

ԷկոԼուր
Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ մի արտասահմանյան ընկերություն մեր երկրում զբաղվում է անօրինական գործունեությամբ, եւ այդ մասին մեր պետական չինովնիկները պետք է իմանաn հասարակական կազմակերպություններից: Սա հարցերի հարցն է: Չենք կարծում, որ մեր պետական չինովնիկները չգիտեին այդ մասին, պարզապես նրանք ժամանակ են շահում: Այսպիսին է հասարակական կազմակերպությունների կարծիքը «Geoproming Gold» ընկերության անօրինական գործունեության վերաբերյալ: Այս եւ այլ խնդիրներ քննարկվեցին նոյեմբերի 17-ին` Սեւանա լճի խնդիրներին նվիրված հասարակական կազմակերպությունների եւ պատասխանատու անձանց հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշված է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի տարածած հաղորդագրության մեջ, հանդիպմանը ներկա էին ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը, հասարակական կազմակերպություններ, գիտնականներ: Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրեց Սևանում անցկացվող միջոցառումների դրական հետևանքները: Պարզվեց, որ չինովնիկները կարծում են, որ այս պահին մենք Սեւանա լճի հետ կապված խնդիր չունենք: Իսկ մյուս կողմից գիտնականներն ասում են, թե զուր եք գոռում S.O.S Սեւան:
«Էկոդար» հասարակական կազմակերպության իրավաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ հասարակական կազմակերպություններն այլ կարծիքի են: Նա բոլորին հիշեցրեց, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում «GeoProMining Gold» ընկերության գործունեությունը: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, որ իրենք, իհարկե, համաձայն են, որ ընկերությունը չունի օրինական թույլտվություն ջարդող-տեսակավորող համալիրի շահագործման համար, բայց դեռ ոչինչ չեն հասցրել ձեռնարկել այդքան ահազանգերից հետո: Սիմոն Պապյանը նաեւ նշեց, որ իրենք իրենց աչքով չեն տեսել այդ համալիրը: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հայտնեց, որ ով այնտեղ եղել է, տեսել է: Ի պատասխան Սիմոն Պապյանը խնդրեց ներկայացնել ընկերության անօրինական գործունեության մասին իրավական ապացույցներով մի նամակ: Նա հավաստիացրեց որ իրենք կազմելու են հանձնախումբ, որը մեկնելու է Սոտք եւ լուրջ զբաղվելու է այս խնդրով:
«Մենք, իհարկե, նամակը կպատրաստենք, բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ մի օտարերկյա կազմակերպություն զբաղվում է անօրեն գործունեությամբ մեր երկրում, և դրա մասին պետք է մեր պետական այրերը իմանան ՀԿ- ներից: Սա հարցերի հարցն է: Չենք կարծում, որ մեր պետական այրերը չգիտեին դրա մասին, ուղղակի ժամանակ էին շահում»,- ասված է Սիլվա Ադամյանի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը` www.aarhus.am կայքի
Նոյեմբեր 22, 2011 at 13:20
