայտարարեց Սանասարյանը:
«Վերոնշյալ գրաֆիկի ընդունման դեպքում Արփա-Սեւան թունելի օպերատիվ վերակառուցումը կդառնա ոչ օպերատիվ նպատակ: Ինչու՞ լիճ բերել ջրի լրացուցիչ ծավալ, եթե մակարդակը բարձրանալու է ավելի արագ, քան դա նախատեսված է գրաֆիկով: Իսկ 22կմ երկարությամբ Որոտան թունելի շահագործումն ընդհանրապես անիմաստ է դառնում,- կարծում է Սանասարյանը եւ ավելացնում,- ով մոռացել է, ուզում եմ հիշեցնել, որ Սեւանի փրկության համար նախատեսված Որատանի կառուցումն ավարտվել է Հայաստանի համար ամենադժվարին օրերին ՝ ճգնաժամի ժամանակ »:
Նա նշեց, որ գրաֆիկի համար այնպիսի բացատրությունները, ինչպիսիք են, օրինակ, ափերի մաքրման համար միջոցների անբավարարությունը, հիմնավորված չեն: «Իրականում պարզապես կատարվում է այդ միջոցների ոչ ճիշտ կառավարում»,- ասում է Սանասարյանը: Որպես ասվածի հիմնավորում՝ նա ավելացնում է. «Հանձնաժողովի աշխատանքային խմբերի նիստերի եւ Սեւանա լճին նվիրված այլ պաշտոնական միջոցառումների ընթացքում բազմիցս առաջարկվել է օգտագործել տեղի բնակչության աշխատուժը, որտեղ վարձատրության փոխարեն նրանք փայտ կստանային: Սակայն այդ առաջարկությունները չընդունվեցին»:
Սանասարյանի կարծիքով՝ տեսադաշտից բաց է թողնվում գլխավորը, որ 6 մետրով մակարդակի բարձրացումն ընդամենը առաջին փուլն է, որից հետո հարկավոր է ուսումնասիրել Սեւանի էկոհամակարգի վիճակը: Եթե էկոհամակարգի չափորոշիչները չեն համապատասխանի ընդունված չափորոշիչներին, ապա մակարդակը պետք է շարունակի բարձրանալ, ինչպես դա ընդունեցին 39 գիտահետազոտական ինստիտուտները հայեցակարգի մշակաման ժամանակ (խորհրդային տարիներին):
Կարգավորման գրաֆիկի ռիսկերը.
1. լճի մակարդակը բարձրանում է բարենպաստ եղանակի եւ տեղումների շատացման շնորհիվ: Եթե պայմանները դառնան անբարենպաստ, ապա գրաֆիկը կթեքվի դեպի բացասական կողմ: Դժվար կլինի այն պահպանել:
2. Եթե երկրում անկայուն իրավիճակ լինի, ապա Արփա-Սեւան թունելը, որի միջոցով Կեչուտի ջրամբարից կարելի է Սեւան ուղարկել 250 միլիոն խմ ջուր, կարող է դադարել գործել ֆինանսական անբավարարության պատճառով: «Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք անկայուն տարածաշրջանում եւ անկայուն իրավիճակում, ինչը կարող է պահանջել բոլոր հնարավոր միջոցների ներգրավումը: Լճի մակարդակը պետք է հիմա բարձրացնել, քանի դեռ դա հնարավոր է»,- հայտարարեց Սանասարյանը:
3. Սանասարյանը կարծում է, որ ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովի գործողությունները պետք է համապատասխանեն նախագահի պաշտոնավարման ժամկետին, այլ ոչ թե 20 տարիներին (լճի մակարդակի բարձրացման ժամկետը նախորոշված է մինչեւ 2031թ.), եւ որ Սեւանի խնդիրների լուծման վերաբերյալ նախագահի դրսեւորած քաղաքական կամքը նույնպես նախորոշված է մինչեւ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը:
4. Մինչեւ նախորդ տարի Սեւանում չէր կարելի կառուցել կապիտալ շինություններ 1908մ նիշից ցածր, որը կազմվել է հետեւյալ թվերից: Առաջին՝ մակարդակի բարձրացում 6 մետրով, այսինքն՝ մինչեւ 1903,5 մ նիշը, եւ ալիքի բարձրությունը՝ մինչեւ 4,5 մ: 2006թ. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ՀՀ կառավարությանն առաջարկություն ներկայացրեց՝ փոխելու Սեւանի ալիքի բարձրությունը՝ 4,5մ նիշից հասցնելով 1,5մ-ի: Առաջարկությունը չընդունվեց: 2008թ. կառավարությունն ընդունեց այդ նույն որոշումը: Նշենք, որ այդ առաջարկությունը երկու անգամ էլ հավանության էր արժանացել Արամ Հարությունյանի կողմից, ով 2006թ. զբաղեցնում էր ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը եւ 2008թից (մինչ օրս)՝ բնապահպանության նախարարի պաշտոնը: Հակոբ Սանասարյանը նշեց, որ ալիքի բարձրության փոփոխության մասին կառավարության որոշումը 1908մ եւ 1905մ նիշերի գոտում գտնվող բոլոր կապիտալ շինություններին ազատեց անօրինականության մեջ մեղադրվելուց:
Հակոբ Սանասարյանն անհանգստություն հայտնեց Սեւանի ափերին ապօրինի շինությունների նկատմամաբ հանձնաժողովի դիրքորոշման նկատմամբ. «Առաջ հանձնաժողովը եկավ մի ընդհանուր մտքի, որ շինությունները պետք է պետականացվեն: Հետո պետք է կնքվեն վարձակալման պայմանագրեր, իսկ երբ ջուրը կհասնի շինություններին, ապա նրանց լիկվիդացիան պետք է կատարվի նրանց հաշվին, ովքեր անօրինաբար են կառուցել: Այսօր հանձնաժողովն այլ մոտեցում է ներկայացնում: Այն կայանում է նրանում, որ երբ ջրի մակարդակը կհասնի օբյեկտի սահմանին, ապա միայն այդ դեպքում է անհրաժեշտ բանակցել օբյեկտի սեփականտիրոջ հետ»:
Դեկտեմբեր 01, 2009
