

ԷկոԼուր
Բանկերը Գեղարքունիքի մարզի Արտանիշհամայնքի բնակիչներին վարկ չեն տալիս: Այս մասին ԷկոԼուրին ասացին արտանիշցիները: Բանկերը վարկ տրամադրում են միայն անասուն ունեցողներին, իսկ Արտանիշի տները նրանց համար գրավիչ չեն: «Գյուղը աշխատող է, բայց շատերը գումար չունեն, որ անասուն առնեն, իսկ տունը գրավ չեն վերցնում: Մարդիկ կանգնում են խնդրի առջև և դրա համար էլ հեռանում են երկրից»,- ասաց Արտանիշի գյուղապետի տեղակալ Ռոմելա Ղուլյանը:
Գյուղատնտեսությամբ զբաղվելը արտանիշցիների համար թանկ հաճույք է: Տեխնիկա չկա, վարձերը բարձր են, զուգահեռ` կարկուտ ու երաշտ:
«Վարուցանքը թանկ հաճույք է, շատ թանկ: 1 հա վարելու համար, սերմով բանով առնվազն 200 հազ. դրամ փողա պետք: Վերևից կարկուտն եկավ,վերացրուց …Տրակտոր չունենք, մեխանիզմ չկա..: Մի խոսքով գյուղացու կյանքը շատ ծանր է: Երբ որ ասում ենք, կարողա ապրել, բայց ապրելուն ձև կա: 47 տարի ես աշխատել եմ, այսօր ինձ 42 հազար թոշակ են նշանակել… Էսօր, որ էդ երիտասարդությունը մասսայական դուրս է գալիս, 20 տարի հետո մեզ զինվոր չի լինելու: Մեր սահամանները չգիտենք` ոնց ենք պաշտպանելու»,- ասում էին գյուղացիները:
Արտանիշցիների սոցիալական վիճակը որոշ չափով մեղմում էին «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայրը: Ըստ Ռոմելա Ղուլյանի` 758 հոգանոց Արտանիշից հանքում աշխատում է ընդամենը 43 մարդ: Գյուղացիները գոհ են: Միակ խնդիրը, ըստ նրանց, փոշին է, որը ջրով մեղմում են: Սակայն այս տարի փետրվարի 22-ին հանրության քննարկմանը ներկայացվեց «Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայր»-ի նախագիծը, որի համաձայն` հանքավայրն աշխատանքով ապահովելու է 18 մարդու: Հանքավայրի շահագործման հասարակական լսումների ժամանակ նույնիսկ «Միկա-ցեմենտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը փաստեց, որ արտադրության ծավալները պակասել են: « Ծավալները՝ մի քանի տարի առաջ հանել ենք 200 հազար տոննա, հիմա փաստորեն կրկնակի իջել են այդ ծավալները: …Մենք այսօր սահմանափակված ենք մեր ներքին շուկայով, եւ ցեմենտը չենք կարողանում արտահանել, որովհետեւ, գիտեք, Հայաստանը երկաթգիծ չունի՝ դուրս տանելու. մինչեւ Վրաստան երկաթգիծ, հետո մինչեւ ծով, ծովային տեղափոխում, եւ քանի որ երկաթգծի տարիֆները բավականին թանկացավ, փաստորեն մենք չկարողացանք, ինչից ծավալները պակասեց: Այսինքն` քանի որ ցեմենտի արտադրության ծավալը պակասեց, հանքանյութի շահագործումն էլ իջավ»,- ասաց Նաիրա Մարտիրոսյանը:
Այժմ գազի գինը թանկացավ: Ցեմենտի արտադրություններըերը գազի սպառման գործում առաջին տեղում են: Եթե հանքարդյունահանման ծավալներն ավելի կրճատվեն եւ ցեմենտի արտադրությունը դառնա անշահութաբեր, ապա ի՞նչ են անելու արտանիշցիները, որոնց հույսը ոչ թե գյուղատնտեսությունն է, այլ ցեմենտը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Մայիս 24, 2013 at 16:17
